Baikar Blue logo.png

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՅԱՅՏԱՐԱՐՈՒԱԾ

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԷՋ

ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ

 

Հայաստանի սահմանների երկայնքում բռնութիւնը շարունակում է սաստկանալ: Ոտնձգութիւնները սկսեցին Մայիսի 12-ին, երբ ատրպէյճանական զօրքերը մտան Սիւնիքի շրջան, ուր մօտ հազար զինուորներ շրջապատեցին Սեւ լիճը եւ դեռ մնում են այնտեղ խախտելով Հայաստանի ինքնիշխան պետութեան կարգավիճակը: Հայկական կողմի բողոքները ոչ մի արդիւնք չտուեցին: Ընդհակառակը` դրանք նոյնիսկ խրախուսեցին Ատրպէյճանի բռնատէր Իլհամ Ալիեւին դիմելու նոր ոտնձգութիւնների` հրահրելով բռնարարքներ այս անգամ Գեղարքունիքի շրջանում:

Իսկ վերջերս հակամարտութիւնները տեղափոխուել են Երասխ, Երեւանին մօտիկ, ուր հայկական կողմը կորուստներ է տուել եւ մէկ ատրպէյճանական ԱԹՍ խփուել:

Այս բոլոր ռազմական առճակատումների ետին քաղաքական պայքար է գնում Ատրպէյճանի եւ միջազգային հանրութեան միջեւ: Վերջինս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներն են, որոնք գտնում են, որ ղարաբաղեան հարցն աւարտուած չէ, որ պէտք է վերջնականապէս որոշուի Ղարաբաղի քաղաքական եւ իրաւական կարգավիճակը ի հակասութիւն Ալիեւի պնդումների, որ ուժային միջոցներով արդէն լուծուել է հակամարտութիւնը, եւ կարգավիճակի հարց գոյութիւն չունի:

Նախագահ Ալիեւը Հայաստանից պահանջում է ստորագրել խաղաղութեան նուաստացուցիչ մի պայմանագիր, որով զրկում է նրան որեւէ յաւակնութիւն ներկայացնել Ղարաբաղի վերաբերեալ: Դրա նպատակն է կանխարգելել կարգաւորման ջանքերը ԵԱՀԿ Մինսքի խմբի, որն ամբողջ ժամանակ կանգնած է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու իր որդեգրած սկզբունքների վրայ: ԵԱՀԿ-ի խմբի համանախագահները Ապրիլի 13-ին յայտարարութեամբ կոչ էին արել կողմերին վերսկսել բանակցութիւնները, բայց ոչ մի քայլ այդ ուղղութեամբ չէր կատարուել: Նրանք Յուլիսի 29-ին երկրորդ անգամ կոչ արեցին, որն ողջունուեց Հայաստանի արտգործնախարարութեան կողմից: Այս անգամ նրանք կողմերից պահանջում էին թուլացնել լարուածութիւնը, հրաժարուել սադրիչ գործողութիւններից եւ հռետորաբանութիւնից, եւ գործադրել Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնութեան դրոյթների պահանջները:

Եթէ բանակցութիւնները վերսկսեն ԵԱՀԿ Մինսքի խումբը ստիպուած է լինելու մշակել օրակարգի մեծ քանակութեամբ նոր հարցեր, որոնք Ատրպէյճանն իր գործողութիւններով առաջադրել է: Այդ պատճառով էլ Ղարաբաղի հարցը վերջում է քննարկուելու, որովհետեւ Բաքուն թէժացրել է կացութիւնը` հրաժարուելով ազատ արձակել ռազմագերիներին, կեղծ դատավարութիւններ կազմակերպելով, հրադադարից մինչ օրս մօտ 60 հայ զինուորներ սպաննելով եւ անգամ հողային պահանջներ ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան հանրապետութեանը:

Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը վերջերս Նիկոլ Փաշինեանին հրաւիրեց Մոսկուա շտապ խորհրդակցութիւններ անցկացնելու եւ նրանից խնդրելու, որ ՙցաւագին զիջումների՚ գնայ:

Հետաքրքրական է իմանալ, թէ զիջումներն, ի վերջոյ, աւարտ ունենալո՞ւ են, այն բանից յետոյ, երբ պատերազմում հայկական կողմը հինգ հազար զոհ տուեց, ունեցաւ 10 հազար վիրաւոր զինուոր եւ կորցրեց Ղարաբաղի 75 տոկոսը: Ըստ երեւոյթին, խօսքը Զանգեզուրի միջանցքի մասին է, որ Փաշինեանը պնդում է, թէ քննարկման նիւթ չէ, իսկ Ալիեւը դրան հետամուտ է լինում իր բոլոր յայտարարութիւններում:

Ի դէպ, նախագահ Փութինը Փաշինեանին հանդիպելուց յետոյ խօսել է նաեւ նախագահ Ալիեւի հետ, որին շնորհակալութիւն է յայտնել ՙլուծումներ կամ զիջումային տարբերակներ գտնելու՚ համար:

Քաղաքական այս կեղծ բարեպաշտութիւնը բխում է այն փաստից, որ Ալիեւը դեռ չի ստորագրել Ատրպէյճանի տարածքում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայելու մանդատը: Այդ պատճառով էլ այդ ուժերի ներկայութիւնը չափազանց փխրուն իրաւական հիմքերի վրայ է, եւ Ալիեւը որեւէ ժամանակ կարող է դուրս հրաւիրել նրանց առանց սպասելու, որ աւարտի նրանց հնգամեայ ժամկէտը:

Փաշինեանը խնդրել էր, որ ռուս վերահսկող զինուորների խումբը տեղակայի Հայաստանի սահմաններում, բայց նրա խնդրանքը մերժուեց: Աւելին, Ռուսաստանի խորհրդարանում ԱՊՀ-ի հարցերով զբաղուող յանձնախմբի նախագահ Լէոնիտ Քալաշնիքովը նրան յանդիմանեց ասելով. ՙԱպահովութեան նման հարցերը յաճախ լռելեայն են վճռւում: Մամուլի ներկայութեամբ յայտարարութիւնները սովորաբար արւում են, երբ կարիք է զգացւում քաղաական միաւորներ վաստակել կառավարութիւնում կամ այլ կառոյցում ինքնահաստատման համար՚:

Այդուհանդերձ, Փաշինեանի խնդրանքը անուշադրութեան չմատնուեց, եւ Ֆրանսիան արձագանգեց: Երեւանում Ֆրանսիայի դեսպան Ճոնաթան Լաքոթը Ազատութիւն ռատիոյին տուած հարցազրոյցում առաջարկեց իր երկրի զինուորական աջակցութիւնը տրամադրել պաշտպանելու համար Հայաստանի սահմանները: Այս յայտարարութիւնը լուրջ քննարկման նիւթ դարձաւ լրատուամիջոցներում եւ վերլուծական լսարաններում, եւ յոյսեր արթնացրեց: Բայց բոլոր քաղաքական մեկնաբաններն ու փորձագէտները անտեսեցին առաջարկութեան հետ կապուած պայմանները, քանի որ Հայաստանն ու Ֆրանսիան տարբեր դաշնակցութիւնների են անդամակցում եւ այդ օգնութիւնից օգտուելու համար Հայաստանը պարտաւոր է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Բացի դրանից ֆրանսիական ռազմական ներկայութիւնը կարող է տեղի ունենալ միայն ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդից համապատասխան մանդատ ստանալու պարագայում, որը դժուար է ձեռք բերել:

Քառասունչորսօրեայ պատերազմի թեման հանուել էր ՄԱԿ-ի օրակարգից Ռուսաստանի կամ Չինաստանի վետոյի հետեւանքում: Առայժմ դեռ պարզ չէ ՙկոնկրետ՚ ո՞ր երկրի, այնպէս որ դժուար է պատկերացնել, թէ ողբերգութեան հետ կապուած որեւէ հարց հետագայում տեղ կը գտնի այդ կազմակերպութեան օրակարգում: Մնում է, որ Հայաստանն ու հայերը շնորհակալութիւն յայտնեն Ֆրանսիային իր տեսական առաջարկի համար:

Բանակցութիւնների ձախողման պատճառը պէտք է փնտռել միջազգային յարաբերութիւններում ստեղծուած անելանելի կացութեան մէջ: ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի կամ ՄԱԿ-ի կողմից ներկայացուած որեւէ առաջարկ դիտարկւում է որպէս սպառնալիք ուղղուած Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կայացած շտապ կարգադրութիւններին:

Արեւմուտքին ուղղուած Հայաստանի կոչերը Պաքուի համար դարձել են Կրեմլ վախեցնելու իր մարտավարութեան գործիքներ: Ալիեւը Ռուսաստանին զգուշացնում է, որ Հայաստանն իր այդ քայլերով նպաստում է տարածաշրջանում արեւմտեան ազդեցութեան ընդարձակմանը:

Մեկնաբանելով իրադրութիւնը վերլուծաբան Փաւել Տալլաքեանը գրում է. ՙՄոսկուան Պաքուին է սպառնում Երեւանով, իսկ Պաքուն, իր հերթին, սպառնում է Մոսկուային Երեւանով: Իսկ Երեւանը պարտաւոր է ինքն իրենից չվախենալ՚:

Ռուսաստանի ձախողումը ի կատար ածելու Նոյեմբերի 9-ին յայտարարւած հրադադարի իր բաժինը եւ անկարողութիւնը կատարելու իր պայմանագրային պարտաւորութիւնները ՀԱՊԿ-ի եւ Հայաստանում տեղակայուած իր ռազմաբազայի միջոցով չեն կարող առանձին վերցրած բացատրել այն, ինչ տեղի է ունենում հայ-ատրպէյճանական սահմանում: Կան առաւել ՙգլոբալ՚ ռազմագիտական զարգացումներ, որոնք սպառնում են Ռուսաստանի գոյութեանը: Խօսքը թուրանա-մահմետական կայսրութեան առաջացման մասին է, որ Թուրքիան ծրագրում է, իսկ Արեւմուտքն էլ խրախուսում:

Թուրքիան ոչ մի հիմնաւորում չունէր միանալու Ռուսաստանին` Ատրպէյճանում ՙՄոնիթորինկի կեդրոնի՚ կազմաւորմանը, բայց Մոսկուան ընդառաջ գնաց այդ պահանջին, որպէսզի ճանապարհ հարթի տեղակայելու իր խաղաղապահ ուժերը: Թուրքիան, միւս կողմից, Քրեմլից թոյլտուութիւն չխնդրեց իր զօրքերը Նախիջեւան մտցնելու համար, մինչդեռ Մոսկուան, որպէս 1921 թուի Կարսի պայմանագիրը ստորագրողի, պատասխանատուութիւն էր կրում այդ էքսկլաւի հանդէպ: Ռուսաստանի լռութիւնը տարածաշրջանում Թուրքիայի ՙակրեսիւ՚ դերակատարութեան եւ Ատրպէյճանի ռազմատենչ գործողութիւնների նկատմամբ աղէտաբեր ազդանշան է իր իսկ թուլութեան: Այս ՙկոնտեքստում՚ Ադամ Շիֆի յայտարարութիւնը յոյսի նոր դուռ է բացում Հայաստանի առաջ: Նա նշեց, որ Հայստանը մեծապէս կախեալ է Ռուսաստանից, ՙուստի ես ցանկանում եմ էլ աւելի սերտացնել հայ-ամերիկեան յարաբերութիւնները, որպէսզի Հայաստանը դառնայ աւելի անկախ ինչպէս տնտեսական, այնպէս էլ ապահովութեան տեսակէտից՚:

Սակայն, ժամանակն աւելի արագ է ընթանում, քան այս զարգացումները, եւ Թուրքիան այնպիսի իրողութիւններ է ստեղծում, որոնք անշրջելի են թւում:

Նախ, նախագահ Էրդողանն այցելեց Շուշի, որտեղ նախագահ Ալիեւի հետ ստորագրեց մի յայտարարութիւն, որի բովանդակութիւնը շատ աւելի վտանգաւոր է, քան երեւում է առաջին հայեացքից:

ՙՇուշա-ի յայտարարութիւնը՚ հիմքը դրեց ստեղծելու դաշնակցային (ֆետերալ) մի պետութիւն ՙմէկ ժողովուրդ, երկու պետութիւն՚ կարգախօսի ներքոյ: Սա նշանակում է, որ Ալիեւը թոյլ է տալիս Թուրքիային կլանելու երկիրը նաւթահորերի եւ տնտեսական հնարաւորութիւնների իր ամբողջ պաշարով:

Էրտողանի այցելութեանը հետեւեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շէնթոփի այցը: Նա յայտարարեց, որ Ատրպէյճանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել թուրքական մի բանակ` ի յաւելումն այն ռազմաբազայի, որ նախագահ Էրտողանը նշել էր աւելի վաղ:

Թուրքական բանակ ստեղծելու այս ծրագիրը պէտք է դիտարկել Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարի Կեդրոնական Ասիա կատարած յաճախակի այցելութիւնների կոնտեքստում: Այդ տարածաշրջանի երկրները իրենց նաւթադոլարներով թուրքական ռազմամթերք են գնում, իսկ զինուորները վերապատրաստւում են թուրք սպաների կողմից: Եթէ որեւէ մէկը դեռեւս կասկածում է պանթուրանական կայսրութեան ստեղծման հնարաւորութիւնների մասին, պէտք է հաշուի առնի այս գործողութիւնները եւ յանգի համապատասխան եզրակացութիւնների:

Նմանատիպ գործողութիւնները, անշուշտ, նախապատրաստական մարտահրաւէրներ են ուղղուած Ռուսաստանի եւ իր ազդեցութեան տակ գտնուող տարածքների դէմ: Վերջնական նպատակը Ռուսական դաշնութեան փլուզումն է եւ հարաւում թուրքական գօտու ստեղծումով շրջափակել նրա առաջխաղացումը: Էրտողանի աշխատակազմի ղեկավար Իպրահիմ Քալինն արդէն զգուշացրել է, որ պայթեցնելու է Ռուսաստանը ներսից, զինելով այնտեղ բնակուող 25 միլիոն մահմետականներին: Նման գլոբալ պատերազմական հնարաւոր իրավիճակի պայմաններում առաջին տուժողները լինելու են (եւ դա ապացուցուած է) Հայաստանի նման երկրները:

Թւում է, թէ Ռուսաստանը անզօր հետեւում է իր սահմաններում ընթացող այս զարգացումներին: Դա ակնյայտ է դառնում Քրեմլից ստացուած հաղորդագրութիւններից: Յունիսի 18-ին, օրինակ, Ռուսաստանի նախագահի մամլոյ քարտուղար Տմիթրի Փեսքովը նշեց, որ Քրեմլը ուշի-ուշով հետեւում է Ատըրպէյճանում թուրքական ռազմաբազայ ստեղծելու տեղեկութիւններին: Ըստ իրեն, Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցում է ՙկայունացնելու համար կացութիւնը Անդրկովկասում՚:

Եթէ Ռուսաստանի եւ ապագայ թուրանական կայսրութեան միջեւ հնարաւոր հակամարտութիւնը հեռաւոր խնդիր է մնում, ապա Ատրպէյճանն ու Փաքիստանը արդէն իսկ իրենց սպառնալիքն են հասցրել Հայաստանի սահմաններին: Թուրքիայի եւ Ատրպէյճանի Ազգային ժողովի նախագահներին միացել էր նաեւ Փաքիստանի ԱԺ նախագահ Ասատ Քայզերը, որ նոյնպէս ստորագրել էր Պաքուի յայտարարութիւնը: Այդ առիթով Ատրպէյճանի ԱԺ նախագահ Սահիպաէ Կաֆարովան յայտարարել էր, որ ՙԶանգեզուրի միջանցքը դառնալու էր նոր միաւորող ճանապարհ եղբայրական Փաքիստանից ձգուելով դէպի Թուրքիայ եւ Ատրպէյճան՚:

Այնպէս որ Զանգեզուրը որպէս պատերազմական աւար ծառայելու է ոչ միայն Թուրքիային եւ Ատրպէյճանին, այլեւ Փաքիստանին, որ իր ջիհատիսթների անկախ ջոկատներով եւ օդուժով գործուն մասնակցութիւն էր ունեցել 44-օրեայ պատերազմում: Զանգեզուրին մասնակից դառնալու դէպքում, Փաքիստանն իր միջուկային ռումբերն է տրամադրելու եռամիապետերին:

Պաքուի յայտարարութիւնը Հայաստանին է մեղադրում Ատրպէյճանից ականապատուած տարածքների քարտէզները ձեռք բերելու մէջ եւ շնորհաւորում է Ատրպէյճանին ՙՀայաստանի տիրապետութիւնից՚ ազատագրելու համար իր սեփական տարածքները: Ակնյայտ է, որ Ատրպէյճանի սահմանային ներխուժումների ետեւում հսկայական աշխարհամարտավարական մի կառոյց է կազմաւորուել, որ պաշտպանում է Ալիեւի ամբարտաւանութիւնները:

Երբ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմեց Ատրպէյճանի նախայարձակումը զըսպելու խնդրանքով, խնդրանքը մերժուեց, իսկ ներխուժումները նուազեցուեցին ՙսովորական սահմանային միջադէպերի՚:

Հայաստանի վերջին յոյսը ԵԱՀԿ-ի նախաձեռնութիւնն է: Ամերիկայի պետքարտուղարութիւնը միանալով Ֆրանսիային վերջերս կողմերին դարձեալ կոչ արեց վերսկսել բանակցութիւնները ԵԱՀԿ Մինսքի խմբի հովանու ներքոյ: Ալիեւը դանդաղում է արձագանգել վերոնշեալ պատճառներով: ԵԱՀԿ-ի դիրքորոշումը նոյնն է. գտնել բանակցային կարգաւորում եւ սահմանել Ղարաբաղի կարգավիճակը, մի պահանջ, որ Ալիեւը մերժում է կտրականապէս: Հայաստանը պէտք է շարունակի պահանջել, որ Ատրպէյճանը պատասխանատըւութեան ենթարկուի ոյժի գործադրումով խախտելու համար ԵԱՀԿ-ի սկզբունքներից մէկը: Տեսականօրէն Հայաստանը դեռ յոյս ունի վերագրաւելու Ղարաբաղը, բայց տարածաշրջանի երկնակամարում կուտակուող փոթորկալից ամպերը դժուար թէ այդ նպատակը իրագործելի դարձնեն:

Անգլ. թարգմ. ՅԱԿՈԲ ԾՈՒԼԻԿԵԱՆԸ

Nor Baderazm.jpg