Baikar Blue logo.png

ԵՐԲ ԿԱՑԻՆԻՆ ԿՈԹԸ ՄԵԶՄԷ Է ...

Կարծէք Հայաստանի մէջ յառաջացած բեւեռացումը բաւարար չըլլար պառակտելու հայ ժողովուրդը, աւելի դժուարացնելով երկրին վերականգնումը` հիմա ալ Հայաստանի այդ ներքին կռիւները սկսած են արտահանուիլ մինչեւ Յունաստան:

Նախ զարմանալի է որ Յունաստանի նման բարեկամ երկրի մէջ գոյութիւն ունին հրատարակութիւններ որոնք նացիներու կը նմանցնեն Հայաստանի վարչապետը: Սակայն պարզ է թէ Յունաստանի մէջ նման սադրանք կատարողը թելադրուած է Հայաստանի մէջ գործող տարրերէն, ինչպէս կը մատնանշէ նամակագիր Յովսէփ Քասէսեան իր գրութեան մէջ:

Քոչարեանական շրջանակի մէջ գործող դաշնակցական ներկայացուչները անհաւատալի ցոյց մը կազմակերպած էին նաեւ Եւրոպական Միութեան ներկայացուցիչ Շարլ Միշէլի այցին դէմ: Յիշեալ պաշտօնատարը 2.6 միլիառ եուրօ օժանդակութեան ծրագիր մը կը բերէր Երեւան.  ներդրում մը որ կենաց-մահու չափ անհրաժեշտ է Հայաստանին, իր ներկայ անմխիթար վիճակին մէջ: Արդեօք ցոյցին նպատակը այն էր որ Հայաստան պէտք չէ՞ օգտուի նման ներդրումէ մը:

Հայաստանի դաշնակցական գործիչները նման արարքներով ոչ միայն կը վնասեն հայրենիքին, այլ կ'արատաւորեն նաեւ անունն ու հեղինակութիւնը կուսակցութեան որուն սփիւռքեան անդամները այնքան ալ գոհ չեն թուիր ըլլալ քոչարեանական կերակրադաշտի այդ պնակալէզներու գործունէութենէն:

Շարլ Միշէլի դէմ կատարուած ցոյցին առիթով ինչպէս նաեւ Յունաստանի մէջ բեմադրուած սադրանքին` կարելի է ըսել մէկ բան – եթէ կացինին կոթը մեզմէ է` անտառը անյոյս է, չունի պաշտպանութեան միջոց:

Մինչ այդ ծանօթանանք եղելութեան:

Յունական հանրայայտ ՙSLPress՚ կայքում, Յունիսի 28-ին, ՙԵորղոս Պրոտոպապաս՚-ի ստորագրութեամբ հրապարակուել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին վարկաբեկող խեղաթիւրումներով ողողուած մի յօդուած, որում Փաշինեանը համեմատուել է, ՙնացիստական՚ հակումներով յայտնի յունական ծայրայեղական ՙՈսկէ արշալոյս՚ կուսակցութեան ղեկավարի հետ:

Յոյն հանրային կարծիքը մոլորեցնող այս գրութեան հրապարակումից արդէն անցել է աւելի քան 30 օր, եւ մինչ ՀՅԴ Յունաստանի պատասխանատու անձինք խանդավառութեամբ տարածում են նշուած հերիւրանքներով լի այս գրութիւնը, Ֆադեյ Չարչօղլեանով ղիակավարուող ՀՀ դեսպանութիւնը շարունակում է քար լռութիւն պահել:

Ստորեւ ներկայացնում ենք յունահայ գրող, ՙՀայ-յոյն ուսումնասիրութիւնների կենտրոն՚-ի քարտուղար Տոքթ. Յովսէփ Քասեսեանի երէկ հրապարակուած պատասխանի հայերէն թարգմանութիւնը:

Աթէնք, ՙՀայաստան՚ լրատու ցանց

 

***

“Այն, ինչ տանտէրը գիտի, ո՛չ բոլորը գիտեն”

 

Աթէնք, 20 Յուլիսի 2021թ.

ՙSLPress՚-ի խմբագրին,

Յարգելի գլխաւոր խմբագիր,

 

2021թ. յունիսի 28-ին ձեր կայքում հրապարակուեց ձեր գործընկեր պարոն Եորղոս Պրոտոպապասի` ՙՓաշինեանը նախանձում էր Միխալոլիակոսի փառքին՚ վերնագրով յօդուածը, որն իրականում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կերպարը սպաննելու ծայրայեղ (ՙսադրիչ՚) փորձ էր:

Պրն. Պրոտոպապասն, որի կենսագրութիւնը համացանցում ներկայացուել է որպէս ՙտուեալների վերլուծիչ՚ եւ ՙաշխարհառազմավարութեան վերլուծաբան՚, իր յօդուածում ակնյայտօրէն առանց ՙտուեալների՚ է նոյնականացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին յունական ՙՈսկէ արշալոյս՚ կուսակցութեան առաջնորդ Ն. Միխալոլիակոսի եւ նրա քաղաքականութեան հետ: Եթէ պարոն ԵՊ.-ն հարցում ուղղէր, նա կը տեղեկանար, որ Հայաստանում (եւ ոչ միայն Հայաստանում) կառավարութեան նիստի ժամանակ վարչապետի մուտքի պահին նախարարները որպէս յարգանք ոտքի են կանգնում, եւ դա ամենեւին պարոն Փաշինեանի նորամուծութիւնը չէ, ինչպէս ներկայացրել է նա:

ՙՍեւ օձերին՚ եւ այլ ՙգիտական փաստարկներին՚ անդրադառնալուց յետոյ պարոն Ե. Պրոտոպապասը խոստովանում է, որ Փաշինեանը նախընտրական շրջանում խոստացել էր կարծրացնել դիրքորոշումները: Որտե՞ղ է պարադոքսը: Արդեօ՞ք ընտրութիւնների իւրաքանչիւր կարգախօս երկխօսութիւն չի հաստատում թեկնածուի եւ ընտրողի միջեւ: Հանրային եւ թափանցիկ երկխօսութիւն եւ պայմանաւորուածութիւն: Երկխօսութիւն, որը կարող է յանգեցնել կարգախօսի մերժմանը կամ էլ եկտորատի կողմից դրա ընդունմանը, որը, որպէս միակ եւ գերագոյն դատաւոր, կողմ կամ դէմ կը քուէարկի տուեալ թեկնածուին: Արդեօ՞ք պարոն Փաշինեանի շահած ընտրականտոկոսը (54%) (ընտրութիւններում, որոնք, ըստ միջազգային եւ յատկապէս եւրոպական դիտորդների, անթերի էին), ժողովրդի կողմից նրա որեւէ կարգախօսի, դրուածքի եւ խոստման հաստատումը չէ՞, եւ նրա դրուածքը չի՞ վերածւում ժողովրդի դրուածքի:

Սակայն պարոն Ե.Պ.-ը հայ ժողովրդին իր կատարած ընտրութեան համար վիրաւորում է, գրելով. ՙԻ հարկէ, հայ ժողովուրդը արժանի է իր ճակատագրին` նրան պահելով իշխանութեան` չնայած Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարածքների կորստին՚: Արդեօ՞ք դա տեղի ունեցաւ այն պատճառով, որ, ինչպէս յոյն ժողովուրդն է ասում` ՙայն, ինչ տանտէրը գիտի, ո՛չ բոլորը գիտեն՚: Արդեօ՞ք հայ ժողովուրդը ինչ-որ բան աւելին գիտի պատերազմում պարտութեան պատճառների եւ պատասխանատուների մասին, քան ձեր ՙտուեալներ վերլուծող՚ գործընկերը:

Պարոն Ե. Պրոտոպապասը բացասաբար է գնահատում ՙօրէնքի բռնապետութիւն՚ կիրառումը: Ես վստահ չգիտեմ, արդեօք պարոն Փաշինեանը նման տեսակէտ արտայայտե՞լ է: Իսկ եթէ նա, իրօք, արտայայտել է դա, ապա որտե՞ղ եւ ի՞նչն է դատապարտելի: Օրէնքի ամբողջական, անկաշկանդ եւ համապատասխան կիրառումը չէ՞ իւրաքանչիւր ժողովրդի բուռն ցանկութիւնը, իւրաքանչիւր հասարակութեան նպատակը, որը ցանկանում է գերադասուել:

Պարոն Ե.Պ.-ը մէջբերում է ընդդիմութեան առաջնորդների տեսակէտները, ովքեր պնդում են, որ ՙվհուկների որս՚ է պատրաստւում իրենց կողմնակիցների դէմ: Բայց պարոն Փաշինեանը, որը երեք տարի զբաղեցնում է վարչապետի պաշտօնը, նոյնիսկ հետ չի կանչել Յունաստանում իր դեսպանին, ով նշանակուել է նախորդ կառավարութեան կողմից: Եւ ամէն դէպքում, թող պարոն Ե.Պ.-ը տեսնի, թէ ովքե՞ր են այդ ՙվհուկներ՚ կոչուածները: Մի գուցէ երեսուն տարի հարստացած բազմամիլիարդատէրերը, որ խեղճ հայ ժողովըրդի քրտինքն էին գողանում եւ արիւնը խմում:

Ինձ համար ակնյայտ է, որ պարոն Ե.Պ.-ն նշեալ յօդուածը գրել է իր որոշ ՙհայ՚ ընկերների պատուէրով: Եւ վսահ եմ, որ ժամանակի ընթացքում նա կը համոզուի, որ այն ՙտուեալները՚, որ իր ընկերները հրամցրել են իրեն, նրան մղել են սխալ գնահատականների:

Այնուամենայնիւ, մենք գտնում ենք, որ ձեր գրառումը եւ, մասնաւորապէս, ուղեկցող լուսանկարը, որում պարոն Փաշինեանի լուսանկարը տեղադրուել է ՙՈսկէ արշալոյսի՚ առաջնորդի կողքին, վիրաւորում է հայ ժողովրդի արժանապատուութիւնը, որը Փաշինեանին առաջնորդեց վարչապետութեան` այնպիսի տոկոսներով, որ մենք չենք հանդիպել արեւմտեան ներկայացուցչական խորհրդարանական ժողովրդավարութիւններում:

Հետեւաբար, խնդրում եմ`

ա) հրապարակել այս գրութիւնը` հետեւելով ազնիւ լրագրութեան կանոններին,

բ) հեռացրէք Ե.Պ.-ի խնդրոյ առարկայ յօդուածը ձեր էջերից, յարգելով Ձեր` ՙSLPress՚-ի խմբագրի յայտնի անձնական, ժողովրդավարական, հակադիկտատորական անցեալը:

Յարգանօք,

ՅՈՎՍԷՓ ՔԱՍԷՍԵԱՆ

Յունահայ գրող