Baikar Blue logo.png

Ռամկավար Ազատական կուսակցութիւնը

հարիւր տարեկան է

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ, ՊԳԴ, ՓՐՈՖԷՍՈՐ

2021 թուականի Հոկտեմբերի 1-ին լրացաւ հայ աւանդականներից Ռամկավար Ազատական կուսակցութեան 100-ամեակը: Նրա անցած մէկդարեայ ոչ դժուարին ճանապարհը լի է եղել մաքառումներով, զանազան յաջող գործառոյթներով ու նաեւ խորը հիասթափութիւններով: Սակայն մշտապէս է եղել շատ կարեւոր մի հանգամանք` անկախ իրավիճակից կուսակցութիւնն  ի դէմս իր նուիրեալների, երբեքչի ընկրկել դժուարութիւնների առաջ եւ հպարտ ու գալիքի յաղթանակների յստակ գիտակցումով ընթացել է իր գոյութեան բոլոր տարիների ընթացքում:

Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի երկարատեւ ընթացքի կարեւորագոյն սահմանագիծ է 1885թ., երբ թուրքական դժնդակ պայմաններում տառապող եւ երբեմն-երբեմն աշխարհին ապրելու իր իրաւունքը ազդարարող հայ ժողովուրդը ինքնակազմակերպման  տեւական փնտռտուքից յետոյ կարողացաւ թօթափել դարաւոր ընդարմացումը եւ երկնեց Արմէնական կուսակցութիւնը: Քաղաքական կազմակերպութիւն, որը պիտի մէկտեղէր հայերի համար ընդունելի տեսական ու գործնական պայքարի բոլոր հնարաւոր ձեւերը:

Արմէնական կուսակցութեան գաղափարական հայրերն էին Մկրտիչ Խրիմեանը եւ Մկրտիչ Փորթուգալեանը, իսկ հիմնադիրն ու առաջնորդը` Մկրտիչ Թերլեմեզեան-Աւետիսեանը: Հէնց այդ Մկրտիչների ՙշունչին տակ՚ Վան-վասպուրականում հասակ առաւ մի սերունդ, որը յանուն բաղձալի ազատութեան պատրաստ էր զոհաբերելու ամէն ինչ, նոյնիսկ` կեանքը: Գործնական քայլեր ձեռնարկելով նուիրեալների այդ փաղանգը կրթում-լուսաւորում էր ժողովրդին, զինավարժում երիտասարդութեանը, զէնք կուտակում, մասնաճիւղեր հիմնում եւ անում ամէն ինչ ապագայ փոթորիկներին դիմակայելու եւ ազատութեան դրօշը պարզելու համար: Կուսակցութեան կազմակերպական վերելքի շրջանում վրայ հասաւ ծանր մի փորձութիւն` Վանի 1896թ. հերոսական ինքնապաշտպանութիւնը:

 

Արմէնականները Մ. Աւետիսեանի ղեկավարութեամբ  եւ ՀՅԴ ու Հնչակեան կուսակցութիւնների գործուն աջակցութեամբ կարողացան Վան-վասպուրականի հայութեանը փրկել վերահաս կոտորածներից: Սակայն Ս. Բարդուղիմէոս վանքի յարակից դաշտում աննախադէպ կորուստներ ունեցան ու թէեւ հետագայում կարողացան որոշ չափով շտկել իրերի դրութիւնը, սակայն այլեւս նախկին հզօրութիւնը չունեցան:

1908թ. տեղի ունեցաւ երիտթուրքական յեղաշրջումը եւ երկրում սահմանադրօրէն հռչակուեցին դեմոկրատական ազատութիւններ: Արմէնականները եւս կուլ տալով ՙերիտասարդ՚ շապիկ հագած եւ ժողովրդավարութիւն քարոզող թուրքական ոճրագործ իշխանութիւնների խայծը, քաղաքական միւս բոլոր ուժերի նման, հանդէս եկան նոր վերաձեւուած մտածողութեամբ` առաջարկելով համակիր բոլոր ուժերին միաւորուել մէկ քաղաքական կազմակերպութեան մէջ: Արմէնական եւ Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնների միջեւ տեղի ունեցան միաւորման բանակցութիւններ, որոնք աւարտուեցին 1908թ. Հոկտեմբերի 31-ին` Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցութեան (ՀՍՌԿ) ստեղծմամբ: Կուսակցութիւնը հրաժարուեց արմէնականութեան հետապնդած քաղաքական նպատակներից, որդեգրած ռազմավարութիւնից ու մարտավարութիւնից եւ իր նպատակ հռչակեց ՙվերականգնուած՚ Օսմանեան սահմանադրութեան էլ աւելի դեմոկրատացումը: Երկրի ամբողջականութեան եւ անկախութեան պահպանման պայմաններում հայութեան ազգային ինքնութեան հետագայ զարգացումը, մերժելով որեւէ անջատողական մտայնութիւն:

1908թ. տեղի ունեցած ՙյեղափոխութեան՚ խաբկանքը, որը ծնունդ էր տուել ՀՍՌ կուսակցութեանը, շատ շուտով յայտնի դարձաւ իր իրական նպատակներով: Հայ ժողովրդի բնաջնջման, իր հարազատ տարածքներից նրա բռնավտարման քաղաքականութիւնը, որ որդեգրել էր ՙնոր ու յեղափոխական՚ իշխանութիւնը, պարտադրեց ՙսահմանադրականներին՚ սթափուել, մի կողմ նետել թուրքական կայսրութիւնում դեմոկրատական բարեշրջումների միջոցով հայ ժողովրդի համար ազգային կեցութեան եւ զարգացման երազախաբութիւնը: Յստակ դարձաւ այլեւս, որ կուսակցութեան որդեգրած ծրագիրը ժամանակավրէպ է: Այդ պատճառով էլ ՀՍՌԿ-ն սկսած 1910-ական թթ. վերջերից գործնականում հազուադէպ էր օգտագործում, իսկ շուտով ամբողջապէս իր վրայից նետեց ՙՍահմանադրական՚ ինքնանուանումը (պաշտօնապէս դա վաւերացուեց աւելի ուշ-Ս.Ս.) եւ ՙհիմնական նպատակի խնդրում գրեթէ ամբողջովին վերադարձաւ Արմէնական կուսակցութեան սկզբունքներին՚ : Չնայած որ այս փոփոխութիւնը ծրագրային տեսքով արձանագրուեց միայն 1919 թուականին, սակայն մինչ այդ կուսակցական մամուլը լի է արմատներին վերադառնալու կոչերով, յատկապէս, երիտթուրքական սահմանադրութիւնը ՙսին ու պատիր՚ որակումներով եւ ծրագրային փոփոխութիւններ կատարելու ցանկութեամբ: Ուղղակի սկսուած համաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը եւ այլ օբյեկտիւ պատճառներ ի մի հաւաքելու եւ կուսակցութեան նոր ծրագիր մշակելու հնարաւորութիւն չէին տալիս: Կասկածից դուրս է նաեւ, որ ՀՍՌԿ-ին փոխարինելու եկած ՌԱՅ կուսակցութեան ծրագիրը զերծ էր արմէնականութեան յեղափոխական ռոմանտիզմից, եղեռնի դաժան փորձութիւնից իմաստնացած էր ու առաջ էր քաշում ժամանակի համար բաւական իրատեսական պահանջներ:

Դեռեւս 1919թ. Փարիզում Ազգային պատուիրակութեան շուրջը համախմբուած մտաւորականութեան մէջ շարժում է սկսւում միաւորելու Սահմանադրական ռամկավար եւ Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնները: 1919թ. Յունիսի 5-ին միաւորման գաղափարով տոգորուած նշանաւոր գործիչներ Արշակ Չոպանեանը, Արշակ Սաֆրաստեանը, Միհրդատ Միհրդատեանցը, Նշան Տէր-Ստեփանեանը, Երուանդ Աղաթոնը, Պօղոս Էսմերեանը, Տիգրան Կամսարականը, Գարեգին Ֆնտըգլեանը, Էմիլ Շահինեանը, Նորայր Մարտիրոսեանը եւ ուրիշներ կազմում են ՙՀայ Ազգային Ազատական Միութիւնը՚  եւ Փարիզում սկսում են հրատարակել ՙՀայաստան՚ պարբերականը: Հայ Ազգային Ազատական միութեանը (այսուհետեւ` ՀԱԱՄ-Ս.Ս.) ակտիւօրէն գործակցում էին Վ. Թէքէեանն ու Ա. Թերզիպաշեանը: ՙՀայաստանի՚ առաջին համարում Ա. Չոպանեանը մի յօդւած է հրապարակում, ուր քննադատելով միասնութեան բացակայութիւնը հայ ազգի մէջ, ողջունում է Վերակազմեալ հնչակեան, Սահմանադրական Ռամկավար եւ Հայ Ժողովրդական կուսակցութիւնների միաւորման գաղափարը: Նոյնանման տեսակէտներով հանդէս են գալիս նաեւ Փարիզում գտնուող Հայ Ժողովրդական կուսակցութեան ՙերկու վարիչները՚` Միքայէլ Պապաջանեանը եւ դոկտոր Էնֆիաջեանը: Նախաձեռնող խմբի ջանքերով հրաւիրւում է ՀԱԱՄ-ի հիմնադիր ժողով, որտեղ նորաստեղծ միութեան դերի ու նպատակների լուսաբանմամբ ելոյթ է ունենում  Մ. Միհրդատեանցը: Խօսելով ՀԱԱՄ-ի դերի մասին, բանախօսը նշում է, որ դա համանման ծրագրեր ունեցող երեք կուսակցութիւնների (ՀՍՌ, Վերակազմեալ, ՀԺ) միաւորումն է ՙչէզոքների ամենաստուար մեծամասնութեան հետ՚: Այնուհետեւ, ըստ Մ. Միհրդատեանցի, գոյացած ազգային-ազատական մեծ մարմնին պիտի միանան միւս կուսակցութիւնների բոլոր այն անդամները, որոնք ՙհակում չպիտի ունենան ծայրայեղ ընկերվարական ձգտումներուն հետեւիլ՚:

ՀՍՌ կուսակցութեան Հայաստանի շրջանակն էլ 1919թ. գումարեց համագումար, որն ընդունեց ՙՀայ Ռամկավար կուսակցութիւն՚ անուանումը, իսկ Ամերիկայի շրջանակը նոյն` 1919թ. հիմնում է նոր` ՙԱզգային Ռամկավարական կուսակցութիւն՚ անունով կազմակերպութիւնը:

1920թ. Սեպտեմբերին Կ. Պոլսում տեղի ունեցաւ ՀՍՌԿ Գ Ընդհանուր պատգամաւորական ժողովը: Այն ընդունեց ծրագիր, որի ամենաառաջին թեզն էր. ՙԿուսակցութեան անունն է. Հայ Ռամկավար կուսակցութիւն՚:

Այդ նոյն ժամանակահատուածում նմանատիպ գործընթաց էր տեղի ունենում նաեւ Վերակազմեալ հնչակեան կուսակցութեան մէջ: 1908 թուականից ինքնուրոյն գոյատեւող ոչ մարդաշատ այս կուսակցութիւնը, որը եւս որդեգրել էր աստիճանական բարեփոխումների (ռեֆորմների) ուղին, պահանջում էր Արեւմտեան Հայաստանի ինքնավարութիւն Թուրքիայի կազմում` եւրոպական վերահսկումով: Վերջիններս, որ աւելի չափաւոր էին, քան Սահմանադրական ռամկավարները, եղեռնից յետոյ եւս սթափւեցին եւ սկսեցին նորովի գնահատել իրականութիւնը: Արդէն 1918թ. Նոյեմբերին Վերակազմեալ հնչակեան կուսակցութեան ամերիկեան հատւածը որոշում է, որ իրենք այլեւս ՙկը կոչուին Հայ Ազատական Կուսակցութիւն՚, իսկ մի ուրիշ փաստաթղթում յայտարարում են. ՙՎաղը` Հայկական ազատութեան օրերուն` Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնը` իբր Ազգայնական Ազատական կուսակցութիւն պիտի աշխատի յետայսու՚: Մի այլ վաւերագրում էլ կազմակերպութիւնը պարզապէս անուանւում է ՙԱզատական Կուսակցութիւն՚: ՙԱնշուշտ,- իրաւացիօրէն գրում է հարցի խորագիտակ Կ.Դալլաքեանը,- նոր անուանումների որոնումներն արդէն իսկ վկայում են, որ յիշեալ կուսակցութիւնները (ՀՍՌԿ եւ Վերակազմեալ հնչակեան-Ս.Ս.) ջանում էին դէն նետել նախկին տարազը՚:

Սակայն խնդիրը լոկ անունների մէջ չէր: Առաջացել էին նոր պայմաններ` եղեռն, Սփիւռք (որպէս նոր որակի գաղթաշխարհ), հայոց պետականութեան վերականգնում եւ այլն, որոնց զուգահեռ ծնուել էին նոր խնդիրներ: Եւ պատահական չէր, որ թէ՛ Հայ Ռամկավար եւ թէ՛ Ազատական նորաստեղծ կուսակցութիւնների ծրագրերում հիմնական գաղափարը հայութեան ֆիզիքական գոյութեան ապահովումն էր, որին ստորադասւում էին մնացած բոլոր ձգտումները: Հէնց այդ նպատակով էլ առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ ռամկավարներն իրենց գլխաւոր առաքելութիւնը համրեցին աշխարհով մէկ սփռուած հայ գաղթականութեան օգնութեան կազմակերպումը եւ նրան դէպի Արեւելեան Հայաստան վերադարձին օժանդակելը, որի համար ստեղծուեց ՙՀայաստանի Վերաշինաց յանձնաժողովը՚: Դրա համար ՀՌԿ-ն մաս կազմեց Արեւմտահայ եւ նրան ենթակայ Ապահովութեան խորհուրդներին եւ իր աւանդը ներդրեց Թուրքիայից առժամանակ ազատագրուած Արեւմտեան Հայաստանի վերաշինութեան գործին:

Յետեղեռնեան տարիներին հայ քաղաքական-հասարակական ոյժերը ծաւալել էին եղեռնից հրաշքով կենդանի մնացած որբերին հաւաքելու շարժում: Ռամկավարներն զգալի քայլեր կատարեցին այդ ուղղութեամբ: Ազգանուէր այդ գործում յատկապէս աչքի ընկաւ ռամկավար գործիչ Ռուբէն Հերեանը: Պատերազմից յետոյ, անտեսելով անասելի դժուարութիւններն ու իրական վտանգը, Հերեանը թափառում էր Տէր Զօրի անապատներում` իրեն նուիրելով հայ որբեր փնտռելու, գտնելու եւ որբախնամ կազմակերպութիւններին յանձնելու ծանր առաքելութեանը: Ծպտուելով անգլիական պաշտօնեայի կամ ամերիկեան միսիոների հագուստներով, ազգանուէր գործիչը հարիւրաւոր որբերի է ազատում անապատներից ու թուրքական հարեմներից: Հերեանը կոչով յորդորում էր ամերիկահայութեանն ու եգիպտահայութեանը իրեն գումարներ տրամադրել, որ կարողանայ արաբ շէյխերին կաշառելով գլուխ բերել որբափրկիչ այդ գործը: Յաջողելով որոշակի գումար հայթայթել` Հերեանը ծրագրում էր կրկին մեկնել անապատներ: Այս մտադրութեամբ նա ժամանում է Գահիրէ, որտեղ սակայն 1921թ. Յուլիսի 7-ին յանկարծամահ է լինում:

Փարիզի խաղաղութեան կոնֆերանսում ռամկավարները պաշտպանում էին Ազգային պատուիրակութեան տեսակէտները: 1921թ. Լոնտոնի գոնֆերանսում եւ Լոզանում նրանք շարունակեցին աջակցել Պօղոս Նուպարի պատուիրակութեան դիւանագիտական ջանքերին, այն խորին համոզմամբ, որ Միացեալ եւ Անկախ Հայաստանը պիտի բաղկացած լինի Արեւմըտեան եւ Արեւելեան Հայաստաններից, Կիլիկիայից ու անպայման ելք ունենայ դէպի ծով:

Կուսակցութեան այդ շրջանի գործունէութեան կարեւոր գործառոյթներից էր այն, սր Եգիպտոսի շրջանակը ծրագրում է Անգլիայից գնել 20 ինքնաթիռ, ՙօժտելու համար Հայաստանի բանակը օդային տորմիղով մը՚: Անհրաժեշտութիւն է առաջանում նաեւ պատրաստել օդաչուներ հայկական բանակի համար: Այդ նպատակով դիմումներ են արւում Իզմիրի եւ Ամերիկայի ռամկավար շրջանակներին, որպէսզի 50 օդաչու պատրաստեն: Օդանաւերի համար բանակցութիւններն ընթանում են անգլիական զինուորական իշխանութիւնների հետ` 1920թ. Ապրիլից-Օգոստոս: Մինչ հոկտեմբեր գնւում է 10 ինքնաթիռ, իսկ Նոյեմբերի 27-ին նաեւ մնացած 10 (իւրաքանչիւր ինքնաթիռ գնահատուած էր 100 եգիպտական ոսկի): Բայց մինչեւ ռամկավար շրջանակները զբաղուած էին օտար օդաչուներ գտնելու եւ հայերից օդաչւներ պատրաստելու գործով, իրադրութիւնը կտրուկ փոխւում է: Թուրք-հայկական պատերազմում հայկական բանակի պարտութիւնից եւ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ անգլիական իշխանութիւններն արգելում են ինքնաթիռները Հայաստան ուղղարկել:

Ռամկավարներն այս շրջանում նաեւ շատ ջանքեր թափեցին, որպէսզի ԱՄՆ-ի Սենատն ընդունի Հայաստանի մանդատը, սակայն դա չիրականացաւ: 1920թ. Մայիսի վերջերին ԱՄՆ Սենատը քննարկեց այդ հարցը եւ 23 կողմ 52 դէմ ձայների քանակով մերժեց:

1921թ. շարունակուող միութեան բանակցութիւնները Հայ Ռամկավար եւ Ազատական կուսակցութիւնների միջեւ փետրուարին մտնում են աւարտական փուլ: Կողմերը համաձայնութեան են գալիս միասնական ծրագրի ու կանոնագրի շուրջ: Որոշ բանավէճի տեղիք է տալիս միայն նոր կազմաւորւող կուսակցութեան անուան հարցը:

 

Բանակցութիւններն ընդհանրապէս ընթանում էին Մ. Սվազլի եւ Ա. Թերզիպաշեանի փոխնիփոխ ատենապետութեամբ եւ կառուցողական ու համերաշխ մթնոլորտում: Նիստերից մէկում վերակազմեալ Մ. Գալֆայեանն առաջարկում է նոր ստեղծուելիք կուսակցութիւնն անուանել ՙԱզատական Ժողովրդապետական՚ , որը միանշանակ չի ընդունւում եւ երկար բանավէճերի առիթ է դառնում: Ի վերջոյ ռամկավար Ա. Ինճիճեանն առաջարկում է ՙԱզատական Ռամկավար՚  անունը: Սակայն կուսակցութեան անուան հարցը յետաձգւում է մինչեւ միութեան բանակցութիւններին Հայ Ժողովրդական կուսակցութեան մասնակցութեան խնդրի վերջնական ճշդումը: 1921թ. օգոստոսին ՀԺԿ ներկայացուցիչ Մ. Պապաջանեանը մեկնում է Կ.Պոլիս, հանդիպում ունենում ռամկավարների ու վերակազմեալների հետ, որի արդիւնքում վերջնականապէս պարզւում է, որ ՀԺԿ-ն ստեղծուելիք միութեանը չի մասնակցելու:

Միութեան բանակցութիւնները գրեթէ զուգահեռաբար ընթանում էին նաեւ ռամկավարների ու վերակազմեալների ամերիկեան հատուածների միջեւ եւ մշտական կապ էր պահպանւում նրանց ու Կ.Պոլսի կեդրոնների հետ: Երկար քննարկումներից ու բանավէճերից յետոյ, մասնաւորապէս միմեանց հասցէին կուսակցական պարբերականներում (ռամկավարական ՙԺողովուրդի Ձայն՚ եւ ազատական ՙԱռաւօտ՚) հնչած ոչ տեղին ու անհարկի փոխադարձ մեղադրանքների խնդիրը հարթելուց յետոյ 1921թ. Սեպտեմբերին միութեան պայմանները վերջնականապէս մշակելու եւ ի մի բերելու համար երկու կուսակցութիւնների կողմից ընտրւում են հաւասար թուով` երեքական ներկայացուցիչ:

 

Այդ թւում ռամկավարներից` Ա. Մալեմեզեանը, Կ. Փափազեանը եւ փրոֆ. Լ. Անանիկեանը, իսկ ազատականներից` Հ. Ծովիկեանը, Լ. Կիւլեզեանը եւ Ա. Տէր-մարկոսեանը: Բանակցութիւններն սկզբում ընթանում էին ազատականների ամերիկեան շրջանակի Պոստոնում հրատարակուող պաշտօնաթերթ ՙՊահակի՚ խմբագրատանը:

Երեւան