Baikar Blue logo.png

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆԻ

ՆՈՐ ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Կան մարդիկ, որոնք ապրելով Հայաստանից դուրս` աւելի մեծ ներկայութիւն ունեն այստեղ, քան` ամբողջ կեանքում Հայաստանի սահմանը չհատած շատ-շատերը: Հայրենիքից հեռու ապրող այդպիսի մարդկանցից մէկն է Երուանդ Ազատեանը, մարդ, որի կենսագրութեան ծաղկաքաղի համառօտ նկարագրութիւնն անգամ դժուար, ժամանակատար ու գրեթէ անհնար բան է գոնէ ինձ նման մէկի համար, որը հեռաւորութեան ու ժամանակի առումով բախտ չի ունեցել աւելի վաղ ճանաչելու մեծ մտաւորականին: Գրող, գրականագէտ, գրաքննադատ, երկարամեայ խմբագիր, հրապարակախօս, հասարակական-կուսակցական գործիչ, ԳԱԱ արտասահմանեան անդամ, Երեւանի պետական համալսարանի եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատուաւոր դոկտոր, Հայաստանի գրողների միութեան անդամ, ԹՄՄ Ամերիկայի եւ Գանատայի կեդրոնական վարչութեան ատենապետ, ՀԲԸՄ-ի երկարամեայ ղեկավար եւն:

ՙՊարոն Ազատեանը մեծն Գերսամ Ահարոնեանի աշակերտներից է եւ, այսօր ես լաւ տեսնում եմ, որ նա անխախտ քայլում է այն ուղով, որը ժամանակին գծել էր մեր սիրելի ուսուցիչը՚: Յակոբ Աւետիքեան

Ծանր ու դժուարին է եղել Երուանդ Ազատեանի ազգային-հասարակական-մշակութային գործունէութիւնը, աւելի քան կէս դար նա ծառայում է հայ մշակոյթին այնպէս, ինչպէս սամուրայն է ծառայում իր կայսրին, աւելի քան կէս դար նա ամէն բան զոհաբերում է յանուն Հայաստանի ու հայկականի, փոխարէնը ոչինչ սպասելով:

Երուանդ Ազատեանի աշխատասիրութեան ու տաղանդի բնորոշման եզակի նմոյշ է ճաշակաւոր գրականագէտ, արուեստաբան Երուանդ Տէր-խաչատրեանի` ստորեւ բերուած խօսքը` ասուած 2018թ. Սեպտեբերի 19-ին` ՙԺամանակի եւ ժամանակակիցներու հետ՚ գրքի շնորհանդէսի ժամանակ.

ՙԵս չգիտեմ, թէ մեր գրականագէտներից քանիսը՞ կարող են գրել նաեւ երաժշտութեան, թատրոնի, նկարչութեան մասինª մասնագիտական իմացական հայեցակէտով: Եթէ, այնուամենայնիւ, մեծ որոնումներից յետոյ գտնենք այդպիսի երկու-երեք հոգի, ապա նրանցից մէկը, վստահօրէն Երուանդ Ազատեանն է: Ինձ միշտ վրդովուելու աստիճանի է հասցրել հայ գրողների նեղմտութիւնը: Երուանդ Ազատեանը բացառութիւն է այդ ասպարէզում: Այդ ցածրահասակ մարդը, ինչպէս շատերն են ասում, ամէն ինչ շատ բարձրից է տեսնում: Ինձ միայն բարկացնում է նրա վերաբերմունքն իր աշխատանքին: Այս գիրքը կարող էր աւելի ծաւալուն լինել, բայց բազմաթիւ նիւթեր կային, որոնք այդպէս էլ չկարողացանք գտնել մամուլի էջերից, քանի որ պարոն Ազատեանը նոյնիսկ հրապարակման թուականները չի յիշում: Նա հազարից աւել գրականագիտական յօդուած ունի, իւրաքանչիւրը` նուազագոյնը` 5 էջ: Ստացւում է 5000 էջ, այսինքն` նուազագոյնը 10 հաստափոր հատոր, որը, ցաւօք սրտի, չկայ՚:

Մարդն ապրելով Ամերիկայի միացեալ նահանգներում` կտրում է ովկիանոսն ու հասնում Հայաստան, այստեղ գիրք հրատարկելու, միջոցառումներ կազմակերպելու համար, ասել է թէ` հայրենիքում գումար ծախսելու, միջոց շրջանառելու նպատակով: Միթէ՞ տարին 11 ամիս Հայաստանում ապրող եւ մէկ ամիս Անթալիայի լողափերում շուայտացողն աւելի շատ ներկայութիւն ունի Հայաստանում, քան` Ազատեանը: Ո՛չ, երիցս ո՛չ:

Խօսենք շարունակաբար լոյս տեսնող գրքերից. Երուանդ Ազատեանի մասին առաջին անգամ գրելու առիթ եմ ունեցել 2018թ.` ՙԱզգ՚ թերթի Սեպտեմբերի 20-ի համարում, որից մի քանի օր առաջ խըմբագրապետ Յակոբ Աւետիքեանն ինձ արդէն ծանօթացրել էր նրա հետ: Այդ ժամանակ նա եկել էր Հայաստան` տպագրելու իր ՙԺամանակի եւ ժամանակակիցներու հետ՚ արժէքաւոր գիրքը, որի խորագիրը վերը հոլովեցի:

Յաջորդ գրութիւնս նրա մասին կատարել եմ մէկ տարի անց` 2019 թ. դարձեալ ՙԱզգ թերթում՚/2019-09-26/: Այդ ժամանակ նա կրկին հայրենիքում էր` տպագրելու իր ՙԷջեր կորուսեալ եւ անկորուստ՚ ճաշակաւոր գիրքը: Երրորդ գրութիւնս նրա մասին եղաւ յիշեալ գրքի շնորհանդէսից մի քանի օր անց`  Սեպտեմբերի 30-ին ՙԵրուանդ Ազատեանը հիւրընկալուեց Երեւանի պետական համալսարանում՚ /տես` ՙԱԶԳ՚ 2019-10-04/: Այդ ժամանակ էլ նա Հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան Արծրուն Աւագեանի հրաւէրով եկել էր համալսարան` ուսանողների հետ զրուցելու եւ տարիների հեռաւորութեան միջից ճանաչելու հայրենիքում ուսում եւ հասակ առնող երիտասարդութեանը, որոնք, ըստ նրա, Հայաստանի յոյսն են` ներկայ եւ ապագայ:

Իսկ, ահա՛.  սոյն գրութիւնս չորրորդն է, որի միջուկը նախորդների պէս ազգային է, Ազատեանը կրկին հայրենիքում էր յանուն մշակոյթի, յանուն ազգայինի:  Յուլիսի 6-ին Թէքէեան Մշակութային Միութեան մեծ դահլիճում տեղի ունեցաւ նրա հերթական` ՙԱզգային-քաղաքական յօրձանուտի մէջ՚ արժէքաւոր գրքի շնորհանդէսը, որում ամփոփուած է ՙՊայքար՚ շաբաթաթերթում լոյս տեսած նրա յօդուածների ընտրանին` 2017-2018թթ. ժամանակաբաժանումով: Ելնելով Երուանդ Ազատեանի գրելու յաճախակիականութիւնից, գիրքը կազմըւել է նիւթերի որոշակի ընտրութեամբ, որովհետեւ ինչպէս Յակոբ Աւետիքեանն է գրում գրքի առաջաբանում.

ՙԱւելի քան 60 տարի է արդէն` ան կը գրէ ու կը խմբագրէ, կարելի է ըսել` հեւիհեւ, անխափան, անընդհատ կուտակուող ուժականութեամբ՚:

Դժուար է քով քովի դնել Ազատեանի գրքերն ու ընտրութիւն կատարել, որովհետեւ ոեւէ  ընտրութիւն, միեւնոյնն է, ճիշտ է լինելու, բայց պէտք է խոստովանենք, որ այս մէկը եզակի է մի շարք յատկանիշներով, իսկ եզակիութեան եզակիութիւնը ապագայի կանխագուշակումն է: Այսօր մեր պետութեան սահմաններից ներս ու դուրս տարատեսակ զարգացումներ են խմորւում, որի խորքը մենք տակաւին չենք հասկանում, բայց արի ու տես, որ այդ դէպքերի մասին Երուանդ Ազատեանը նախազգուշացնելով գրել է դեռեւս 2017-18 թուականներին: Ահա այդ կանխահաս գաղտնատեսութիւնն է այս գրքի կարեւորագոյն եզակիութիւնը: Ազատեանի խորիմաստութեան այս դրսեւորման մասին դիպուկ է գրում գրքի խմբագիր Ե. Տէր-խաչատրեանը.

ՙԻնձ համար չափազանց հետաքրքրական է, որ նա իր հեռուից շատ անգամ աւելի ճիշտ է տեսնում երեւոյթները, քան մենք, որ ապրում ենք քաղաքական եւ հասարակական իրադարձութիւնների մեր յօրձանուտում: հետաքրքրական է նաեւ տեսնելու իր կերպը, իր երբեմն անսպասելի դիտակէտը, որ դէպքերն ու իրադարձութիւնները ներկայացնում է նոր լոյսի տակ: Ուշագրաւ են իր ՙվատ՚ կանխատեսումները, որոնք, հակառակի պէս, յաճախ իրականանում են՚:

Եւ ճիշդ է գրում անուանի տեսաբանը, Ազատեան մտաւորականն ու քաղաքագէտը դեռ երեք-չորս տարի առաջ պարզ կանխատեսում էր տարածաշրջանային ներկայ զարգացումներն ու մեր վիճակն այդ համատեքստում, ցաւօք, լսող չեղաւ: Եւ սրանք զուտ գովեստի խօսքեր չեն, մեծարանքի խօսքեր չեն, գրածս իւրաքաչիւր բառն ապացուցուած է եւ այդ ապացոյցը հէնց ՙԱզգային-քաղաքական յօրձանուտի մէջ՚ է, որի ամէն ընթերցող կը ճանաչի պնդումներիս ճշմարտացիութիւնը:

Այս գիրքն առանց լուրջ ջանքի կարող է իր տեղն զբաղեցնել որեւէ քաղաքագիտական գրադարանի ամենապատուաւոր հատուածում, աւելին իւրաքանչիւր քաղաքագէտ սովորելիք ունի այս գրքից, եւ նոյնիսկ եթէ նիւթը ՙհին՚ է դէպքերն արդէն խմորուած են, մարդ պէտք է կարդայ այս գիրքը, շատ ուշադիր կարդայ, որպէսզի հասկանայ ինչ է լուրջ, սթափ քաղաքագիտական վերլուծութիւնը: Ես աւելի քան համոզուած եմ, որ եթէ ոչ այսօր, ապա վաղը հայ քաղաքագիտական միտքը ճանաչելու է Երուանդ Ազատեան քաղաքագէտի առաջարկած ճանապարհներն ու զարգանալու նաեւ նրանով, գուցէ մի փոքր ուշ, բայց համոզուած եմ` ճշմարտութիւնը վերջապէս գտնելով:                                                                                                  

 

ԳԷՈՐԳ ԳԻՒԼԻՒՄԷԱՆ

Երեւան