ԳՐԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ
ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ
ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ 125-ԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆԻՆ
Այս տարին յոբելեանական էր Թէքէեան Մշակութային Միութեան համար: Լրացաւ Միութեան հիմնադրման 75-ամեակը: Այդ կապակցութեամբ թէքէեանցիները կազմակերպել էին բազմաթիւ միջոցառումներ, որոնցից մէկն էլ` նուիրուած էր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդեան 125-ամեայ յոբելեանին: Այն տեղի ունեցաւ Հինգշաբթի, Դեկտեմբերի 1, 2022-ին, ԹՄՄ Պէշկէօթիւրեան կեդրոնում:
Երեկոյին ներկայ էին ԹՄՄ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Երուանդ Ազատեանը, կեդրոնական եւ շրջանային վարչութիւնների անդամեր, հիւրեր` հս. Ամերիկայի արեւելեան ափերից, թէքէեանցիներ, համակիրներ, գրասէր հասարակութիւն:
Երեկոն ներածական խօսքով բացեց ԹՄՄ արեւմտեան շրջանի վարիչ քարտուղարուհի` Մայտա Քիւրէճեանը:
Գրական-երաժշտական երեկոյին, մասնակցում էին համայնքում յայտնի երգիչ-երաժիշտներ` Գագիկ Բատալեանը, Սալբի Մայիլեանը, Էտկար Խաչատուրեանը, Լիլիթ Խոճայեանը (քանոն), Արմէն Ստեփանեանը (տուտուկ), Ալպերթ Օրտինեանը (տհոլ), Ռոմա Կանեանը (ստեղնաշարային գործիք), որոնք Չարենցի բանաստեղծական տեքստերի վրայ գրուած Սասուն Պասկեւիչեանի, Վլատիլեն Բալեանի, Արմէն Մանդակունեանի եւ Աշոտ Սաթեանի երգերի իրենց անզուգական կատարումներով հիացրեցին հանդիսատեսին: Հնչեցին ՙԷլի գարուն կը գայ՚, ՙԵրազ տեսայ՚, ՙԵրբ էս հին աշխարհը մտայ՚, ՙԱմէն տեսակ երգ երգեցի՚, ՙԿ’ուզեմ հիմի փչէ զուռնեն՚, ՙՁիւնապատ լեռներ՚ երգերը, արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարութիւններին:
Չարենցի քնարական եւ հայրենասիրական բանաստեղծութիւններից մի բոյլ արհեստավարժօրէն ասմունքեց տաղանդաւոր բանաստեղծ, բեմադրիչ-դերասան` Դաւիթ Ասատուրեանը:
Ընդամէնը քառասուն տարի ապրեց Չարենցը եւ ուղիղ քառորդ դար տեւեց նրա գրական ճանապարհը: Այդ ճանապարհի սկզբում` 1912 թուականին ՙՊատանի՚ ալմանախում տպագրուել է նրա անդրանիկ բանաստեղծութիւնը, իսկ ճանապարհի վերջում` 1937 թուականի աշնանը, իր կեանքի ճակատագրական պահին գրել է այն ուղերձը, որ նա նուիրել է Աւետիք Իսահակեանին. ՙԱ՛յս է, սիրելի Աւետիք: Ոգով պայծառ եմ եւ առոյգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպէս ընկճում ու յօշոտում: 1937գ6.X. բանտ՚:
Այս երկու ծայրաթեւերի միջեւ է ամփոփուած մեծ բանաստեղծի փոթորկոտ կենսագրութիւնը` լեցուն ստեղծագործական վիթխարի մաքառումով, միշտ ՙդէպի նոր, անհաս բարձրութիւններ՚ ձգտելու անկոտրում կամքով:
Իր ապրած տարիների բուռն ու անհանգիստ, որոնումներով եւ կտրուկ անցումներով, վերելքներով ու կեռմաններով լեցուն էր նաեւ Չարենցի ստեղծագործական ուղին: Չարենցը հաւատաց յեղափոխութեանը: Նա ոչ միայն յեղափոխութեան առաջին տարիների պատմական դարաշրջանն արծարծեց իր երկերում, այլեւ որպէս մեծ արուեստագէտ եւ անկրկնելի անձնաւորութիւն, իր անդուլ նորարարական ոգին ու հայրենիքի` նայիրեան երկրի հանդէպ տածած անսահման սէրը արտացոլեց իր ստեղծագործութիւններում: Չարենց-բանաստեղծն ու Չարենց-մարդը այդ դարաշրջանի անեղծելի յուշարձաններ են, որոնք դուրս են եկել իրենց ժամանակի սահմաններից, դարձել են յաւերժութեան ուղեկիցներ:
Արդէն 85 երկար ու ձիգ տարիներ են անցել Չարենցի ողբերգական վախճանից, բայց նա շարունակում է քայլել ժամանակի հետ իբրեւ կենդանի բանաստեղծ: Նա շռնդալից կերպով մուտք գործեց ընթերցողի գիտակցութեան մէջ եւ դարձաւ մեր էութեան, մեր ազգային գիտակցութեան անբաժան մասը: Լիովին իրականացել է Չարենցի մարգարէական կանխատեսումը, երբ դիմելով ինքն իրեն նա ասում էր.
Դու քո երգով
Ընդմիշտ կապուած ես այս մեծ դարին.
Եւ ինչպէս օրը օրացոյցից
Անհնարին է նետել մի կողմ –
Այնպէս անունը քո աղմըկող
Հա՛ր մնալու է օրերին կից, -
Այս օրերի՛ն, այս տարիների՛ն,
Այս տարիների հրին, սրին: -
Ահա այսպիսի մթնոլորտում եւ այս շնչով անցաւ չարենցեան երեկոն, որի գեղարուեստական ղեկավարը եւ հանդիսավարն էր գրականագէտ Լիլիթ Քէհէեանը, որն ընդամէնը ժամ ու կէս տեւողութեամբ յայտագրի ընթացքում շատ հակիրճ ու համառոտ, բայց եւ գեղարուեստօրէն արհեստավարժ կերպով ներկայացրեց Չարենցի կենսագրութեան ամենակարեւոր տարրերը ներկաներին:
Գեղարուեստական յայտագիրը, ինչպէս եւ սպասւում էր, եզրափակուեց Չարենցի` Ուիլիամ Սարոյեանի բնութագրմամբ աղօթք դարձած ՙԵս իմ անոյշ Հայաստանի՚ երգով` Սալբի Մայիլեանի եւ Էտկար Խաչատուրեանի կատարմամբ, որի երաժշտութիւնը գրել է Աշոտ Սաթեանը:
Վերջում, Լիլիթ Քէհէեանը բեմ հրաւիրեց ԹՄՄ Կեդրոնական Վարչութեան ատենապետ, գրականգէտ, հրապարակագիր` Երուանդ Ազատեանին` երեկոյի փակումն ազդարարելու համար: Պարոն Ազատեանն իր փակման խօսքում մասնաւորապէս ասաց, որ Հայաստանից հազարաւոր մղոններ հեռու, այստեղ` այս հեռաւոր ափերում Չարենցը իր հանճարով լուսաւորում է մեզ, մէջբերելով Չարենցի Յովհաննէս Թումանեանին նուիրուած յայտնի քառատողը, ուր ասւում է, որ այս հանճարեղ լոռեցին Հոմերի, Գյոթէի հետ սեղան է նստել եւ թաս է բռնել... Ի մեծարումն Չարենցի նա յուզումնախառն յաւելեց, որ ինքն այժմ ուզում է այդ խրախճանքի սեղանի շուրջը տեղաւորել նաեւ Չարենցին: Նա նաեւ շնորհակալական խօսք ասաց յոբելեանական յանձնախմբի անդամներին` նման բարձրորակ երեկոյ կազմակերպելու համար, ինչպէս նաեւ իր շնորհաւորական ուղերձը յղեց թէքէեանցիներին իրենց միութեան յոբելեանի կապակցութեամբ: