top of page
Baikar Blue logo.png

ՏԷՐ ԶՕՐԻՑ` ՍՈՒՄԳԱՅԻԹ ԵՒ ՊԱՔՈՒ.

ՙՍԵՒ ՇԱԲԱԹՈՒԱՅ՚ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է

Անցեալ դարավերջին` 1988 թուականի նոյեմբերին, խորհրդային միութեան փլուզմանը զուգահեռ, Ատրպէյճանում (պետութիւն, որ հիմնուեց բնիկ հայկական հողերի վրայ` ցեղասպանելով հայերին) ի պատասխան արցախահայութեան ազատ ապրելու արդար որոշմանը, սկիզբ առաւ հայութեան դաժան ջարդերի ու կոտորածների երկրորդ ալիքը, որն, այդ անգամ, ուղեկցըւեց նաեւ լրիւ ունեզրկմամբ եւ բռնագաղթով:  Ամենախոշոր եւ դաժան ջարդերը տեղի ունեցան Կիրովաբադում (Գանձակ), Շամախիում, Սումգայիթում, Շամքորում, Պաքւում, Մինգեչաուրում եւ այլուր: Նոյն ժամանակահատուածում հայաթափուեց ամբողջ հիւսիային Արցախը` Խանլարի, Դաշքեսանի, Շամքորի ու Գետաբեկի շրջանները, որոնք հազարամեակներ շարունակ բնիկ հայկական բնակավայրեր են եղել: Այդ շրջանում հայաթափուեց նաեւ  Կիրովաբադը (Գանձակ). 48 հազար հայ բնակչութիւնն ունեզրկուեց ու բռնեց գաղթի ճամփան: 1988-1990 թուականներին Խորհրդային Ատրպէյճանում հայ ազգաբնակչութեան նկատմամբ հալածանքների, բռնութիւնների, ջարդերի եւ սպանութիւնների գագաթնակէտը դարձան 1990թ. յունուարին Պաքուի հայերի զանգուածային սպանութիւններն ու վերջնական տեղահանումը:

 

Հայերի կոտորածը Սումգայիթում

1988 թ. փետրուարի 26-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցաւ խոշոր հանրահաւաք, ատրպէյճանցի բարձրաստիճան պաշտօնեայ Մելէք Բայրամովան: Մօտ երկու օր շարունակուող հանրահաւաք ամբողջովին ողողուած էր հակահայկականութեամբ եւ հայերին սպաննելու բացայայտ կոչերով: Նրանց հիմնական կարգախօսն էր` ՙՄահ հայերին՚ անասնական կոչը:

Փետրուարի 27-ին երեկոյեան արդէն սեփական իշխանութիւնների բարեհաճութիւնը վայելող եւ նրանց իմացութեամբ բաժանուող ալկոհոլի ու թմրանիւթերի ազդեցութեան տակ գտնուող ատրպէյճանական խուժնն սկսեց բռնի գործողութիւնները: Նրանք բացայայտ կերպով յարձակուեցին հայերի տների վրայ, ջարդուփշուր արեցին ամէն ինչն` այդ ամէնն ուղեկցելով ծեծուջարդով, խոշտանգումներով, սպանութիւններով ու բռնաբարութիւններով:Քաղաքին իրաւապահ մարմինները ոչ միայն չարձագանգեցին, այլեւ, ըստ հաւաստի տեղեկութիւնների, քաղաքացիական հագուստներով սկսեցին մասնակցել արիւնոտ ՙխրախճանքին՚:

Սումգայիթի հայերից շատերը վկայում են նաեւ իրենց բնակարաններում հեռախօսների անջատման, ջարդարարների մօտ բնակարանային շահագործման գրասենեակի կողմից կազմուած հայերի բնակարանների ցուցակների առկայութեան, քաղաքային կառոյցների, իրաւապահ մարմինների եւ բժշկական հաստատութիւնների կողմից աջակցութիւն ցուցաբերելուց հրաժարուելու մասին (այդ փաստերը տեղ են գտել քննչական եւ դատական նիւթերում): ՙՍումգայիթի կոմունիստ՚ տեղական թերթը հետագայում գրել է, որ Սումգայիթի գործարաններում ջարդարարների համար նախօրօք զէնքեր են պատրաստուել, որոնք հիմնականում եղել են ծայրերը նիզակի ձեւով սրուած երկաթէ ձողեր, կտրող-ծակող այլ առարկաներ եւ այլն:

Չհանդիպելով ոստիկանական ուժերի միջամտութեանն ու իշխանութիւնների քննադատութեանը` փետրուարի 28-ին ամբողջը բազմապատկուեց: Մարդասպանները սեփական տներից բերում էին մուրճեր, կացիններ եւ այլ բութ առարկաներ, ջարդում հայերի տների դռներն ու հէնց տան մէջ սպաննում նրանց, յաճախ էլ դուրս հանում փողոց, ծաղրուծանակի ենթարկում, այնուհետեւ դաժանօրէն սպաննում:

Փետրուարի 28-ին երեկոյեան` ջարդերի մեկնարկից երկու օր անց միայն, խորհրդային բանակային ուժերը մտան քաղաք եւ փորձեցին կարգ ու կանոն հաստատել այնտեղ, որը տեղի չունեցաւ նոյն բանակայինների կամքի եւ վճռականութեան բացակայութեան պատճառով: Ջարդերը շարունակուեցին նաեւ այդ ժամանակ: Կարծես արբենալով այդ վիճակից` խուժանը յարձակւեց նաեւ բանակայինների վրայ: Յարձակման հետեւանքով տուժեց 270 բանակային: Միայն դրանից յետոյ` փետրուարի 29-ին բանակային ստորաբաժանումներն անհրաժեշտ չափով ոյժ կիրառեցին եւ հայերի ջարդերը հիմնականում աւարտուեցին: Ըստ խորհրդային տուեալների` ջարդերի ընթացքում զոհուեց ազգութեամբ 26 հայ, հարիւրաւոր մարդիկ վիրաւորում ստացան, շատերն անյայտ կորան: Սակայն ողբերգութեան իրական չափերն առ այսօր անյայտ են: Գոյութիւն ունեն բազմաթիւ տուեալներ, որոնք ապացուցում են, որ զոհերի թիւը զգալիօրէն աւելի մեծ էր: Սումգայիթցի հայերից շատերը, ովքեր իրենց հարազատների մարմիններն էին փնտռում Ատրպէյճանի դիահերձարաններում, պնդում են, որ մահացածների երկու ցուցակ են տեսել` պաշտօնական եւ ոչ պաշտօնական. ընդ որում, ոչ պաշտօնականը զգալիօրէն աւելի երկար էր: Հետաքրքիր է, որ կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին ՙՀէյտար Ալիեւ: Իշխանութեան բեռը՚ ֆիլմում, որը նկարահանուել էր Ատրպէյճանի պատուէրով, վկայում է. ՙՄիայն մէկ գիշերուայ ընթացքում արդիւնաբերական կենտրոն Սումգայիթում աւելի քան 100 հայ է սպաննուել՚:

Խորհրդային իշխանութիւնները քրէական գործեր յարուցեցին տեղի ունեցածի կապակցութեամբ: Միացեալ քննչական խումբը կազմուած էր 181 հոգուց, որը ղեկավարում էր յատկապէս կարեւոր գործերով քննիչ Գալկինը: Խմբում կային նաեւ 20 ատրպէյճանցի քննիչներ: Արդիւնքում` հազարաւոր ատրպէյճանցի ջարդարարներից պատասխանատուութեան ենթարկուեցին միայն 90 հոգին, այն էլ դեռահասներ եւ երիտասարդներ, որոնք, ըստ էութեան, համարժէք պատիժ այդպէս էլ չստացան: Չնայած, որ նրանք մեղադրանքներ էին առաջադրւում ծեծի, սպաննութիւնների, խոշտանգումների ու բռնաբարութիւնների համար, իրաւաբանական խումբը նրանց գործողութիւնները որակում էր որպէս ՙխուլիգանութիւն՚` հեռացնելով նրանցից իսկական մեղադրանքը` ՙնացիզմը, ֆաշիզմը, ազգային հողի վրայ սպանութիւն գործելը՚: Ահա, թէ ինչ է պատմում ականատես Էլմիրա Սեյրանեանը.

ՙԵրկուշաբթի ջարդը հասաւ մեր թաղամաս: Ես հօրս ու հարսիս եղբօր հետ թաքնուած էի Էլդարի տանը, պատշգամբի պահարանում` ես ու հայրս, Սերգեյը` բազմոցի տակ: Իմ աչքով տեսել եմ միայն Սաշայի ու Լոլայի սպանութիւնը: Աղմուկ–աղաղակ էր, սուլոց: 100-150 հոգի էին: Սաշային սպաննեցին մուտքի մօտ, խփում էին փայտերով, ոտքերով: Սաշայի քոյրը` Նատաշան, պատշգամբից գոռում էր, օգնութիւն կանչում: Ինչ եղաւ այդ աղջկան, չիմացանք: Սաշայի դիակը մի քանի ժամ ընկած էր փողոցում, ոչ ոք չէր մօտենում, յետոյ հարեւաններից մէկը տարաւ, բայց ու՞ր, չգիտենք: Սաշայենց տան իրերը` կահոյքը, հեռուստացոյցը, ամէն ինչ շպրտեցին 4–րդ յարկից՚:

Կարելի է ասել, որ դատական նիստերն ուղղակի ծաղրուծանակ էին եւ այդպէս էլ արդիւնք չտուեցին, դեռ աւելին, մի քանի յանցագործի դատելով` մաքրեցին ատրպէյճանական իշխանութիւնների ֆաշիստական գործողութիւնները: Մեղադրեալներից միայն մէկը դատապարտուեց պատժի առաւելագոյն չափի` մահապատժի, սակայն ցայսօր յայտնի չէ, դատավճիռն իրականացուե՞լ է, թէ՞ ոչ: Ջարդարարներից շատերը չհասցրեցին անգամ մէկ ամիս անցակցնել պատժավայրերում, որովհետեւ իշխանութեան հրահանգով շատ արագ ազատ արձակուեցին եւ տարբեր պետական պաշտօններ զբաղեցրին:

 1988 թ. նոյեմբերին Պաքուի բազմահազարանոց հանրահաւաքների ժամանակ յայտնուեցին սումգայիթեան մարդասպանների դիմանկարները` ՙԿեցցեն Սումգայիթի հերոսները՚ կարգախօսներով: Հետագայում Սումգայիթում ջարդեր հրահրելու մէջ մեղաւորներից մէկը` Խըդըր Ալոեւը (բանաստեղծական մականունը` ՙԱլովլու՚, ինչը նշանակում է ՙբոցավառ՚), ընտրուեց Ատրպէյճանի Միլլի մէճլիսի (խորհրդարանի) պատգամաւոր` իշխող ՙԵնի Ազերպայճան՚ կուսակցութեան ցուցակներով:

Սումգայիթի կոտորածի վերաբերեալ ճշմարտութիւնը լռութեան մատնելը, դրա չափերն ու իրական պատճառները թաքցընելը եւ իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելն ուղի հարթեցին Ատրպէյճանի ողջ տարածքով էթնիկ զտումների իրականացման համար, որոնց գագաթնակէտը դարձան 1990 թ. յունուարին Պաքուի հայերի արիւնոտ սպանդն ու տեղահանութիւնը:

 

Հայերի կոտորածը Պաքւում

Սումգայիթի դէպքերն ու դրանց հետեւանքների յաջող ծածկադմփոցը ոգեշընչեց թէ՛ ատրպէյճանական իշխանութիւններին, թէ՛ քաղաքացիներին: Արդէն 1988 թուականի գարնանը Պաքւում սկիզբ առան հայ բընակչութեան հետապընդումներն ու հալածանքները, որոնք շարունակուեցին մինչեւ 1989 թուականը: Սկսեց հայերի` զանգըւածային աշխատանքից հեռացման ընթացքին, նուաստացումները, ծեծը, ջարդը, տննակութիւններ, հրապարակային սպանութիւններն ու այլ ահաբեկչութիւնները: 1990 թուականի յունուարին Պաքւում 250 հազարանոց հայկական բնակչութիւնից մնացել էր շուրջ 35-40 հազար հայ: Դրանք մեծ մասամբ տարեցներ, միայնակ, հիւանդ կամ անապահով մարդիկ էին, ովքեր չէին կամենում կամ պարզապէս չէին կարող հեռանալ, ինչպէս նաեւ նրանց լքել չցանկացած մերձաւորները: 1989 թուականի յունուարի 11-ի մեծ հանրահաւաքի ժամանակ կոչեր հնչեցին հայերի` Պաքուից վտարման եւ Արցախի դէմ զինուած արշաւանքի մասին: Արդէն յունուարի 13-ին հայերի ջարդերը կազմակերպուած բնոյթ ստացան: Այդ օրը երեկոյեան շուրջ 50 հազարանոց կատաղ հորդան հաւաքուեց քաղաքի` Լենինի հրապարակում եւ սկսեց վանկարկել` ՙՓառք Սումգայիթի հերոսներին՚, Կեցցէ Պաքուն առանց հայերի՚ անասնական կարգախօսները: Այդքանից յետոյ նրանք խմբերի բաժանուեցին եւ դիմեցին հայերի տները` նրանց հանդէպ գործածելով լսուած ու չլսուած ամէն տեսակի վայրագութիւն` ծեծ, ջարդ, խոշտանգում, բռնաբարութիւն, սպանութիւն: Առկայ են բազմաթիւ վկայութիւններ` բացառիկ դաժանութեամբ իրագործուած վայրագութիւնների ու սպանութիւնների մասին: Պաքուի հայ գաղթականների վկայութիւնների համաձայն` ջարդարարների գործողութիւնների ծրագիրը նոյնն է եղել: Սկըզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ եւ սկսում ծեծի ենթարկել: Այնուհետեւ յայտնւում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպէս կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդէն պատշաճ կերպով ձեւակերպուած փաստաթղթերով, որից յետոյ տանտէրերին առաջարկւում էր անյապաղ լքել բնակարանը եւ ուղեւորուել նաւահանգիստ: Մարդկանց հիմնականում թոյլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միեւնոյն ժամանակ, խլում էին փողը, թանկարժէք իրերը, խնայողական գրքոյկները: Նաւահանգստում գործում էին Ազգային ճակատի պահակախըմբերը, ովքեր խուզարկում էին գաղթականներին, երբեմն կրկին ծեծի ենթարկում, որից յետոյ արտաքսում:

Այդպիսով` Պաքուի ջարդերը գերազանցեցին Սումգայիթի ջարդերին, թէ՛ տեւողութեամբ, թէ՛ չափերով: Սպաննուածների թիւը ցայսօր ճշգրիտ չէ, բայց ամենատարբեր տուեալներով` մէկ շաբաթ տեւած կոտորածի ժամանակ սպաննուել է մօտ 150-ից 300 հայ: Այդ ամէնը տեղի ունեցաւ ատրպէյճանական իշխանութիւնների, ներքին զօրքերի եւ խորհրդային բանակի` Պաբուի մեծաքանակ կայազօրի անգործութեան ու աչքակապութեան պայմաններում:

Միայն 1990 թուականի յունուարի 20-ի գիշերը ատրպէյճանական մայրաքաղաք մտցուեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք հանդիպեցին Ազգային ճակատի զինուած ջոկատների կատաղի դիմադրութեանը: Քաղաք մուտք գործած զօրքերին լուրջ զինուած դիմադրութիւն ցուցաբերելու մասին վկայում է նաեւ զինծառայողների շրջանում կորուստների թիւը:

Այսպիսով` ակնյայտ է, որ Ատրպէյճանը շատ աւելի վաղ էր ծրագրել իր ցեղասպանական գործողութիւնները, որոնք օղակներն էին այն շղթայի, որով արդէն դարեր շարունակ թրքական ցեղը կաշկանդում է մեզ:

ԳԷՈՐԳ ԳԻՒԼԻՒՄԵԱՆ

Երեւան

bottom of page