ԱՒԱՆԴԱԿԱՆՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐԸ ԶԻՐԱՐ ՄԻԱՁՈՒԼՈՂ ՆԿԱՐԻՉԸ
Այսպէս կարելի է բնութագրել հայ ժամանակակից գեղանկարիչ Վիլիկ Զաքարեանին, որի ստեղծագործութիւնը բազմաթեմա է ու բազմաժանր: Նրան հետաքրքրում են առասպելական-դիցաբանական նիւթերից մինչեւ մեր օրերի հրատապ թեմաները: Դրանք յաճախ արտայայտւում են նկարաշարերով, որոնց մաս կազմող գործերը միաւորւում են ոչ միայն արտաքին չափսերով ու համադրութեան կառուցուածքով, այլեւ նոյն թեմայի շարունակական արծարծումներով ու մեկնաբանութիւններով:
Աւելին. միեւնոյն կտաւում եւս յաճախ կարելի է տեսնել ոեւէ թեմայի նիւթին զարգացումը, երբ սովորական նկարը վերածւում է նկար-պատմութեան: Բերենք ընդամէնը 2 օրինակ: Նախ` ՙՔրիստոս՚ խաչաձեւ կոմպոզիցիան, որտեղ Միածնի կերպարը պարագծուած է նրա կեանքի տարբեր դրուագներով` ծնունդից մինչեւ խաչելութիւն: Միւսը, որ կոչւում է ՙԱսպետի սէրը՚, ստեղծուած է երազի ու իրականութեան սահմանագըծին. կոմպոզիցիայի ձախ կողմում կինն է, իսկ ամբողջ կտաւին` նրա տեսիլքները:
Դիտում ես Վիլիկի վրձնած կտաւները եւ համոզւում, որ կոմպոզիցիայի ակնյայտ վարպետ է նա. գրաւում է ծաւալների կշռոյթը, լուսային խաղը, սովորական ներկի` գեղանկարչական գոյն դառնալու մոգական ընթացքը: Յատկապէս տպաւորում են գծի ու գոյնի փոխներթափանցման հետաքրքիր զուգորդումները եւ դրանց ձոյլ միասնութիւնը:Նրա գիծն իմաստակիր է ու ընդհանրացուած: Երբեմն այն ոչ թէ նախորդում, այլ յաջորդում է գոյնին` ասես ծնուելով վերջինից եւ աատ ճախրանքով ու քմահաճ պտոյտներով պարագծելով նկարի ողջ մակերեսը:
Վիլիկ Զաքարեանի երկարավիզ ու հերարձակ հերոսուհիները, որ ակնյայտօրէն Մոդիլիանիի ազդեցութիւնն են կրում, որպէս կանոն, չունեն յստակ արտայայտուած դիմագծեր: Ունեն, սակայն, արտայայտիչ հայեացք, խորը քնարականութիւն եւ տրամադրութիւն հաղորդող ներքին ոյժ: Նրանց ներյատուկ յոյզը միշտ գիրկընդխառն է մտքի ու գաղափարի հետ: Նկարչի ՙԺամանակ՚ն ու ՙԵւաներ՚ի շարքը ասուածի վկայութիւններն են:
Ընդհանրացումների ձգտող նկարիչը յաճախ է օգտագործում զանազան խորհրդանիշեր եւ երկրաչափական մարմինների գծապատկերներ` գամեր, եռանկիւնիներ, յատակագծեր, սլաքներ եւ այլն: Համադրելով առաջին հայեացքից անհամադրելի թուացող առարկաներ եւ դիմելով պայմանական այլ միջոցների` նա այլաբանական պատկերներ է վրձնում` իւրաքանչիւր առարկայի մէջ խտացնելով ինչ-որ իմաստ: Հետաքրքիրն այն է, որ խախտուած համամասնութիւնները հնչում են ներդաշնակ` ստեղծելով ակնահաճոյ ու առինքնող մի միջավայր, գեղարուեստօրէն յագեցած տարածութիւն: Ընդ որում` վերջինս յաճախ ՙընդմիջւում՚ է շախմատային տախտակ յիշեցնող քառակուսիների պատկերումներով: Իմաստուն այդ խաղը նկարչի համար չարի ու բարու, լաւի ու վատի եւ, ընդհանրապէս, կեանքի հակադրութիւնների յաւերժական պայքարի խորհրդանիշ է:
Ժամանակի ընթացքում փոխուել է արուեստագէտի երփնագիրը` դարչնագոյնի ու շագանակագոյնի նրբերանգներից անցնելով արծաթաւունին: Այժմ էլ գերակշռում են վառ գոյները` դեղինը, կապոյտն ու կարմիրը, որոնց նախկինում չէիր հանդիպի: ՙԻնչո՞վ է պայմանաւորուած նման փոփոխութիւնը՚ հարցիս, արուեստագէտը պատասխանում է. ՙՄարդ երբեք չի մնում նոյն կէտի վրայ: Կեանքը փոխւում է, ուստի փոխւում է նաեւ վերաբերմունքը կեանքի հանդէպ՚:
Իհարկէ, երբեմն դժուար է լինում որոշել Վիլիկի այս կամ այն գործի պատկանելութիւնը վերացապաշտ կամ մէկ այլ գեղարուեստական ուղղութեան: Նրա ստեղծագործութիւններն առանձնանում են մօտեցումների բազմազանութեամբ: Առաջին հայեացքից վերացական թուացող ոեւէ նկարում ուշադիր հայեացքի դէպքում յանկարծ կը յայտնաբերես կնոջ մարմնի տարրալուծուած պատկեր կամ մէկ այլ առարկայ: Այս կերպ նկարիչը, ասես միտումնաւոր, խառնում է տարբեր ՙիզմ՚երի սահմանները` հաստատելու համար պարզապէս լաւ նկարչութեան գաղափարը: Ընդհանուր առմամբ, նրա արուեստը կիրթ է ու գրագէտ, զգացառատ ու խոհուն:
Նա ազնիւ է իր մտորումներում, երբ գրում է. ՙԱրուեստի մէջ չեմ հանդուրժում այն, երբ արհեստավարժ հիմք չունենալով` փորձում են ՙգլուխգործոցներ՚ ստեղծել: Չեմ ընդունում նաեւ արուեստի քողի տակ շահարկուող կեղծ փիլիսոփայութիւնը: Ինձ համար անընդունելի է, երբ ներկը որոշակի հեռաւորութիւնից շաղ են տալիս կտաւի վրայ եւ ստացուած անհասկանալի պատկերը որակում արուեստ, այնուհետեւ փորձում փիլիսոփայական մեկնաբանութիւներ անել: Դա ինձ համար արուեստ չէ: Նման բան կարող է անել ոեւէ մարդ: Արուեստը պէտք է ունենայ իր ողնաշարն ու կառուցւածքը, ներքին հարստութիւնն ու գունային ներդաշնակութիւնը՚:
Վիլիկ Զաքարեանը վաղուց ի վեր իր ՙաշխարհն՚ ու ոճը գտած, իր անշփոթելի ձեռագիրն ունեցող նկարիչ է: Այդուհանդերձ նա շարունակում է որոնել եւ գտնել նոր արտայայտչաձեւեր ու միջոցներ` հաստատելով փորձարար ու նորամուծութիւնների վարպետի իր համբաւը: Այսպէս. իր ծննդեան 70-ամեակին նուիրուած եւ այս տարի Հայաստանի Նկարիչների միութեան մեծ ցուցասրահում կազմակերպուած ՙԺամանակի եւ տարածութեան միջով՚ անհատական ցուցահանդէսում այցելուները խմբւում էին յատկապէս, այսպէս կոչուած, ՙշարժական նկարների՚ առջեւ, որոնցում հեղինակը կարողացել էր բառիս բուն իմաստով շարժում ու ուժականութիւն հաղորդել իր գեղանկարներին:
Այդ կերպ նա նոր մօտեցում է հանդես բերում աւանդական կամ ՙստատիկ՚ նկարներին եւ բացում նոր կածան հայ (եւ ոչ միայն հայ) գեղանկարչութեան պատմութեան մէջ: Արդիւնքում նախ` ձեռքի մի հպումով հնարաւոր է դառնում տեղաշարժել պատկերուած դէմքը` փոփոխելով նկարի կոմպոզիցիոն ողջ դասաւորութիւնը: Ապա` երկրաչափական բաժանարարների միջոցով անում է այնպէս, որ փոխուի ստեղծագործութեան գունային կոլորիտը` նայած թէ որ կողմից ես դիտում այն (ՙԴիմակով կինը՚): Հետաքրքիր է նաեւ ՙբացուածքներով նկարների՚ շարքը, երբ դրանք տարագոյն պատերին կախելիս, առկայ բացուածք-անցքերից միջավայրը յորդում է ներս` նոր շունչ հաղորդելով միեւնոյն պատկերին:
Այս ամէնով հանդերձ, յատկանշական է այն ներքին խաղաղութիւնը, որ կայ Վիլիկի գրեթէ բոլոր ստեղծագործութիւններում: Նրա նկարներում ես անհանգիստ հանգըստութիւն եմ զգում, խոհուն քնարականութիւն: Ինչ էլ որ պատկերի` բնութեան թէ մարդկային առօրեայի ինչ-որ տեսարան, հեղինակը ներդաշնակութիւն է որոնում եւ տեսնում այն ամէնուրեք` նոյնիսկ առաջին հայեացքից քաոսային թուացող իրավիճակներում: Այս ամէնի պատճառը մէկն է. ներդաշնակութիւնն արդէն իր հոգում է, իր ներաշխարհում:
Նկարչի համար Աստուծոյ պարգեւած իւրաքանչիւր օրը լաւագոյն առիթ է` կերտելու արուեստի նորանոր ստեղծագործութիւններ: Դրանք կարծես գալիս են հաստատելու այն ճշմարտութիւնը, թէ կեանքը գեղեցիկ ապրելու համար երբեմն ի՛նքդ պիտի այն գեղեցկացնես: Դա էլ իր ստեղծագործութեամբ անում է Վիլիկ Զաքարեանը` գեղեցկացնելով ոչ միայն իր, այլեւ իր արուեստի բազում երկրպագուների կեանքը:
ԼԵՒՈՆ ԼԱՃԻԿԵԱՆ
Երեւան