
Մտորումներ Ռուս-Ուքրանական
Պատերազմի Մասին
Անկասկած կեանքը երկար ապրելու արուեստ է եւ հայրենիքի, ընտանիքի եւ հարազատ-մտերիմների հանդէպ պարտաւորութիւն: Կասկածից դուրս է նաեւ այն, որ այդ կեանքում, ոչ մեծ վերապահումներով, իւրաքանչիւրն ստանում է այն, ինչ ցանում ու ցանկանում է: Յայտնի պատմութիւն է` յոյն փիլիսոփաներից մէկը օրը ցերեկով վառուած ճրագը ձեռքին շրջում է եւ երբ հարցնում են, թէ ինչ է անում, պատասխանում է` մարդ եմ փնտռում: Նոյնը հանգիստ կարելի է ասել նաեւ մեր օրերի ու մեր իրականութեան համար: Իսկապէս, մեր այսօրեայ քաղաքագէտ-վերլուծաբանների եւ ամէն ինչ իմացող, կանխատեսող անսխալականների մարդահեղեղում ինքս էլ եմ մարդ փնտռում: Մարդ, որը ձեռքդ կը բռնի ու, եթէ պէտք է, ուղղակի կը լռի: Մարդ, որի հետ ուղղակի կþուզես թէկուզ մէկ գաւաթ ջուր խմել: Մարդ, որը դիմացդ կանգնած եւ մէջքիդ հետեւում նոյնը կը լինի, սիրտը բաց կþասի այն, ինչ զգում ու մտածում է, ու քեզ երբեք չի դատի քո մտածածի ու զգացածի համար: Մարդ, որն ուղղակի կը լինի կողքիդ այնպէս, որ դու չլարուես ու չմտածես ինչն էր ճիշդ եւ ինչը սխալ... Կասկածից դուրս է, որ մարդուն մարդ է պէտք, նոյնիսկ ամենաբարձր ու զօրեղ աղօթքներից յետոյ, որովհետեւ քեզ նմանի մէջ ես դու ռէալիզացւում, գտնում, աճում: Մարդ, որն այդպիսին է բառի ուղիղ եւ ոչ հակառակ` դրամ իմաստով: Իսկապէս, մարդ էակը ամենալաւն է, եթէ լոյսի ուղիով է գնում եւ բոլորովին էլ պատահական չի, որ մենք միշտ Մարդ ենք փնտռում, որ մեզ գտնենք նրա մէջ...
Մեր այս դժուարին օրերում ամէն ինչ անում ենք, ամէն ինչից խօսում-վերլուծում ենք, իսկ մարդուն բոլորովին մոռացել ենք: Յիշում ենք մէկ-մէկ` ընտրութիւնից-ընտրութիւն եւ մէկ էլ` երբ հայրենին պաշտպանելու կարիք է լինում: Երբ Պարթեւները 66 թ-ին պարթեւ Տրդատին նստեցրեցին Հայոց գահին, նա դարձաւ Արշակունեաց Հարստութեան հիմնադիրը Հայաստանում...Ու քանի որ նրանք Մարդ էին, ազնուական-ասպետներ, ու չնայած ազգութեամբ հայ էլ չէին, սակայն մինչեւ 428 թ-ը` գրեթէ չորս դար, յաճախ կռուելով նաեւ իրենց ազգակիցների դէմ` վարում էին Հայկական պետութեան հզօրացման քաղաքականութիւն...
Իսկ անկախութեան երեսուն տարում եւ յատկապէս վերջին չորս տարում մեր իշխանութիւնները ինչ ուղղութիւն ասես չորդեգրեցին, ուր ասես չթեքուեցին. էլ հիւսիս, էլ հարաւ, էլ արեւմուտք: Ու դրանով ում ասես առիթ չտուեցին մեզ հարուածելու-պատժելու…: Այսօր էլ չգիտես կարճատեսութիւնի՞ց, գիտելիքների ու փորձի պակասի՞ց, պատմութեան չիմացութիւնի՞ց, թէ ինչ այլ պատճառով ակնյայտ թուրքամէտ քաղաքականութիւն են վարում: Այսօր ողջ հայ ազգը Հայաստանում, սփիւռքում եւ Արցախում պառակտուած է, Արցախի մեծ մասը կորսուած, պետական շատ հիմնարկներ անգործութեան են մատնուած...
Տասնամեակներ առաջ հրապարակախօս, պատմաբան, հասարակական գործիչ Դաւիթ Անանունն (Տէր-Դանիէլեան) (1879-1942) ասում էր, որ Ղարաբաղն ամբողջական Հայաստանից դուրս` ՙդա խոց է, որ նախ եւ առաջ գերեզման պիտի իջեցնէ անկախ Ատրպէյճանի գաղափարը: Բայց միաժամանակ նա պիտի թունաւորէ եւ Հայաստանի անդորրութիւնը: Եթէ Ատրպէյճանում խելքը գլխին քաղաքագէտներ լինեն, նրանք ամէնից առաջ պիտի հրաժարուեն Ղարաբաղից: Եթէ Հայաստանում հայրենիքի հաւաքման համոզիչ գործիչներ կան` նրանք օրն ի բուն պիտի մտածեն Ղարաբաղի մասին՚: Կարծում եմ` չեն մտածում: Հակառակ դէպքում կարելի էր օգտագործել ռուս-ուքրանական պատերազմի հետեւանքով ստեղծուած իրավիճակը եւ մեզ այնքան անհրաժեշտ շահարումին շահել եւ ոչ թէ հակառուսական ցոյցեր արտօնել: Պատերազմն, ի հարկէ, կþաւարտուի, բայց արձանագրենք, որ այդ իրավիճակից իր երկակի խաղերով փայլուն օգտւում է հէնց Ատրպէյճանը: Ռուսներին հաւատարմութեան երդում է տալիս, ուկրաինացիներին` ձրի բենզին, Փութինի հետ ողջագուրւում է`ուքրանացիներին օգնող կամաւորներ ցուցակագրում, միջազգային հարթակներում ՙպաշտպանում է՚, իսկ իր երկրում` հակառուսական ցոյցեր ու պաստառներ հրահանգում: Եւ երբ պատասխան տալու առիթ ներկայանայ, երկու կողմին էլ կարող է պատճառաբանել այդ արարքները եւ որոնք ձեռնտու չլինեն այդ պահին` վերագրի ընդդիմութեանը: Հէնց սա է դիւանագիտութիւնը եւ ոչ թէ ոչինչ չտուող մերկապարանոց յայտարարութիւնները:
Աշխարհում բազմաթիւ պետութիւններ կան, որոնց զինուորական շորեր չեն սազում: Պարսկաստանն, օրինակ, երբ էլ զինուորական շինել հագնելու լինի` իր փշատ ծախողի կապոյտ արխալուղը ետեւից պիտի կախուի: Այ զինուորական համազգեստը սազում է յատկապէս գերմանացուն եւ ճափոնացուն: Ճիշդ է, վերջին պատերազմին ընկան նրանք, բայց ընկան որպէս զինուորներ: Անգլիան ու Ամերիկան զինուոր լինելուց աւելի` պատերազմական ռեժիսորներ են` պատերազմ կազմակերպողներ: Պատերազմ սկսելիս մինչ Գերմանիան ու Ճափոնիան ձեռքը տանում են դէպի իրենց սրի կոթը, Անգլիան ու Ամերիկան իրենց դրամապանակներն են դուրս քաշում: Իսկ երբ որեւէ մէկը խուսափում է ու մտնում շուրջպար, ապա. ՙԻտալիան որոշեց այլեւս սուրը ձեռքը չառնել, բայց հարց է, միւս պետութիւնները կը թողնե՞ն հանգիստ: Այս օրերին Ամերիկան նաւ նաւի հետեւից անվերջ զէնք ու ռազմամթերք է լցնում Իտալիա: Այդ զէնքը պիտի կապի Իտալիայի մէջքին ու կռուի դուրս բերի Ռուսաստանի դէմ: Նման դէպք պատահում է մեր սովորական առօրեայում, երբ շատ բարձուած ուժասպառ գրաստը գետին է թաւալում` այլեւս վեր չկենալու համար, բայց տէրը պոչից բռնած վեր է հանում զոռով ու նորից նոյն բեռը կռնակին դնելով` մտրակում: Անունդ պետութիւն է` պիտի կռուես՚: (Լեռ Կամսար, 1949թ., անտիպ, ՙԳեթսեմանի պարտէզի աքսորեալները՚): Այսօր էլ բան չի փոխուել, բացի նրանից, որ բեռնում են Ուքրանիային…
Ռուս-ուքրանական պատերազմն ինքնադրսեւորուելու առիթ է դարձել: Բոլորը գրում են, դիրքորոշում արտայայտում, կանխատեսումներ անում, ոմանք էլ, ի պաշտպանութիւն ուքրանացիների, ցոյց կազմակերպում: Ամենաթունդը Ռուսաստանի դէմ ծռուած ծռերն են, որոնց հետ բանավիճելն անիմաստ եմ համարում, քանի որ պատմութեանը տեղեակ եմ ու գիտեմ, որ բացարձակապէս իր պետական շահերից ելնելով առայժմ մեզ միակ իրական օգնութեան ձեռք մեկնողը Ռուսաստանն է: Գիտեմ, որ քիչ չեն եղել դէպքերը, երբ նրան ձեռնտու չի եղել ու չի օգնել:
Գիտեմ նաեւ, որ ներկայիս Ուքրանիայի ճգնաժամում պաշտօնական Մոսկուան ԼԻՈՒԼԻ ՔԱՂՈՒՄ Է Արցախեան Երրորդ պատերազմում իր զբաղեցրած դիրքորոշման հետեւանքները: Եթէ այն ժամանակ Ռուսաստանի Դաշնութիւնն աւելի վճռական լինէր եւ լիարժէք օգնէր ու աջակցէր մեզ եւ ցուցադրական ծեծ ապահովեր թուրքական կողմին, այժմ շատ շատերն այլ կերպ կը մտածէին… արդիւնքում հիմա շատերը մտածում են, որ, ահա, եթէ 2020 թ-ին Ռուսաստանի Դաշնութիւնը ՎԱԽԵՑԱՒ եւ չցանկացաւ ընդհարուել թուրքական կողմի հետ, ապա նա այնքան թոյլ է, որ հնարաւոր կը լինի նրան կոտրել անհամեմատ աւելի ուժեղ Միացեալ Արեւմուտքի հարուածով… արդար է, ցաւօք…
Այսօր հարկաւոր է սթափուել: Այսօր ոչ թէ խաղալու, այլեւ սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է: Այնպիսի տպաւորութիւն է, որ մենք այս մոլորակից չենք, որ ներկայ աշխարհաքաղաքական փոփոխութիւնները մեզ չեն վերաբերում: Այնինչ մենք էլ ենք այդ մեծ ջրապտոյտում եւ եթէ ճիշդ չկողմնորոշուենք ու ամուր մէկից չկառչենք, կ'անհետանանք առյաւէտ: Թէեւ ռուս քաղաքագէտ Ստանիսլավ Տարասովը կասկածում է, որ իրավիճակը կարող է հասնել լայնամասշտաբ պատերազմի, սակայն միեւնոյն ժամանակ տարօրինակ է համարում այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձութիւնները: Մոսկուայի համար տարօրինակ է նաեւ, թէ ինչու՞ յանկարծ պաշտօնից հեռացուեց Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան էլիտան: Միգուցէ ինքն ուզում էր յարձակուե՞լ, թէ՞ Ալիեւը իրավիճակը սադրեց այն սցենարով, որ փոխուէր Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութեան ղեկավար կազմը, Փաշինեանն էլ չառարկեց: Կարելի է տարբերակներ ենթադրել, բայց առայժմ ստոյգ տեղեկութիւն չկայ: Այդ հատուածը խաղաղապահ առաքելութիւնից դուրս է: ՙԻնչ ասում է Երեւանը` մի բան է,-զարմացած արձանագրում է Տարասովը,-Ատրպէյճանը` այլ: Արձանագրենք, որ անհասկանալի պատճառաբանութեամբ ազատուեց Պաշտպանութեան նախարարը եւ նրան փոխարէն նշանակուեց Սուրէն Պապիկեանը: Որ Հայաստանի Զինուած ուժերում տեղի ունեցող վերափոխումներն առնուազն զարմանալի են, քանի որ տպաւորութիւն է, թէ որոշ ուժեր պարտադրում են, որ քարերը մաքրուեն, հեռացուեն սարգսեանական չինովնիկները: Բայց Զինուած ուժերը մաքրելն այդքան հեշտ չէ, թէպէտ հնարաւոր է` ինչպէս որ ժամանակին արեց Էրդողանը: Բայց մէկ հարուածով նոր համակարգ չի ստեղծուի, սա պէտք է հաշուի առնել: Միգուցէ վարչախումբը ռազմական յեղաշրջումի՞ց էր վախենում, միգուցէ չէ՞ր վստահում զինուորականներին: Վարկածները շատ են Մոսկուայում՚: Ամենակարեւորն այն է, որ Տարասովի ասելով Ռուսաստանն այս իրավիճակում Հայաստանին չի կարողանայ օգնել եւ աւելացնում է. ՙՀէնց մի բան լինում է, միանգամից Ռուսաստանին են դիմում, բայց Ռուսաստանն ի՞նչ կապ ունի: Դուք ձեր սեփական խնդիրները չէ՞ք կարողանում լուծել, Ռուսաստանից ի՞նչ էք ուզում, ինչքա՞ն կարելի է: Ռուսաստանին դարձրել էք գնդակ, ինչքան կարելի է խաղալ, սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է՚:
Համբերութիւնը հիանալի յատկութիւն է, բայց կեանքը չափազանց կարճ է երկար համբերելու համար: Քանի որ յստակ է մէկ բան, որ այսօրուայ պատերազմը շատ արագընթաց է բոլոր իմաստներով եւ ինչպէս մի առիթով իրաւացիօրէն ասել է Վազգէն Սարգսեանը, ուշանալ մէկ րոպէ` կարելի պարտուել կըռւում, ուշանալ մէկ ժամ` կարելի է պարտուել ճակատամարտում, ուշանալ մէկ օր` կարող ենք կորցնել հայրենիք: Յետոյ էլ պէտք չի մոռանալ, որ նոյնիսկ ոչխարն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, եթէ դու խոտ ես (Մ. Գ. Ցիւբխեն) եւ ոչխարների բանակը, որ ղեկավարւում է առիւծի կողմից, աւելի ուժեղ է, քան առիւծների բանակը, որ ղեկավարւում է ոչխարի կողմից: (Նափալէոն):
Ռուսաստանը յարձակուեց Ուքրանիայի վրայ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնութեան քաղաքական վերնախաւին դուր չէր գալիս Ուքրանիայի վարած քաղաքականութիւնը: Իսկ մեր լրատուականներն իրար հերթ չտալով հրապարակում են նախկին ՀՀԿ-ական, դաշնակցական, հանրային, գիտական եւ այլ ՙէլիտաների՚ ներկայացուցիչների հպարտ յոխորտանքը, ՙթէ տեսէք ինչ է լինում, երբ կլաուներն են գալիս իշխանութեան եւ արեւմտամէտ են դառնում՚: Այսինքն, ըստ սրանց տրամաբանութեան ստացւում է, որ, եթէ ցանկացած հետխորհրդային երկիր փորձի եւրոպական զարգացման ուղի բռնել կամ ասենք ազգային զարգացման ուղի, ապա Ռուսաստանը ի պատասխան պիտի պատերազմի այդ երկրի հետ եւ դա կը լինի բնական: Այս մարդիկ իրականում մեզ ուզում են համոզել, որ կոռուպցիան, թալանը, ընտրակեղծիքները, պետական ինստիտուտների ոչնչացումը յանցագործութիւն չեն, այլ ապահովութեան երաշխաւորման ռազմավարութիւն: Այժմ ՌԴ-ն ըստ իր պաշտօնական վարկածի ՙփրկում է Ուքրանիան եւ աշխարհը նացիզմից՚: Հիմա հարկաւոր է, որ Ուքրանիայի հարցում հայ ազգը պարզապէս պահպանի չէզոքութիւն, բացառապէս չէզոքութիւն:
Ակնյայտ է, որ արեւմտեան ցինիզմը եւ ուքրանացիներին նետուած ՙինքնիշխանութեան՚ դատարկ գաղափարը քարուքանդ արեցին Եւրոպայի երբեմնի ամենամեծ պետութիւնը: Արեւմուտքը մեզ ՙհամոզում՚ է, որ երկրի ղեկավար պէտք է ընտրել երիտասարդի եւ ՙթոշակի՚ է պէտք ուղարկել հնացածներին, բայց իրենք ղեկավար են ընտրում 80 տարեկանին մօտեցողին: Նրանք մեզ ՙհամոզում՚ են, որ պաշտպանութեան նախարարի համար զինուորական լինելն ու համազգեստ հագնելը պարտադիր չէ, բայց իրենք նախարար են նշանակում կոչումով ամենաբարձրին` բանակի զօրավարին: Մեզ քարոզում են այնպիսի ՙբարձրագոյն արժէքներ՚, որոնք իրենք երբեք չեն կրում ու հէնց դրա համար էլ հանդէս են գալիս ուժեղի դիրքերից: Նրանց վաճառանիշը ՙժողովըրդավարութիւնն՚ է, որը կուրացած երկրպագելուց մէկ էլ կը պարզուի, որ մեր ճակատագիրը ՙանհայրենիքութիւնն՚ է:
Ռուս դասական պատմագէտ Կը լիւչեւսկի ասում էր, որ պատմութիւնը ոչինչ չի սովորեցնում, սակայն դաժանօրէն պատժում է նրանց, ովքեր մոռանում են այն: Ցաւօք մեր պատմութիւնը լի է էջերով, որոնց համար մեղմ ասած չես կարող հպարտանալ: Մենք շատ անգամներ ենք պարտուել, ճակատամարտեր ու պատերազմներ տանուլ տուել: Մենք պետականութիւններ ենք ստեղծել ու շատ յաճախ կորցրել: Մեզ շատ անգամ են կոտորել ու մենք նոյնիսկ չենք կարողացել, իսկ շատ դէպքերում չենք ցանկացել դիմադրութիւն կազմակերպել: Մենք մեր իսկ ձեռքով սպաննել ենք մեր ազգի մեծերին, յանուն րոպէական շահի, սակայն դիմացը ստացել ենք մահ եւ աւերածութիւն: Մենք դաւաճանել ենք մեր իսկ սերունդներին, նրանց մատնելով ցաւի, սովի ու աղքատութեան յանուն ուրիշի շահի ու մեր միջի պնակալէզի կերպարի: Մենք փորձել ենք ոչ թէ պայքարել այլ յարմարուել, ոչ թէ մարտնչել այլ յանձնուել, այսպէս կոչուած, համակեցութեան եզրեր գտնել մեր երկիրը ասպատակած վաչկատուն հարեւանների հետ, նրա հետ առեւտուր անել, նրա լեզուով խօսել, նրան նմանուել: Սակայն նոյնիսկ այս պայմաններում արժանացել ենք արհամարանքի եւ որպէս հետեւանք բռնութեան ու կոտորածի: Սակայն դեռ չէր եղել դէպք, երբ մենք այդ ամէնը անէինք միաժամանակ եւ պատմական մի կարճ ժամանակահատուածում, երբ մենք մեր ձեռքով իսկ աւերէինք մեր ծաղկուն տունը ու ներս թողէինք քաջնազարներին…: Որ Հայոց պետականութիւնը հերթական անգամ դաւաճանուէր հէնց նրանց կողմից, ովքեր ի պաշտօնէ պէտք է այն պաշտպանէին: Որ հայ ժողովուրդը վերածուէր անաստուած ամբոխի, որը միայն անէծքներ է տեղում շուրջ բոլոր, սակայն դուրս չի գալիս իր իսկ Հայրենիքը փրկելու:
Հերթական անգամ մենք, ինչպէս միշտ, մեղադրում ենք բոլորին, բայց ոչ ինքներս մեզ, յոյսներս դնում հարաւի, հիւսիսի, արեւմուտքի եւ արեւելքի վրայ, բայց ոչ երբեք ինքներս մեզ վրայ: Մենք վաշխառուի մոլագարութեամբ մեր վնասները եւ օգուտներն ենք հաշւում, սակայն չենք նկատում մեր կողքին զոհւած զինուորի ընտանիքի վիշտը: Մեր զաւակներից Հայրենիքի նուիրեալ ռազմիկներ դաստիարակելու փոխարէն նրանց վերածում ենք վաշխառուների, այսօրուայ լեզուով ասած մենեջերների, տալիս ենք կեղծ կրթութիւն, կեղծ դիպլոմներ, վերածում ենք ՙառնեմծախեմի մասնագէտների՚: Պետութեան ղեկավար ընտրելու փոխարէն մարգարէներ ենք փնտռում, ով մեզ կ'ասի ականջահաճոյ խօսքեր, խոտումներ կը տայ, հեշտ կեանք կը խոստանայ: Մեզ կեղծ մարգարէներ են պէտք այլ ոչ թէ ռազմիկներ, մեզ նեղմիտ տհասներ են պէտք այլ ոչ թէ իմաստուններ:
Բայց ժամանակն է վերջապէս, որ այս դաժան փորձութիւնների միջով անցնող Հայ ազգը դասեր քաղի, մէկընդմիշտ հրաժարուի ստրկամիտներից, ազատագրուի, մաքրուի ու Հայաստանից դուրս շպրտի Հայրենիքի առքուվաճառքով զբաղուողներին: Այսօր, երբ ամբողջ աշխարհը ռուս-ուկրաինական անունով նոր աշխարհակարգ ձեւաւորող շուրջպարի մէջ է, Հայրենիքը կարիք ունի հայրենասէր ու ազգանուէր մարդկանց` իրական մտաւորականութեան, հայրենանուէր ռազմիկների, որոնք այս արհաւիրքից պատմական դասեր կը քաղեն ու կը վերակառուցեն մեր բոլորի Հայաստանը` Հայրենիք-Սփիւռք-Արցախ եռամիասնութեամբ:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ, փրոֆէսոր
Երեւան