Baikar Blue logo.png

Որտե՞ղ է այժմ մեր Արմէնիզմը

Արդէն երկար ժամանակ է յօդուածներ եմ գրում եւ հիմնականում քաղաքական բնոյթի վերլուծութիւններ կատարում: Գուցէ դրանք կատարեալ չեն, գուցէ թերութիւնները շատ են, բայց քննադատութիւններից չեմ վախենում, քանի որ համոզուած եմ, թէ իւրաքանչիւրս իր մասնագիտութեան ընձեռած հնարաւորութիւնների չափով պէտք է նպաստի մեր բազմաչարչար ու դարեր շարունակ բզկտուող, կծկուած ու արդէն քարտէզի վրայ իր գոյնով ներկելու անհնարին լինելու չափ փոքրացած երկիրն այս խորը փոսից դուրս բերելուն: Իսկապէս հանճարեղ է ասուած. եթէ դու չես զբաղւում քաղաքականութեամբ, ինքը կը զբաղուի քեզանով…

Միանշանակ է, որ իմ կենսակերպը նման չէ իմ նախնիների կենսակերպին: Մտորումներս նոյնպէս շեղուել են նրանց մտքի ընթացքից, սակայն ես գրիչս այնպէս եմ սեղմում թղթին, ինչպէս նրանք գութանն էին սեղմում հողին... Ծնունդն էլ է նոյնը մնացել` յուզիչ ու գերող, աչքալուսանք-կենաց-բարեմաղթանքներով…: Սակայն մահը նոյնպէս նոյն մռայլութիւնն ունի եւ ստիպում է խոնարհուել, ճչալ ցաւից ու անզօրութիւնից: Չմոռանանք նաեւ, որ փառք Աստծոյ կեանքը բոլոր դէպքերում այլ գոյներով ու դէմքերով շարունակւում է, որ կենդանութիւնը համամարդկային է. բազմանշանակ է ու համաչափ, հպարտ է ծայրայեղօրէն ու պահանջկոտ է չափազանց: Ներդաշնակ է ինչպէս երկրի ու երկնքի յաւերժական մտերմութիւնը եւ համապարփակ է ինչպէս կեանքը: Այն մեր հոգու մէջ լոյս է սերմանում, երջանկութեան ծուէններ պարգեւում, տխրութեան սեւ ամպեր է տալիս ու յետոյ յուղարկաւորում` իր կոշտ մատները խրելով մեր փափուկ հոգու եւ փխրուն հողի մէջ: Մեր երակներից դուրս է քաշում մեր նախնիների անընթեռնելի, մշտաթարմ արիւնն ու փոխարէնը խունացած գոյներ ներարկում, ամենակարեւորն իմ կարծիքով հաւատն է լոյսի ու լուսաւորի, ազնիւի ու մաքուրի նկատմամբ: Յատկապէս այն հաւատը, որ յատուկ է բոլոր նորածինների հետ կապած յոյսին, երբ ոչ ոք չի կասկածում, թէ նորածինը լաւ ու յաջողակ է լինելու…միայն թէ հարկաւոր է, որ այդ հաւատը ժամանակի հետ չխունանայ, փայլն ու գունագեղութիւնը չկորցնի…

Սպարապետ Վազգէնն ասում էր, որ ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականութիւն դառնալ, եթէ չկայ հաւատք, նպատակին հասնելու համախմբուածութիւն, եթէ մեզանից իւրաքանչիւրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախուած է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է: Եթէ համոզուած չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եւ վերջապէս, աւելի լաւ է մէկ մոմ վառել, քան յաւերժ բողոքել խաւարից: Օգնենք, որպէսզի իւրաքանչիւրս վառի իր մոմը, եւ համոզուած եմ` մօտ ապագայում Հայաստանը կը յայտնուի լոյսի մէջ:

Պատմաբանիս մասնագիտութիւնը յուշում, պարտադրում է, որ լաւ ապագայ կերտում են այն ժողովուրդներն ու անհատները, ովքեր լաւ գիտեն իրենց պատմութիւնը, անցած ուղին եւ, որ աւելի կարեւոր է, դասեր են քաղում դրանից: Երկու քաղաքական, ընկերային-տնտեսական, կրթամշակութային, հոգեւոր եւ այլ առօրեականութեան համակարգերը կամրջող սերնդի ներկայացուցիչ եմ եւ գիտեմ, որ շատերի դուրը չի գալու իմ ասածը, բայց դա իրանց խնդիրն է: Երբ քննադատում էք Խորհրդային միութիւնն ու Խորհրդային Հայաստանը, միշտ յիշէք, իսկ եթէ չգիտէք` ասեմ. հայ ժողովուրդը գիր ու գրականութիւն է ունեցել 3-4րդ դարերից սկսած, բայց ժողովուրդի 90-95% եղել է անգրագէտ եւ անտառաճանաչ մինչեւ 20-րդ դարը: Եթէ Հայաստանում չհաստատուէին Խորհրդային կարգերը, եթէ չստեղծըւէին առաջընթացի անհրաժեշտ պայմանները, հաւանաբար այդպէս անգրագէտ էլ մնար մեր ժողովուրդը: Հասկանում եւ ընդունում եմ նաեւ ժամանակաշրջանի բերած փոփոխութիւնները, սակայն նաեւ գիտեմ, որ այդ նոյն ժամանակային փոփոխութիւնների պայմաններում էլ շատ ժողովուրդներ այդպէս էլ անգրագէտ մնացին: Յստակ է եւ ակնյայտ, որ սեփական գիր ու գրականութեան ստեղծումից տասնվեց դար յետոյ Խորհրդային շրջանում միայն մեր ժողովրդի 98% բնականոն, հայեցի դաստիարակութիւն ու կրթութիւն ստացաւ: Կարծում եմ անվիճելի եւ կասկածից դուրս է նաեւ, որ 5-6 հազար տարուայ պատմութիւն ունեցող հայ ժողովուրդը պատմական այդպիսի կարճ հատուածում (պատմութեան համար մի ակընթարթ է դա) այդպիսի քանակական ու որակական թռիչք չի արձանագրել: Այնպէս որ, հանգիստ կարելի է արձանագրել. Իր բոլոր թերութիւններով ու բացասական դրսեւորումներով հանդերձ Խորհրդային Հայաստանի ժամանակահատուածն իր բոլոր ոլորտներով եղել է Հայաստանի ոսկէ դարաշրջանը: Դա անվիճելի իրողութիւն է:

Այս տեսակէտի ընդդիմադիրները փորձում են հակադարձել եւ վկայակոչել ռուսոֆիկացիայի եւ ազգային արժէքների կորստի ու հոգեբանական նահանջի փաստարկները: Նրանք լաւ չպատկերացնելով, որ դա ընդամէնը թուացեալ եւ առերեւոյթ իւրակերպ տուրք էր կայսերական կառավարմանը: Իրականում անվիճարկելի են այն երեւոյթներն ու իրողութիւնները, որոնք կային հէնց այդ նոյն Խորհրդային շրջանում, ինչպէս օրինակ, Ազգային միացեալ կուսակցութիւնը, հակակոմունիստական շարժումն ու պայքարը, ամբողջովին ազգային դիմագիծ ունեցող գրական-գեղարուեստական ստեղծագործութիւնները եւ այլն: Վերջապէս հէնց այդ ՙռուսոֆիկացած՚ սերունդը երկնեց ու առաջնորդեց Արցախեան շարժումն ու անկախութեան համար խիստ վտանգաւոր շարժումը եւ յաղթեց: Այո, յաղթեց ոչ այլ ոք այդ սերունդն ու Արմէնիզմը:

Իսկ այժմ ու՞ր է այդ Արմէնիզմը...: Փաստ է, որ վերջին աւելի քան 25 տարիներին, երբ մենք անփութօրէն զբաղուած էինք գրպանալցման գործընթացով եւ արցախեան ՀԷԿ-եր, շքեղ սննդի ու էլի չգիտեմ ինչ նպատակների ծառայող հիւրանոցներ եւ երեւանեան մէկը միւսին գերազանցող դղեակներ կառուցելով, մեր պատմական եօթ շրջանները քաղաքական սակարկութեան սեղանների վրայ հրամցնելով, մեր հազարաւոր նահատակների արեամբ վաստակուած յաղթանակը գարշահոտ կենացների վերածելով եւ վերջապէս` իշխանութիւն յափշտակելու համար ներքին ֆիզիկական մաքրագործումներ կատարելով, այդ նոյն ժամանակ պարտուած Ալիեւը Պաքւում չխնայելով ոչ մի տեսակի ու չափի միջոցներ, զբաղուած էր 44-օրեայի ճարտարապետութեամբ (հիմա էլ ցուցանշային կարճ ժամանակում Ֆիզուլիում օդակայան ու այլ վայրերում շատ կարեւոր օբյեկտներ է կառուցում) եւ մանրակրկիտ հաշուարկներով նախագծմամբ...: Ինձ այս օրերին մի հարց է տանջում (մի ողջ սերնդի անհետացումը կը տանջի մինչեւ վերջին շունչս), անկախ ամէն ինչից իսկապէս ե՞րբ ենք վերջապէս խելքի գալու եւ ե՞րբ ենք առերեսուելու մեր ազգային ամօթին, պարտուելու ամօթին, ե՞րբ ենք դադարելու սրա-նրա փողերով ու թելադրանքներով քաղաքականութիւն խաղալուց, ե՞րբ ենք սթափուելու վերջապէս եւ վերստեղծելու մեր միակ, մեր մաքրամքուր ու անաղարտ, մեր գոյութիւնը դարեր շարունակ պահպանող արմէնիզմը…

Մի բան օրէցօր աւելի յստակ է դառնում: Եթէ չսթափուենք ու ազգաշահ քայլեր չանենք, Հայաստանում ամենամօտ ապագայում ինքնիշխանութիւնը կը վերածուի պարզ ու հասարակ ծիսականութեան: Սա այն պատճառով, որ ակնյայտ է` ազերիները ինչքան որ առաջ են եկել, այլեւս դրանից հետ չեն գնալու եւ մեր ՙբարեկամն ու դաշնակիցը՚, ինչպէս այդ մասին արդէն հաստատեց Ռուսաստանի ղեկավարը, բոլորովին մտադրութիւն չունի իր ազդեցութեան վաղեմի շրջանները յանձնել այլ ուժեղ տէրութիւնների: Այստեղ արդէն չի օգնի նոյնիսկ իշխող քաղաքական ոյժի նկատմամբ մեղադրականներ կարդալը: Քանզի դրանից ոչինչ չի փոխուի եւ նախկինում թոյլ տուած սխալների պատճառների բացայայտումը կարեւոր է լոկ մեր ներքին լսարանի համար: Փաստ է այլեւս, որ արտաքին քաղաքական դաշտում, Հայաստանում այլեւս որոշող կողմ չի եւ այն աստիճանի է խեղճացած ու պատերազմից վախեցած, որ ատրպէյճանական կողմը առանց մեր կարծիքը հարցնելու էլ թռիչքներ կ'իրականացնի Սիւնիքի վրայով: Իրանի գործօնն էլ չենք կարող օգտագործել, քանի որ վախենում ենք ռուսների նեղանալուց: Վերջիններս էլ իրենց վերապահելով վճռորոշ խօսքի իրաւունքը` ցար Պուտինի բերանով Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ դէմարկացիայի ¥սահմանազատում¤եւ դելիմիտացիայի ¥սահմանագծում¤ անհրաժեշտութիւնը շեշտելով հասկացնում են, որ ինչպէս իրենք կ'որոշեն այնպէս էլ կը լինի սահմանագիծը (Վիլսոնի ականջը կանչի):

Ակնյայտ է նաեւ, որ Ռուսաստանին այնքան էլ հաճելի չեն Մինսկի խմբի շրջանակներում բանակցութիւնների շարունակութիւնը: Պուտինը պարզ հասկացրեց, որ անհրաժեշտ են հայ–ատրպէյճանական սահմանագծի ճշգրտումը, Ատրպէյճանի համար Հայաստանով Նախիջեւանի հետ կապի եւ ՀՀ տնտեսական կապուղիների ապաշրջափակման անհրաժեշտութիւնը: Այսինքն` ԼՂՀ-ն լինելու է ռուսական հովանաւորեալ, իսկ հայ–ատրպէյճանական սահմանագիծը, այն կողմ է թողելու այդ տարածքը, որը փաստացի լինելու է ռուսական եւ ոչ թէ ատրպէյճանական հատուած: Կարծում եմ, որ ասուածից մեր ազգասէրները չպիտի շատ վրդովուեն, քանի որ կոնկրէտ այս պահին այդ իրավիճակին չյարմարուելու եւ ռուսներին հակադրուելու դէպքում միայն կը կորցնենք եւ ոչ թէ կը շահենք:

Ուրիշներին մեղադրելու փոխարէն պիտի հասկանանք վերջապէս, որ մեղաւորները հէնց մենք ենք, որ այսպէս արժեզրկեցինք բարձրագոյն արժէք պետականութիւնը, չգնահատեցինք դրա մեծ խորհուրդը եւ անյագ գրպանալցումով եւ անօգուտ գզվռտոցով զբաղուելով լրիւ կորցրեցինք մեր ինքնուրոյնութիւնը եւ յայտնուեցինք ամէն պարտադրանք անտրտունջ կատարողի դերում: Փաստն այն է, որ ազերիներն այսօր որդեգրելով սողալով իւրացնելու քաղաքականութիւնը անընդհատ առաջ են շարժւում, աւելի ու աւելի են խորանում մեր սահմաններից ներս, նստում են մեր ռազմավարական կարեւոր դիրքերի վրայ, իսկ այդ ամէնին ռուսները մատների արանքով են նայում: Մեզ էլ մնում է պարծենալ, որ կապուղիների ապաշրջափակումը տնտեսապէս կը զարգացնի մեր երկիրը:

Արդէն կրճատել ու շարունակում ենք պակասեցնել բանակի թուաքանակը եւ հպարտանալ, որ բիւջէում աւելացած միջոցներ կան, մոռանալով, որ դրա ահռելի մասը անտրամաբանօրէն տրամադրուել է ոստիկանութեանը: Խօսւում է նաեւ բանակը պրոֆէսիոնալ դարձնելու անհրաժեշտութեան մասին: Բնագաւառի մասնագէտը չեմ եւ չեմ վիճարկի, սակայն հարկաւոր նաեւ լրջօրէն խորհել, թէ ինչ կարող է լինել, երբ յանկարծ ռուսները գնան, որը որեւէ պահին հնարաւոր է: Չմոռանալ, թէ ինչու՞ է Ատրպէյճանը շարունակում յարատեւ զինուել եւ բանակն աւելի ու աւելի ուժեղացնել: Իսկ մենք ըստ էութեան ոչինչ չանելով ձեռքներս ծալած լուռ եւ խեղճացած նստել, հրաշքի ու սահմանագծմանը եւ խաղաղութեան պայմանագրին ենք սպասում: Իսկապէս հարց է առաջանում. եթէ իրօք Ատրպէյճանն էլ է խաղաղութիւն ցանկանում, ապա ինչու է շարունակում յընթացս զինուել: Պատասխանը մէկն է` մեզ է խաբոմ եւ խելացի է: Ի հարկէ, խաղաղութիւնն ու պատերազմները յաւերժական չեն: Յաղթողը կարող է դառնալ պարտուած եւ հակառակը: Կարեւորը մեզ համար պարտուածի հոգեվիճակի հետ չհամակերպուելն է եւ դրանից դուրս գալու ելքի որոնումը: Թէ չէ, կարող ենք գոյատեւել ինչպէս դարեր շարունակ անցեալում. ՙԱպրենք, որովհետեւ մեռնելն աւելի վատ է՚ կարգախօսով, այսինքն` ինչպէս մեր թշնամիներն են մշտապէս ցանկացել: Մի բան, որին ինքս բոլորովին համաձայն չեմ եւ կ'անեմ ամէն ինչ սոսկ գոյատեւելու համար ապրելը մերժելու համար: Որովհետեւ երբ գիտես, որ տեղի է ունենալու հերթական քայլն ազգի դէմ ու չես կանխում, նշանակոմ է ինքդ կրկնակի դաւաճան ես: Այս յօդուածն էլ այդպիսի քայլերը բացառելու յորդոր-կոչ է հէնց:

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ, ՊԳԴ, Փրոֆէսոր

Երեւան