ՙԱՄԷՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՒՈՐ Է, ԲԱՅՑ ՈՐՔԱՆ ՄՕՏԵՆՈՒՄ Է ԲԵՐՁՈՐԻ ՅԱՆՁՆՄԱՆ ՕՐԸ, ԱՅՆՔԱՆ ԱՅՆ ՊԱՀԵԼԸ ԱՒԵԼԻ ԴԺՈՒԱՐ Է ԴԱՌՆՈՒՄ՚.
ՆԱՅԻՐԻ ՀՈԽԻԿԵԱՆ
Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքի, այդ միջանցքը շրջանցող, դեռեւս կառուցման փուլում գտնուող ճանապարհի, յարակից գիւղերի ու այլ կարեւոր թեմաների շուրջ ՙՊայքար՚-ի թղթակիցը զրուցել է լրագրող, մետիափորձագէտ, հասարակական գործիչ Նայիրի Հոխիկեանի հետ:
-Պարոն Հոխիկեա՛ն, ի՞նչ իրավիճակ է տիրում այս պահին Բերձորում եւ Աղաւնոյում: Դուք մշտական կապի մէջ էք տեղի բնակիչների հետ, ի՞նչ տրամադրուածութիւն ունեն նրանք:
-Նշուած բնակավայրերում ապրում է գրեթէ 400 մարդ, ովքեր շարունակում են իրենց կենցաղը ինչպէս նախկինում: Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի իշխանութիւնների պարտուողական յայտարարութիւնների ֆօնին, ի հարկէ, մարդկանց մօտ անորոշութիւն եւ անհանգստութիւն կայ, բայց մեծ մասամբ նրանք դրսեւորում են յամառութիւն, զբաղւում են գիւղատնտեսութեամբ, ոմանք նոյնիսկ վերանորոգում են իրենց տները:
-Բազմիցս անդրադարձել էք Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհի մասին. կը մանրամասնէ՞ք` ինչ վտանգներ է պարունակում դա:
-Նոր ճանապարհի վտանգները մի քանիսն են: Դրանցից ամենագլխաւորը կարելի է համարել ճանապարհի` բարձունքների վրայով անցման հատուածը: Դա նշանակում է, որ Հայաստանն Արցախի հետ կապող առայժմ միակ ճանապարհը դիտարկուելու է թշնամու կողմից, իսկ պատերազմի դէպքում թըշնամին աւելի հեշտ կը կարողանայ խանգարել զէնքի եւ զօրքի տեղափոխմանը:
Դրան աւելացնենք նաեւ անյարմար բնակլիմայական պայմանները, ինչպէս նաեւ ձմռանը ձիան առատութիւնը, որը յաճախ խնդիրներ կարող է ստեղծել ճանապարհի երթեւեկութեան համար: Աւելացնենք նաեւ Արցախ մտնող ենթակառուցուածքների` գազի, ելեկտրականութեան, համացանցի, հեռախօսագծի խնդիրը, որոնք այս պահին գործող միջանցքում են, իսկ դրանց տեղափոխումը մեծ, միլիոնաւոր դոլարների ծախս ու երկար ժամանակ է պահանջում:
-Այս պահին որո՞նք են Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների, ընդդիմադիրների եւ հասարակական շերտերի առաջնային անելիքները:
-Տարբեր հարթութիւնների մասին ենք խօսում: Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն իրենց գլխաւոր անելիքն արել են` Արցախի հարցում գործարքի մէջ են մտել թշնամու հետ ու տուել ամենաթանկը` մեր երկրի մի մասը: Ընդդիմութիւնը պէտք է իր մէջ ուժ գտնի` իշխանութեան գալու ձգտումը փոխարինելով պետականութեան համար ինքնազոհաբերուելու ձգտումով:
-Ամէն դէպքում հնարաւո՞ր էք համարում Բերձորի ու Աղաւնոյի պահպանումը:
-Ամէն ինչ հնարաւոր է, բայց որքան մօտենում է Բերձորի յանձնման օրը, այնքան այն պահելը աւելի դժուար է դառնում, մանաւանդ որ հանրութեան շրջանում էլ պայքարի ոգի ու ցանկութիւն առանձնապէս չկայ: Այլ հարց է Աղաւնոն, որը պահպանելը աւելի հեշտ կարող է լինել, եթէ ունենանք կայուն ռազմավարութիւն եւ մարտավարութիւն:
-Ամենաքիչը խօսւում է Սուս գիւղի մասին. մի փոքր պատմէք` ի՞նչ գիւղ է դա, որքա՞ն բնակչութիւն ունի եւ այլն:
-Սուս գիւղը Արցախի Քաշաթաղի շրջանի այն երեք բնակավայրերից մէկն է, որը 2020թ. պատերազմից յետոյ մնացել է հայկական կողմի հսկողութեան տակ: Այդ գիւղում շատ մարդ չի ապրում` մօտ 10 հոգիներ, որոնք էլ զբաղուած են անասնապահութեամբ: Գիւղը մինչեւ պատերազմը ունեցել է մօտ 100 բնակիչներ, որոնք լքել են իրենց բնակավայրը պատերազմից յետոյ:
-Ճանապարհի փոփոխութեան դէպքում Սիւնիքի մարզում (ենթադրեալ շփման գօտում) հնարաւո՞ր են նոր ՙսահմանային՚ վէճեր եւ բախումներ:
-Անպայման կը լինեն նման խնդիրներ, քանի որ Ատրպէյճանը շարունակում է նպատակներ ունենալ նաեւ Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի առումով: Եթէ Բերձորի գործող միջանցքը տրուի Ատրպէյճանին, ապա թշնամու զօրքերը տեղակայուելու են Հայաստանի հանրապետութեան Սիւնիքի մարզի Տեղ գիւղի անմիջապէս յարակից տարածքում եւ Տեղ ու Կոռնիձոր գիւղերի արօտավայրերում` խնդիր ստեղծելով նաեւ այդ համայնքների գիւղատնտեսութեան համար: Բնական է, որ այստեղ եւս ադրբեջանցիները անընդհատ բախումներ են հրահրելու:
Զրուցեց` ԳԷՈՐԳ ԳԻՒԼՈՒՄԵԱՆ
Երեւան