top of page
Baikar Blue logo.png

ԱՐՑԱԽԻ ԳՐԱՒԵԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՒՈՒՄ

Հակառակ միջազգային հանրութեան, հիմնականում սին, աղաղակներին ու այդպէս էլ դատ չդարձող դատապարտման կոչերին, թշնամական Ատըրպէյճանն այսօր էլ շարունակում է ոչնչացնել բռնազաւթուած հայկական տարածքներում գտնուող մշակութային ժառանգութիւնը: Դա նոր քաղաքականութիւն չէ, ի հարկէ, այլ ունի գոնէ հարիւր տարուայ պատմութիւն: Հէնց այդպէս:

Արդէն աւելի քան մէկ դար միջին Ասիայից Հայկական լեռնաշխարհ թափանցած եւ լեռնաշխարհի մեծ մասը բռնազաւթած թիւրերը ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգութիւնը` ջնջելու հայկական հետքը: Դրա մասին շատ է խօսուել, տասնեակներով հատորներ են տպագրըւել, հազարաւոր յօդւածներ ու հրապարակումներ, բայց այդպէս էլ վանդալիզմը կանգ չի առել:

Մինչեւ 2020 թուականը մեզ յայտնի թրքական վանդալիզմի ամենաթարմ դէպքը Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգութեան ի սպառ ոչնչացումն էր, իսկ, ահա, նշուած թըւականից յետոյ, այսօր, ամենաթարմ դէպքերը տեղի են ունենում Արցախում, բայց չենք կարող նշել ամենա-ամենայ թարմը, քանի որ այդ դէպքերը կրկնւում են, կրկնւում են ամէն օր, ամէն ժամ:

Ատրպէյճանցի յորջորջուած թուրքերը ոչնչացնում են հայկական գերեզմանատները, եկեղեցիներն ու վանքերը, խաչքարերը, կամ էլ, մեր հազարամեայ մշակոյթն աշխարհին ներկայացնում որպէս ալպանական: Սա յանցագործութիւն է երկրագնդի մարդկութեան դէմ, քանի որ հայկական մշակոյթն իր անկրկնելիութեամբ, իր ճոխութեամբ իզօրու է սնուցել աշխարհի չորս ծայրերի գեղագիտական պահանջները: Վանդալիզմի այս դրսեւորմանն անդրադարձել են, ինչպէս վերը նշեցի, նաեւ մի շարք միջազգային կառոյցներ ու լրատուականներ, որոնցից է նաեւ BBC

Օրինակ` այս տարուայ նոյեմբերի 10-ին այդ լրատուականի աշխատակից Օլգա Իւշինան հրապարակել է ծաւալուն յօդուածը, որտեղ խօսելով ահաբեկչական Ադրբեջանի շարունակուող ահաբեկչական վարքագծի մասին, յստակ նկարագրութիւններով ու մանրամասներով ներկայացուած են Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գիւղի գերեզմանատան, գիւղի դպրոցի եւ Սուրբ Աստուածածին եկեղեցու  ոչնչացումներու պղծման գործողութիւններու մասին:

Լրագրողն իր ծաւալուն յօդուածում անդրադառնում է  ՙՄեծ Թաղեր՚ կոչուող գերեզմանատան` ատրպէյճանցիների կողմից իրականացուած աւերման փաստին եւ նշում, որ դարեր շարունակ այստեղ հայեր են ապրել: Այնուհետեւ, նկարագրելով գլխաւոր ճանապարհից մի քանի տասնեակ մեթր հեռաւորութեան վրայ գտնուող  գիւղը, եւ այնտեղ 1846 թուականին կառուցուած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, յօդուածագիրը բազմաթիւ մանրամասներ է հաղորդում այստեղ ատրպէյճանցիների կողմից  իրականացուած աւերման, պղծման, ինչպէս նաեւ վանդալիզմի մի շարք այլ փաստացի գործողութիւնների մասին.

ՙՄուտքի փայտեայ դռները կոտրուած  են, եկեղեցու դռան մօտ Յիսուս Քրիստոսի կոտրուած քարէ գլուխն է: Մուտքի կամարի տակ  եկեղեցու մանրամասնութեանց փշրանքներ են: Հիւսիսային պատի մօտ գտնուող հին տապանաքարերից մի քանիսը կոտրուած են, իսկ ոտքերի տակ գլորւում են սպիտակ քարեր՚:

Անդրադառնալով աղօթասրահին` լրագրողը նշում է.

ՙԱղօթասրահի կեդրոնում փայտէ նստարան է` ծածկուած փոշու հաստ, հաւասար շերտով: Եւս մէկը` շրջուած, ընկած է մօտակայքում: Երրորդ նստարանը ինչ-ինչ պատճառներով յենուած է Աւագ խորանին: Խորանի վրայ եւ որոշ պատերի վրայ կարմիր մեծ տառեր են` անուններ, որոնք այստեղ թողել են ատրպէյճանցի զինծառայողները, ովքեր 2020 թուականի աշնանը առաջինն են մտել գիւղ: Եկեղեցական կահ կարասուց  գրեթէ ոչինչ չի մնացել: Ատրպէյճանցիները թողել են միայն պատռուած սրբապատկերի կէսը՚:

Յօդուածի յաջորդ բաժնում լրագրողն անդրադառնում է նաեւ Մեծ Թաղեր գիւղին, որտեղից բռնի տեղահանուեցին արցախցիները պատերազմի հետեւանքով, նա նկարագրում է գիւղի լքուած կեանքը. կոտրուած դարպասներ, փշրուած ապակիներ, ինչ որ մէկի մեքենայի ժանգոտուող մետաղ եւ այլն: Անդրադառնում է նաեւ գիւղի  եռայարկ դպրոցին, նշելով, որ հայերի կողմից վերանորոգուած դպրոցի պատերին հայերէն գրութիւններ կան: Նա փաստում է  դպրոցի գոյքի թալանի մասին, միջանցքների պատերին գրուած են ատրպէյճաներէն բառեր: Լրագրողը նշում է. ՙայն միջանցքները, որտեղ երկու տարի առաջ վազում էին հայ երեխաները, այսօր դատարկ են՚:

Յօդուածի շարունակական ընթերցումը թոյլ է տալիս մեզ տեղեկանալ նաեւ Մեծ Թաղեր գիւղի գերեզմանատան աւերման նոր փաստերի մասին:

Արցախեան երկրորդ պատերազմի աւարտից վեց ամիս անց Caucasus Heritage Watch-ը, որը արբանեակային համակարգով Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում է իրականացնում, հրապարակել էր արբանեակային նկարներ, որոնք փաստում են  գերեզմանատան` ատըրպէյճանցիների կողմից աւերման մասին: Լրագրողը, հաստատելով գերեզմանոցի աւերման փաստը, նշում է բուլդոզերի տեսանելի հետքերի մասին եւ փաստում, որ վերջինիս կիրառման հետեւանքով  կիսաքանդ տապանաքարերը աւերուած գերեզմանոցի վերջին հետքերն են:

Երեւան

ԳԷՈՐԳ ԳԻՒԼԻՒՄԵԱՆ

bottom of page