Baikar Blue logo.png

ԳՈՒՑԷ ՆԱՒԱՍԱՐԴԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԲԵՐԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Խճճուել ենք մեր հաշիւներոմ: Հին, նահապետական վաղեմութեան ազգային մի տօն կայ, որն ամէնամեայ պարբերականութեամբ յիշատակւում է հիմնականում` սոցիալական ցանցերում ու հեռանում մեր յիշողութիւնից մինչեւ յաջորդ օգոստոսի 11: "Նաւասարդ","Հայոց բուն Տոմար", "Հին հայկական Ամանոր", "Բէլի դէմ Հայկ նահապետի յաղթանակի օր"... տեսէք, հայ ինքնութեան, ազգային "Ես"-ի ի՜նչ առինքնող իմաստ կայ այս փոխկապակցուած պատմական երեւոյթների մէջ: Նաւասարդի տօնը հայոց կեանքում դադարեց շարունակական լինելուց քրիստոնէադաւան Հայաստանում ու, այսօր, ցաւօք, տեղ չունի հայ ժողովրդի տօների պաշտօնական օրացոյցում: Ամօթալի է փաստը, որ այդպէս էլ կամք չունեցանք տէր կանգնելու մեր պատմութեան մոռացուած այս էջին, իւրեանց բերելու, վերակենդանացնելու մեր ազգի ամենահին եւ փառաւոր աւանդոյթը: Այս հարցում նախաձեռնող ջիղ չկայ օրուայ իշխանութիւնների մօտ, լուռ են ու անտարբեր հայ պատմաբանները, կրթա-մշակութային հաստատութիւնները, պետական քարոզչամիջոցները: Կրկին բթացուած է զգօնութիւնն առ այն, որ մեր կողքին ապրող թշնամին, իր համար պատմութիւն յօրինելու սեւեռուն ջանքերում, չի խորշի սեփականել այն, ինչը մեզ մօտ ծածկուած է մոռացութեան փոշիների տակ:

Դրսում եթէ հարցում անցկացնենք, քչերը կ'իմանան թէ ի՞նչ տօն է Նաւասարդը եւ ի՞նչ մեկնութիւն ունի այդ անուան ստուգաբանութիւնը, նոյնն է պատկերը` Սփիւռքում: Անցած տասնամեակի ընթացքում, Նաւասարդի խորհուրդն աւանդոյթ դարձնելու, հայ ազգային ինքնութեան գիտակցութիւնը հանրութեանը հասցնելու գործում, մեծ ջանքեր ներդրեց հայրենապաշտ պատմաբան, աւաղ, արդէն լուսահոգի` Արտակ Մովսիսեանը: Այս տարի, Օգոստոսի 11-ին, Գառնիի տաճարի դիմաց կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանին նուիրուած ռուսերէն լեզուով միջոցառումն էր թեւածում: Աւելին` Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքը ոմանց համար դարձել է "քաբաբ-խորովածի", "քէֆ-հարսանիքի" վայր, ինչի հետեւանքով կարող են շբոսաշրջիկների այցեր չեղարկուել:

Յոյս կար, որ ժողովրդական բուռն ոգեւորութեան հեւքի վրայ իշխանութեան եկած ներկայ ղեկավարութիւնը պաշտօնապէս կը հռչակէր Նաւասարդը, որպէս` համահայութեան Ամանորի պաշտօնական տօն: Նախապատուելին եղաւ` արհեստական, դրսի օրակարգը սպասարկող "Քաղաքացու" տօնը, ինչն իր ընկալմամբ դեռ հեռու է տօն լինելուց:

Երջանկայիշատակ Արտակ Մովսիսեանի յամառ ջանքերի շնորհիւ, դեռ` 2013թ.-ին, ՀՀ Ազգային Ժողովի 4-րդ գումարման նստաշրջանում ՙՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն՚ խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը օրէնքի նախագիծ էր ներկայացրել` ՙՆաւասարդը` ազգային ինքնութեան տօն՚ հռչակելու մասին, ինչն առաջին ընթերցմամբ ընդունուել է միաձայն: Յետոյ, այս որոշմանը, անհասկանալի պատճառներով, դէմ է եղել Հայաստանեայց եկեղեցին: Նախաձեռնող խմբի հարցմանն ի պատասխան Կաթողիկոսն ասել է. ՙՕգոստոսն արձակուրդային ամիս է եւ համազգային տօնակատարութիւնը օգոստոսին անելը ճիշտ չէ՚: (Յղում` թերթ.am, 09.08.13):

Հետագայում օրէնքի նախագիծը Ազգային ժողովում չի դրուել երկրորդ ընթերցման, ենթադրաբար, հայ եկեղեցու ճնշման պատճառով:

Գուցէ, նորից փորձ արուի, այս անգամ` Ազգային ժողովի 8-րդ գումարման նիստերի օրակարգ մտցնել 2013թ.-ին Հյդ-ի առաջարկած Նաւասարդի նախագիծը: Առայժմ ՙՓողոցային մարտադաշտ՚ յիշեցնող ներկայ խորհրդարանում դաշնակցականների այս նախաձեռնութիւնը լաւ սկիզբ կը լինէր աշխատանքային հանդուրժող մթնոլորտ ձեւաւորելու գործում:

Մեր ծագումնաբանութեանը, ազգային ակունքներին ու արժեհամակարգին առնչուող նաւասարդեան տօների պաշտօնական ոգեկոչումը դրական ազդակ կը լինէր այսօր բարոյահոգեբանական ճգնաժամի, ոգու սովի մէջ յայտնուած հայ ժողովրդի համար: Այսօր, աւելի քան երբեւէ, մեզ ազգային համախմբման գաղափար է պէտք, հայկականութեան զարթօնք, մեր գալիք յաղթանակները կռող Հայկեան ոգի:

Հարցականները շատ են մեր պատմութեան վաղնջական շրջանի անցքերի վերաբերեալ, կապուած` հին հայկական արեգակնային օրացոյցի շարժականութեան եւ հայոց բուն Տոմարի տարեգրութեան ստոյգ հաշուարկի հետ: Օրինակ` հնարաւո՞ր է , արդեօք, միաւորել Նաւասարդն ու Վարդավառը: Վերջինս ինքնաբուխ դարձել է արդէն համաժողովրդական տօն:

Մտահոգիչ է, որ Նաւասարդի պարագան հայ եկեղեցին դիտարկում է` հեթանոսութիւն - քրիստոնէութիւն իրարամերժման համատեքստում: Ին՞չ վտանգ կարող է հադիսանալ Նաւասարդը հայ եկեղեցու քրիստոնեայ վարդապետութեան համար: Հայ էթնոսը ապրել եւ արարել է մինչեւ քրիստոնէութիւն ընդունելը եւ անհեթեթ է աշխարհի հնագոյն ազգերից մէկի` հայերի տարեգրութիւնը որոշել կրօնական չափորոշիչով, այսինքն` կրճատել ազգի տարիքը մօտաորապէս` երկուս ու կէս հազար տարով (2492 տ.):

Բէլի դէմ հայկեան նետի յաղթանակը տեղի է ունեցել, ըստ հայագէտ Ղեւոնդ Ալիշանի` մ.թ.ա. 2492թ.-ի օգոստոսի 11-ին, ուրկից էլ հայ էթնոսը պայմանաւորում է իր ծագումը: Այսինքն հայ ազգը հիմա` 4513 տարեկան է: Հին հայկական օրացոյցը հայ եկեղեցին չեղարկել է XVIII դարում եւ Նոր տարուայ սկիզբ է հռչակել` Յունուարի 1-ը:

Նիւ Եորք