Baikar Blue logo.png

ՔԱՆԻ ԴԵՌ ԱԶՆՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԵՆՔ`

ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՎՏԱՆԳՈՒԱԾ Է

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ,  ՊԱՏՄԱԲԱՆ, ՓՐՈՖԷՍՈՐ

 

1988 թուականին սկսուած Արցախեան ազատագրական շարժումը յանգեցրեց 1991-1994 թթ. հայ-ատրպէյճանական չյայտարարուած պատերազմի: Այն դաժան էր, անզիջում եւ սոսկ տարածքների կամ տնտեսական շահերի համար պատերազմ չէր, այլ մղւում էր լինելիութեան, գոյութեան իրաւունքի համար: Ու թէեւ այդ պատերազմը 1994 թ. կնքուած Բիշկեկեան զինադադարով դադարեցուեց, սակայն չաւարտուեց, այլ ժամանակաւորապէս առկախուեց: Իսկ կողմերից իւրաքանչիւրն այն ընկալեց ու մեկնաբանեց իւրովի, ինչպէս իրեն էր ձեռնտու եւ յարմար:

Հայաստանը համարեց, որ ինքն յաղթել է, սակայն ոչինչ չարեց պատերազմի արդիւնքներն ամփոփող փաստաթուղթ վաւերացնելու ուղղութեամբ: Աւելին, յաղթանակից ու ժամանակաւոր յաջողութիւններից հարբած` մոռացաւ պատերազմն էլ, հաշտութեան փաստաթուղթ ունենալն էլ: Արդիւնքում` մենք ո՛չ իրական յաղթանակ ամրագրեցինք, ո՛չ էլ յաղթանակի օր ունեցանք: Շուշիի գրաւման, Հայրենականում տարած յաղթանակի ու Պաշտպանութեան բանակի ստեղծման օրերի համընկնումով Մայիսի 9-ը ԵՌԱՏՕՆ յայտարարեցինք ու հարցը փակուած համարեցինք: Ամէն տարի էլ հրճուանքով տօնում էինք, խորիմաստ ու փաստահարուստ յօդուածներ գրում (այդպիսիք ինքս էլ եմ գրել), հիւթալի ու սնապարծ բաժակաճառեր արտասանում: Մենք մեզ հաւատացրել էինք, որ թուրքը վախկոտ է, կռուից խուսափող եւ յաղթողի հոգեկերտուածքով ու հնարովի ժողովրդավարութիւն խաղալով հանգիստ ապրում էինք:

Ատրպէյճանում բոլորովին այլ գործընթաց էր տեղի ունենում: Նախ` հասարակութեան բոլոր շերտերին ամենակրտսեր տարիքից սկսած թշնամանք եւ հայատեացութիւն էր սերմանւում: Այնուհետեւ, երբեք չհաշտուելով պարտութեան ու տարածքային կորուստների հետ, դիւանագիտական եւ մնացեալ բոլոր ասպարէզներում շարունակական աշխատանք էր տարւում յօգուտ ՙտարածքային ամբողջականութեան՚ բացարձակապէս իրենց ձեռընտու թեզի ճշմարիտ լինելու համար: Ոչինչ չէր խնայւում երիտասարդ սերընդին աշխարհի յայտնի համալսարաններում կրթութեան ուղարկելու ուղղութեամբ: Իսկ ամենակարեւորն այն էր, որ ամէն օր ու ժամ մարզւում եւ կատարելագործւում էր բանակի անձնակազմը, զինւում ամենաժամանակակից զինատեսակներով: Այդ ամէնին զուգընթաց մշտապէս սերմանւում էր վրէժի, հայերի կողմից ՙբռնազաւթուած՚ տարածքներն ազատագրելու եւ իրենց պայքարն արդարացի լինելու անհրաժեշտութեան գաղափարները: Աւելին, մանր-մունր գործողութիւններով, ապրիլեան քառօրեայով-բանով էլ պարբերաբար իրականացւում էին հայերի զգօնութեան աստիճանն ու նոր ձեռքբերումների եւ ունեցած հնարաւորութիւնների ստուգման գործողութիւններ:

Այս ամէնի արդիւնքում ունեցանք 44-օրեայ պարտութիւնը բոլոր առումներով: Միակ բացառութիւնն այդ պատերազմում թերեւս այն էր, որ մեր զինուորը չպարտուեց, այլ հերոսաբար եւ երբեմն դոնկիխոտեան մեթոտներով կռուեց մինչեւ արեան վերջին կաթիլը: Իսկ այսօր…

Սովորաբար բոլոր ժամանակներում պատերազմի իրական մասնակիցները, իսկապէս կռուածները պատերազմից չեն խօսում (հայրս ու նրա 7 եղբայրներն անցել էին Հայրենականի բոլոր փուլերով, բայց այդ մասին երբեք ու ոչ մի բառ չէին խօսում), որովհետեւ այն շատ դաժան բան է: Իսկ վախեցածներն ու մորթապաշտները գիշեր-ցերեկ հերոսութիւններ են պատմում: Այդպէս պատմելով էլ եկանք հասանք 2020-ի Նոյեմբերի 9-ի յայտարարութեանը եւ դրանում արձանագրուած մեզ համար խիստ ցաւալի իրողութիւններին: Գործընթաց, որ դեռ շարունակւում է, ու Աստուած գիտի թէ դեռ որքան ցաւաշատ իրադարձութիւնների ականատեսները կը լինենք: Իսկ ինչու՞: Համոզուած եմ` մէկ պատճառով. որովհետեւ կորցրել ենք եւ չունենք մեր ազգային ընտրանին կամ ազնուականութիւն կոչուած եւ պետականութեան համար խիստ անհրաժեշտ երեւոյթը: Իսկ ինչ ասել է ազնուականութիւն: Ի հարկէ, այս բառի բազմատեսակ մեկնաբանութիւններ կան եւ միմեանցից շատ տարբեր ընկալումներ:

Պատմականօրէն նախորդ դարերի ընթացքում ձեւաւորուած խոշոր հողատեր արիստոկրատիան եւ մանր ու միջին կալուածատէրերը հասարակութեան տիրապետող արտօնեալ խաւն էր, ազնուականութիւնը, որն իր կատարելութեանը հասաւ աւատատիրութեան դարաշրջանում: Հայաստանում ազնուականութեան տնտեսական քաղաքական հիմքը հողատիրութիւնն էր, որը ամրագրւում էր համապատասխան տիտղոսներով` թագաւոր, իշխան եւ այլն: Տարբեր ազգերի մօտ ազնուականութիւնը տարբեր անուններով է կոչուել` կոմս, դուքս, հերցոգ եւ այլն: Հայաստանում աշխարհիկ ազնուականութեան վերնախաւը վաղ աւատապետական ժամանակաշրջանում կազմել են բդեշխները, նախարարները կամ աւագ սեպուհները, որոնց հիմնական յատկանիշներն են եղել նրանց տարածքային հզօրութիւնը` հիմնուած հողի աւատատիրական սեփականութեան վրայ, ՙազնուազարմութիւնը՚` օժտուած ժառանգական արտօնութիւններով եւ տոհմի հնութիւնը: Շնորհուել է նաեւ արքայի կողմից` հաւատարիմ ծառայութեան համար: Ազնուական ընտանիքի անդամներն ստացել են յատուկ դաստիարակութիւն (հիմնականում` ռազմական) եւ կրթութիւն, ապրել շքեղութեան ու վայելքների մէջ:

Արշակունիների թագաւորութեան շրջանում (1-428թթ.) ազնուականութեանը բնորոշ է եղել դասային աստիճանակարգը եւ կրտսերի կախուածութիւնն աւագից: Արքայից յետոյ ազնուականութեան վերնախաւը կազմել են բդեշխները, նախարարներն ու հոգեւորական բարձր պաշտօնեաները, որոնք իրենց հզօրութեանն ու դիրքին համապատասխանող ՙգահերը՚ կամ բարձերն են ունեցել արքունիքում (հոգեւորականները` վեհարանում): Կրտսեր կամ մանր ազնուականները կոչուել են ազատներ, սեպուհներ, ոստանիկներ, որոնք վասալական կախուածութիւն են ունեցել (ՙծառայութիւն՚) խոշորներից: Աշխարհիկ ազնուականութիւնը արքայի հանդէպ կատարել է զինուորական եւ քաղաքացիական ծառայութիւն, նրան տրամադրել է իր զինուժն ու ամրութիւնները, վարել որոշակի պետական պաշտօն: Հայ աշխարհիկ ազնուականութիւնը գերազանցապէս զինուորական դաս էր, եւ նրանից էր կազմւում ազատազօրքը: Բարձր ազնուականութիւնն իր տիրոյթների սահմաններում եղել է անձնիշխան, ունեցել է սեփական զօրք, դրօշ, վարչական նորմեր եւ այլն:

Մարզպանական Հայաստանի ազնուականութիւնը գրեթէ պահպանեց իր իշխանական բոլոր իրաւունքները եւ նոյն վասալական ծառայութիւնը կատարում էր Սասանեան արքաների հանդէպ: Պարսից արքաներ յազկերտ II-ի (438–457) եւ պերոզի (457–484)` հայ ազնուականութեան ինքնավարութիւնն ու արտօնութիւնները փոփոխութեան ենթարկելու փորձերը, կոշտ դիմադրութեան հանդիպելով, խափանուեցին եւ Վաղարշ թագաւորը հարկադրուած եղաւ նուարսակի պայմանագրով (484) ճանաչել հայ ազնուականութեան տոհմիկ իրաւունքները:

387 թ. Հայաստանի առաջին բաժանումից յետոյ բիւզանդական մասի հայ ազնուականութեան արտօնեալ վիճակն ու ժառանգական իրաւունքը վերացնելու հիմքը դրեց Զէնոն կայսրը (474–491): Յուստինիանոս I –ն էլ 529 թ. յատուկ հրովարտակով արեւմտեան Հայաստանում բիւզանդական զօրակայան ստեղծեց եւ հայ ազնուականութեանը զրկեց զօրք պահելու աւանդական իրաւունքից: Այնուհետեւ նա 536 թուականի հրովարտակով հայ նախարարների տան բոլոր անդամներին (թէ՜ սեպուհներին, թէ՜ կանանց) հայրական կալուածների ժառանգման իրաւունքներ տուեց, որի նպատակն էր մանրատել խոշոր ազնուականութեան կալուածատիրական ամբողջութիւնը, նրա հզօրութեան տնտեսական հիմքը:

8րդ դարից տարածաշրջան ներխուժած արաբներն էլ իրենց տիրապետութիւնը Հայաստանում ամրապնդելու համար վարում էին հայ ազնուականութեան եւ նրա զինուորական ուժերի ոչնչացման քաղաքականութիւն: 705 թ. նրանք ռոճիկ վճարելու պատրուակով շուրջ 800 մեծատոհմիկ ազնըւականների իրենց զօրքերով հանդերձ խաբէութեամբ հրաւիրում են նախճաւան եւ բոլորին կոտորում: Իսկ 725-ի արաբական ՙաշխարհագրից՚ յետոյ էլ վերացուեցին հայ ազնուականութեան նախկին արտօնութիւնները. նրանք եւս հարկահանւում էին իրենց ունեցած անասունների եւ հողատարածութիւնների համեմատ: Հետզհետէ քայքայուող շատ ազնուականներ VIII դարում գաղթում էին Բիւզանդիոն եւ համալրում կայսերական բանակի եւ իշխող քաղաքական դասի շարքերը: Դրա հետեւանքով բիւզանդական 30 կայսրեր, հարիւրաւոր բարձրաստիճան զօրահրամանատարներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ ու արուեստագէտներ սերուած էին հայազգի ազնուականութիւնից: Հայրենի տիրոյթներին կառչած հայ ազնըւականների որոշ մասն էլ աշխատում էր յարմարուել արաբ տիրապետողներին: Համակերպուողներից ոմանք կրօնափոխւում էին, ոմանք էլ` ընդունում արաբական անուններ: Հին ազնուական տներից համեմատաբար պահպանուեցին բագրատունիները, արծրունիները եւ սիւնիները, որոնք 9րդ համատեղ ուժերով փորձում էին վերականգնել ոչ միայն իրենց վաղեմի իրաւունքներն ու արտօնութիւնները, այլեւ երկրի պետական անկախութիւնը: Ամենաակտիւը Բագրատունիներն էին, որոնք ձգտում էին տէր դառնալ Հայաստանի բարձրագոյն պաշտօններին (Հայոց իշխան, սպարապետ) եւ Աշոտ Ա–ի գլխաւորութեամբ 885 թ. վերստեղծեցին հայկական պետականութիւնը:

Նոր թագաւորութիւնում վերականգնուեցին ազնուականութեան նախկին բոլոր իրաւունքները, գահերէցութեան կարգն ու վասալական կախուածութիւնը: Սակայն 10րդ դարում Բագրատունիների պետութիւնը մասնատւում է: 11րդ դարում էլ Բիւզանդիան, այնուհետեւ սելջուկ–թուրքերը նուաճում են Հայաստանը, կործանում նրա պետականութիւնը եւ պարբերաբար վարում հայ ազնուականութեան ոչնչացման ու նրա կալուածների բռնագրաւման քաղաքականութիւն: Երկրում ստեղծուած անտանելի կացութեան հետեւանքով հայ ազնուականութիւնը զանգուածօրէն սկսեց արտագաղթել Կիլիկիա, ուր Ռուբինեանների հիմնած իշխանութիւնը գոյատեւեց 300 տարի (1080-1375): Այստեղ նպաստաւոր պայմաններ ստեղծուեցին հայ ազնուականութեան բարգաւաճման համար, բայց հետագայում պետականութեան կորցընելուն զուգընթաց անհետացաւ նաեւ ազնուականութիւնը:

Սակայն նրանց որոշ առաւիղներ պահպանուեցին Զէյթունում, Արցախում, Վասպուրականում եւ այլ վայրերում: Հէնց այդ պահպանուած յետնորդներն էլ իրենց շարունակական պայքարի ու հերոսական պահուածքի շնորհիւ կենդանի պահեցին ու սերունդներին փոխանցեցին պետականութեան գաղափարը հետագայ բոլոր ժամանակներում: Այդ հայրենանուէր գործի ակունքներում մշտապէս կանգնած էր ազնուականութիւնը, քանի որ ա) բնիկ նախարարների այդ տոհմերն էին, որ կազմում էին ազատների ու քրմական դասերը եւ ժառանգաբար իրականացնում էին աշխարհիկ ու հոգեւոր իշխանութիւնը, բ) ազնուականը նախաստեղծ բանական մարդկանց ժառանգն է, ով պահպանել է ցեղի արեան մաքրութիւնը, արարչատուր կարգը, օրէնքը, ապրելակերպը, գ) ազնուական լինելը ոչ թէ կոչում է, տիտղոս կամ վաստակ, այլ` ծննդեան վկայական, դ) այդ տոհմը բարոյականութեան բարձրագոյն չափանիշների կրողն էր, է) այդ տոհմի պատանիների համար գոյութիւն ունէր յստակ կրթադաստիարակչական համակարգ, որի միջոցով նրանք ստանում էին աշխարհիկ եւ հոգեւոր իշխանութեան իրակացմանն անհրաժեշտ գիտելիքները, զ) բնիկ, զտարիւն ազնուական տոհմերն էին կազմում Հայ Ազգը, է) Հայ ազգային մշակոյթը ստեղծողները ազնուականութեան քրմական դասն էր, որը ոչնչացուեց 4-րդ դարում, իսկ ազատները հիմնականում ոչնչացուեցին 4-12-րդ դարերում:

Այսօրուայ Հայաստանում, ցաւօք, չկայ ու դեռ չի ձեւաւորուել այդ դասը, իսկ դա նշանակում է, որ մեր պետականութիւնը շարունակում է վտանգուած մնալ եւ կը մնայ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ձեւաւորուել: Աւելի վտանգաւոր է, որ երբեմն էլ ազնուական են ինքնակոչւում այդ հասկացութեան մասին անգամ իրական պատկերացում չունեցող մարդիկ: Այդ պատճառով էլ տեղի են ունենում իրադարձութիւններ, որոնք իրատեսական լինելուց շատ հեռու են եւ ով ինչ ու ինչի մասին ասես խօսում է: Իսկ աւելի յաճախ մեր հասարակութեանն ինչ պատահի մատուցում են որպէս բացարձակ ճշմարտութիւններ, երբեմն էլ` փորձում տեղայնացնել օտարներին պատկանող գաղափարներ: Օրինակ` ինչպէս իրաւամբ նշում է ՙԿասպեան հետազօտութիւնների կենտրոնի՚ տնօրէն, քաղաքագէտ Սերգեյ Միխէեւը, երեւի քչերը գիտեն, որ առաջին անգամ ՙպողպատեայ կառավարման՚, այսպէս կոչուած գաղափարը, առաջացել է Թուրքիայում` յեղաշրջումից յետոյ: Եւ մեղմ ասած մերօրեայ վարչախմբի որդեգրած ՙպողպատեայ յեղափոխութիւնը՚ մաքուր թուրքական ծագում ունեցող գաղափար է, որով մոլորութեան մէջ են գցել մարդկանց: Մարդիկ էլ, ինչպէս երեւում է, դէմ չեն խաբուած լինելուն: Յուսանք, որ ամենամօտ ապագայում կ'ունենանք այդ ամէնն աստիճանաբար կը շտկուի եւ, որ ամենակարեւորն է, վերջապէս կը ձեւաւորուի հայ ազնուականութիւնը, որը բոլոր ժամանակներում պետականութեան գլխաւոր գրաւականն է:

Երեւան