top of page
Baikar Blue logo.png

Ինչու՞…

Մենք յաճախ չենք գիտակցում պահի լրջութիւնը, շատ աւելի յաճախ տրւում ենք ածանցեալների վրայ սեւեռուած գերուշադրութեան` մոռանալով կարեւորի ու առաջնահերթութեան մասին: Ես միշտ փորձել եմ ինձ հարց տալ, թէ ինչու՞ ենք այդքան դժուարութեամբ երկնում հերոսներ ու առաջնորդներ եւ առաւել հեշտութեամբ կորցնում նրանց: Ինչու՞ անցած դարում ցեղասպանուած, սովից լլկուած, թւում էր թէ իր վերջնական դատավճռին համաձայն մեր ժողովուրդը կարողացաւ իր մէջ գտնել այդ գերբնական ոյժը եւ ընդամէնը 3 տարի անց կանգնեց Սարդարապատում ու կերտեց Հայոց անկախ պետականութիւնը, ընդամէնը 30 տարի անց Պերլինի պատերի տակ յաղթանակի խրոխտ քոչարի պարեց, եւ ընդամէնը 75 տարի անց վերանուաճեց իր ազատութիւնն ու անկախութիւնը, բայց 21-րդ դարում, որ իրենն էր լինելու, եւ դրա համար ստեղծուած էին բոլորը, կրկնում եմ, բոլոր նախադրեալները, այդքան ապաշնորհ ձեւով կորցրեց իր իսկ զաւակների ձեռքով կերտած յաղթանակը:

Ինչու՞ ամբողջ աշխարհը փոքրից դարձաւ մեծ, իսկ մենք` մեծից փոքր: Ինչու՞ չարութիւնն ու նախանձը մեզ ներսից կերան: Ինչու՞ ամբարտաւանութիւնն ու ստորութիւնն ամենաճակատագրական պահերին կարողացան յաղթանակել: Ինչու՞ արդէն դարեր շարունակ մենք դաւաճանում ենք ինքներս մեզ ու հեռանում մեր իսկ հռչակած արժէքներից ու արժեհամակարգից, մեր ինքնութիւնից, ինքներս եզանից, որպէսզի յետոյ գերմարդկային ջանքեր գործադրենք մեր իսկ կորցրածը վերադարձնելու համար: Ինչու՞ մենք անդադար չենք կարողանում դուրս գալ այն արատաւոր շրջապտոյտից, որտեղ յայտնուել ենք մեր կարճատեսութեան, անտրամաբանական քայլերի, աւելորդ փտածութեան, մեծամտութեան, անգրագիտութեան, չհիմնաւորուած ամենագիտութեան, օտարամոլութեան, որեւէ կերպ չարդարացուած խոնարհութեան, ստրկամտութեան եւ նման այլ արգահատելի մօտեցումների արդիւնքում:

Ինչու՞ այսքան ներամփոփուեցինք, պարփակուեցինք ու դարձանք ստամոքսապաշտ: Ինչու՞ ենք մշտապէս սպասողական ու այդքան սպառողական: Ինչու՞ պատմական տարբեր ժամանակաշրջաններում չկարողացանք ու էլի չենք կարողանում պահել ու պահպանել մեր արիւնով ու քրտինքով, զրկանքների ու սարսափելի տառապանքների գնով նուաճածն ու ձեռքբերուածը: Ինչու-ների այս շարքը թերեւս կարելի է շարունակել…

Կարծում եմ պատասխանը շատ պարզ է: Այո, մենք մշտապէս չենք գիտակցել պահի լրջութեան եւ դրան վերաբերուել ենք ի միջի այլոց, մատների արանքով, առանց հասկանալու, որ շատ դէպքերում զոհասեղանին ենք յայտնուել հէնց այդ պատճառով: Դժբախտաբար, այդ ամէնի ականատեսն ենք նաեւ այսօր: Դարերով պետականազուրկի կարգավիճակը մեզ դարձրել է բարդոյթաւորուած, նեղ անձնականի վրայ գերկեդրոնացած, առաջնայինը երկրորդականից չզանազանող: Իսկ եղկելի սխալները շարունակում են իրենց յաղթարշաւը եւ մեզ մօտեցնում հերթական կորուստների, հերթական յուսահատութեան, հերթական հիասթափութեան, որ յետոյ շատ տարիներ, գուցէեւ դարեր անց, երբ մենք դառնանք հեռաւոր սերունդների նախնիները, մեզ դատապարտեն, որ մենք այդպէս էլ չհասկացանք պահի լրջութիւնը, չգիտակցեցինք, որ հէնց դրա արդիւնքում նորից յայտնուեցինք կ'որցնողի դիրքերում:

Ինձ համար անընդունելի է,”մենք դասեր չենք քաղում մեր սխալներից” չարչրկուած ձեւակերպումը: Սխալներից դասեր չեն քաղում, սխալները պարզապէս չեն անում: Իսկ դասեր պէտք է քաղել չարուածից, կիսատ-պռատ արւածից, մեր մակերեսային ու անհեռանկար մօտեցումներից:

Այս օրերին յաճախ կարող ես լսել “յոգնել եմ, զզուել եմ, ուշադրութիւն չեմ դարձնում, չեմ հետաքրքրւում, չի հետաքրքրում, պատրաստւում ենք մեկնել երկրից, ես ի՞նչ կարող եմ անել, բա էրեխէ՞քս” եւ նմանատիպ, յամենայն դէպս ինձ համար, ուղեղի մէջ ոչ մի կերպ չտեղաւորուող յոռետես արտայայտութիւններ: Մենք, թերեւս ամենաքաղաքականացուած ազգերից ենք, բայց ցաւալիօրէն այդքան հեռու ենք քաղաքականութիւնից, որովհետեւ այդպէս էլ չենք կարողանում ճիշտ գնահատել պահի լրջութիւնը, որովհետեւ չենք կարողանում մեզ համար յստակ որոշել մեր կարմիր գծերը, որովհետեւ մասնակից լինելու եւ ունկնդրի միջեւ մեծաւ մասամբ ընտրում ենք վերջինը, որովհետեւ չենք հաւատում մեր ուժերին եւ փրկիչների մասով անդադար փնտռտուքի մէջ ենք, որովհետեւ չենք ընդունում ինքնախոստովանութիւնը, որովհետեւ անընդհատ վախեր ունենք մեր իսկ վախերից: Բայց ամպագորգոռ կոչերի, մեղադրականների եւ յոխորտանքների պակաս մեր օրերում կարծես թէ չի զգացւում: Այս պարադոքսալ իրականութեան մէջ, երբ կենսական անհրաժեշտութիւն է առաջացել մաթեմատիկական ճշգրտութեամբ գնահատել պահի լրջութիւնը, սթափուելու եւ արդէն անբացատրելի դարձած խորը թմբիրից դուրս գալու ժամանակն է:

Բեկում է անհրաժեշտ, աւելի քան երբեւէ, մեր իսկական, ոչ արհեստական Էութեանը վերադարձով, Միացումի անյաղթահարելի գաղափարով վերազինւած: Բեկում է անհրաժեշտ, որ կարողանանք շիտակ նայել մեր զաւակների աչքերի մէջ, որ չվերածուէնք թուլամորթ, անտարբեր, յուսահատ եւ դատարկ զանգուածի: Բեկում է անհրաժեշտ, որ ինքներս մեզ հաւատանք ու արժեւորենք, ես-ը Մենք-ի վերածենք, եւ վերջապէս, գնահատելով պահի լրջութիւնը` կարողանանք արժանապատուօրէն վերականգնել մեր կորցրածը, վերաձեւակերպել մեր նպատակներն ու խնդիրները` վերանուաճելու համար մեր վստահելի տեղը աշխարհում:

ՎԱՀԱԳՆ   ՄԵԼԻՔԵԱՆ

bottom of page