Baikar Blue logo.png

ԽՈՀԵՐ` ԹՄԲԻՐԻ ՄԷՋ ԵՒ ՅԱՐԹՄՆԻ

Աստիճանաբար, դանդաղօրէն արթնանում ենք պատերազմի պատճառած զարհուրելի արհաւիրքից, որ գլխապտոյտ արբեցում, աւելի ճիշդ թըմբիր էր թւում, ու տեւական անկշռելիութիւնից յետոյ մեր ոտքերը վերստին հպւում են հողին. կարելի է գնահատել եղածն ու... կորցրածը: Կշեռքի մի նժարին ազատ, անկախ, ժողովրդավար Հայաստանն է` իր առաջադէմ (դուխով) կարգախօսներով, միւսին` դեռեւս չաւարտուած պատերազմ Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, տնտեսութեան ոչ բարւոք, չասելու համար ծանր վիճակ, նաեւ` որքան էլ զարմանալի է անկորնչելի յոյս, որ երբեւէ կը լողանք մինչեւ բաղձալի ափը: Սակայն, յոյսը դեռ հեռւում է, յոյսը` անորսալի թռչուն մշուշների մէջ, իսկ առայժմ ոտնատակ տալով պատուի ու պատուախնդրութեան գրուած ու չգրուած բոլոր օրէնքները, մուրացիկի ձեռքը ազգովին պարզած` ապաւինել ենք օտարի օգնութեանն ու կարեկցանքին: Օգնութիւնը յաւերժական չէ, եւ կարեկցանքը կը փոխուի արհամարհանքի, եթէ տէր ու նեցուկ չկանգնենք ինքներս մեզ, հոգ չտանենք մեր հացի, մեր զէնքի, մեր ոգու եւ մշակոյթի մասին: Մենք արդէն կորցրել ենք 2,5 – 3 անպտուղ տարի, եւ այդ ընթացքում կորցրել ենք հողեր, սրբազան հողեր, որ հայրենիք է կոչւում, եւ նոյնքան ցաւագին ու աղէտալի տանուլ ենք տալիս մէկ այլ ճակատամարտ` հոգեւոր ոլորտում:

Եւ ո՞րն է մեր իշխանութիւնների երեսպարզ նուաճումը:

Մեծ հրճուանք ապրելով յեղափոխութեան յաղթարշաւից, բարձր իտէալներին հետամուտ` հեւասպառ վազքի մէջ շատ բաների կողքին, հիմնովին անտեսեց ժողովրդավարութեան մի կարեւոր պատուիրանը. արուեստն ու գրականութիւնը, որոնք իրենց բուն կոչումից զատ, հասարակութեան ընդհանուր կրթուածութեան գեղարուեստական դրսեւորման միջոցներ են: Իսկապէս, ո՞վ է մշակելու մեր հոգեւոր խամ ու խոպանը, ուր առաջինը կը թոշնեն տեղծագործ(ողի)ութեան նուրբ ու անպաշտպան ծիլերը: Յուսանք, որ գոնէ մի քանի տասնամեակ անց իրենց մէջ աւիշ գտնեն վերընձիւղուելու...

Այս խառն ու պղտոր խորհրդածութիւնների խորքից ակամայ մի մեղաւոր միտք է լողում մակերես. գուցէ քամահրանքը մշակոյթի գործիչների հանդէպ դեռ էն գլխից ծրագրուած էր, եւ քայլ առ քայլ իրականացւում է: Ծրագիր, որի նպատակը ակնյայտ է. նախ` հեղինակազրկել, ապա` մեկուսացնել: Իսկ յետոյ` համահարթեցնել մտաւորականութեան բոլոր շերտերը: Եւ ահա, համահարթեցման այս շիլաշփոթի մէջ հոգատարութեան ոչ մի յուսադրող նշոյլ մշակոյթի` արուեստի ու գրականութեան իսկական մշակների նկատմամբ, որոնք միշտ էլ եղել են ազգի սերուցքը, նրա խիղճը, կրթել են միտքն ու ճաշակը:

Մտաւորականութեանն անուանարկելու եւ մեկուսացնելու փորձարարութիւնը լիովին յաջողուեց նաեւ յեղափոխական նորերին, որոնք չափազանց եռանդուն պաշտօնավազքում, ցաւօք, չափազանց անփորձ ՙիրացուեցին՚ պետական կառավարման ոլորտում: Եւ հիմա` ամսական, թէ օրական փոփոխութիւններից յետոյ, երբ աթոռներն արդէն գրաւուած են, ու եկել է խօսքից գործի անցնելու ժամանակը, նրանք հիանալի  մէկտեղում են որդեգրած վսեմ սկզբունքները անգործութեան հետ: Պատմութեան անիւը պտտւում է ծանօթ շրջանով, ծանօթ բարքեր են թագաւորում այս ծեր ու համբերատար երկրի վրայ` անկախ այն բանից, թէ թաւշեայ յեղափոխութիւնը ՙսրբել-քշել է՚ նախկիններին: Մի՞թէ փտախտն այնպէս արագ է յօշոտում պետական իշխանութեան մարմինը, որ նրա շօշափուկներից փրկութեան ելք չկայ: Մի՞թէ մարդ արարածի հոգսերի նկատմամբ նոյն վերաբերմունքն է տիրելու, ինչ տարիներ շարունակ կոչել ենք բիւրոկրատական քաշքշուք: Մի՞թէ այսքան արագ աղարտուեց յեղափոխութեան նորելուկ քաղաքական գործիչների կամքով` իրենց ուսերին վերցրած սոցիալական արդարութիւն հաստատելու բեռը, որ խոստացան եւ զաւեշտալիօրէն ոչինչ էլ չարեցին:

Մեր նորաթուխ քաղաքագէտները... Բան ու գործ թողած նստես ու լաս` լսելո խորհրդարանում բարբառած նրանց անվերապահ կարծիքներն ու սնամէջ ճառերը: Նստես ու լաս` սիրտդ թեթեւացնելու ազգի բախտի համար, ում անունից ճառում ու ճառաբանում են բոլորն անխտիր: Բացում են բերանները, եւ հայոց լեզուն հեկեկում, հեծեծում ինքնասպան է լինում... Ի՜նչ ազգանուէր լեզուամարտեր են թրատում շիկացած օդը, եւ հմուտ նկարահանողների ղեկավարութեամբ քաղաքական ի՜նչ ներկայացումներ են խաղարկւում` տեքստերը նախօրօք գրուած, դերերը` բաշխուած: Անսխալ կարող ես ասել, թէ ով ո՛ր խօսափողով յատկապէս ի՛նչ է ասելու, ո՛ւմ դէմ է ասելու, եւ ինչ-որ բան հաստատելու փոխարէն ո՛ւմ  է գլխովին ջախջախելու: Եւ խփելու է անվրէպ, առանց միջոցների խտրութեան` թէ՛ թիկունքից, թէ՛ ճակատից: Այնպէս ես ուզում մի բարձրախօս վերցնել` խլացնելու այդ ազգակործան հարայ-հրոցը, բա՜ւ է, յոգնել ենք, զզուել ենք, մինչեւ կոկորդներս կուշտ ենք` ոչ աստուածացրէք, ոչ էլ քարկոծէք: Մի՛ դատէք, որ վաղն էլ դուք չդատուէք: Մեզ հեռու պահէք ձեր խմբային ապահարզանից, մենք ոչ  դաշնակ ենք, ոչ հնչակ, ոչ ռամկավար, ոչ կոմունիստ, ոչ ՀՀՇ, ոչ էլ  հանրապետական, ոչ վարչապետի թիմից ենք, ոչ էլ նախագահի... Պարզապէս հայ ենք եւ ձեզ էլ ընտրել ենք` առանց ձեր կուսակցական փետրաւորումը հաշուի առնելու... յոգնել ենք բամբասանքից, բացայայտումներից, վերաքողարկումներից ու բանսարկութիւններից: Մշտական սթրեսներից, քաղաքական ու տնտեսական տարուբերումներից, միտինգներից ու անհաշտ կռուըշտուքից ազգը դառնում է (դարձել է) հոգեկան հիւանդ: Բաւ է: Եթէ պատերազմ է` բոլորս  ազգովին ելնենք մեր հերթական գոյամարտին, ոչ թէ լաւագոյն տղերքը նահատակուեն կամաւոր ինքնազոհութեամբ: Եթէ տանուլ ենք տուել կռիւը, քաջութիւն ունենանք բարձրաձայն խոստովանելու, մահամերձ հիւանդին անգամ բժիշկն ասում է ճշմարտութիւնը...

Իսկ պետութեան անիւը տեղապտոյտ է անում` իր ծանրութեան տակ ճզմելով մշակուած յարաբերութիւններ, աւանդոյթներ, հետն էլ ամենափխրուն խաւին` մտաւորականութեանը, որը շփոթահար սպասման մէջ է:

Իսկ պետութիւնն ասես խուլույամր է, պետութեան հոգն էլ չէ, զի անցել է դասական մտաւորականութեան ժամանակը, դռները կրնկի վրայ բաց են շուկայական մտաւորականների առջեւ:

Մի՞թէ վերահաստատւում է Բենջամին Դիզրայելիի յայտնի ասոյթը, թէ վերնախաւն ու ժողովուրդը նոյն պետութեան մէջ երկու տարբեր  ազգութիւն են:

Մի՞թէ ազգային միասնութեան գաղափարը եօթ սարի ետեւում է, եւ դեռ երկար է տեւելու ճանապարհը այս քաօսից մինչեւ ներդաշնակութիւն:

Մի՞թէ...

Հարցեր, անպատասխան հարցեր, որոնց ամէն բացուող օր աւելանում են նորերը: Այսպէս է, մեզ` սովորական մահկանացուներիս, տրուած է հարցեր առաջադրելու իրաւունքը, իսկ պատասխանի համար կոչուած են ժողովրդի ընտրեալները: Պատասխան ոչ թէ շինիչ խօսքով (որքան էլ մեզանում վերելք է ապրում հռետորական արուեստը), այլ կառուցողական գործունէութեամբ: 

ԼԻԼԻԹ ՔԷՀԷԵԱՆ

Սթիւտիօ Սիթի, Գալիֆ.