ՙՍփիւռքի Տարին՚ եւ Մենք
2022 թուականը Արամ վեհափառի նախաձեռնութեամբ յայտարարուել է Սփիւռքի տարի: Տարբեր երկրներում եմ եղել եւ հանդիպումներ ունեցել սփիւռքեան օջախների հայութեան հետ: Տպաւորութիւններս խիստ հակասական են: Աւելի յաճախ Սփիւռքից տպաւորութիւններն եմ ունեցել, որ այն Արեւմտեան Հայաստանի տարբեր գաւառների հեռաւոր ու ժամանակակից արտահագուստ հագած, մի քիչ վերափոխուած, աւելի շատ խճճուած, երբեմն պարզ, իսկ աւելի յաճախ բազմագոյն ու բազմաձեւ խառնուրդ է: Դա է եղել պատճառը, որ միշտ ձեռնպահ եմ մնացել սփիւռքի թեմայով ինչ որ բան գրել, բայց այս անգամ կը փորձեմ:
Ինձ համար պատիւ է եղել անձամբ վայելելու Արամ վեհափառի հետ շփուելը, սուրճ վայելելը, գիտաժողովի մասնակցելն ու որոշ թեմաներով զրուցելը: Ձեռնպահ մնալով մեծարելու գայթակղութիւնից` կը նշեմ միայն, որ մեր դժուարին ու վտանգալեցուն օրերում նրա տեսակի կարիքը շատ ունենք: Ուստի ողջունում եմ նրա կողմից Սփիւռքի տարի հռչակելու գաղափարը եւ այդ առիթով ցանկանում եմ որոշ դիտարկում-ցանկութիւններ յայտնել:
Նախ ասեմ համոզուած եմ, որ գործն աւելի արդիւնաւէտ կը լինէր ու շահեկան եթէ Սփիւռքի տարի հռչակելուց առաջ նախաձեռնուէր սկսել Սփիւռքի ճանաչման գործընթաց, իրապէս ճանաչման եւ ոչ այնպիսի, ինչպիսի կիսատ-պռատ ձեւով որ միշտ արել ենք: Մասնակցել եմ դրանց եւ կարող եմ նշել, որ Հայաստանի անկախութիւնից յետոյ տեղի ունեցած մի քանի Սփիւռք-հայրենիք համաժողովներով դրուեցին դրա հիմքերը: Աւելին, դրանցով Սփիւռքը եւս վերազարթօնք ապրեց եւ մտաւ ինքնաճանաչման գործընթացի մէջ: Սակայն այդ ազգանպաստ գործընթացը չշարունակուեց, այլապէս Սփիւռքի բազմադէմ եւ բազմաբեւեռ լինելու մասին տարաբնոյթ տեսութիւններ առաջ քաշելու փոխարէն ազգագրական եւ մարդաբանական գիտական լուրջ աշխատանքներ կ'իրականացուէին, որոնցով հնարաւոր կը դառնար Սփիւռքի ճշմարիտ էութիւնն ու այդ բազմաբեւեռութիւնը խորութեամբ հասկանալ:
Ի վերջոյ կարծում եմ յստակեցնելու անհրաժեշտութիւն կայ, թէ Սփիւռք ասելով այսօր ինչ ենք հասկանում: Յետոյ էլ` թէ որ աշխարհամասի սահմաններում ենք այն դիտարկում: Քանի որ այդ ըմբռնումը նախկինի նման այսօր էլ է մնում առաձգական հասկացութիւն: Քանի որ համաշխարհային տնտեսական, պատմական ու քաղաքական վայրիւերումների եւ այլ գործօնների ազդեցութեան ներքոյ Սփիւռք գոյացնող զանգուածները պարբերաբար ենթարկւում են տեղատուութեան կամ ընդարձակւում են: Եթէ միջին դարերում օրինակ հայ գաղթականութեան հոսանքն հիմնականում ծաւալւում էր Ջուղայից մինչեւ ծայրագոյն Արեւելք, ապա առաջին աշխարհամարտից յետոյ հայութեան մեծ մասն իր պատմական հողերից փոխադրուեց Մերձաւոր ու Միջին արեւելք, իսկ երկրորդից յետոյ` Եւրոպա, Ամերիկաներ եւ Աւստրալիա:
Ոչ վաղ անցեալում եթէ հայերի լինելիութիւնը երկրագնդի որոշ հատուածներում որեւէ կասկած չէր յարուցում, ապա այսօր բոլորովին այլ պատկեր ունենք: Գաղտնիք չի, որ Մերձաւոր ու Միջին արեւելքի փոխարէն վճռական դերակատարութիւն են ստանձնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Աւստրալիայի եւ այլ սփիւռքեան հատուածներ:
Հարկաւոր է նաեւ նկատի առնել առաջին հայեացքից պարադոքսալ թուացող, սակայն կարեւոր մի իրողութիւն: Ճակատագրի հեգնանքով հայութիւնը կարողացաւ իր ինքնութիւնը, իր մշակութային առանձնայատկութիւններն աւելի հաստատ ու երկար պահպանել իսլամադաւան երկրներում, քան քրիստոնեայ Արեւմուտքում: Ինչու, որովհետեւ, իսլամադաւան երկրներում հայութիւնը մշտապէս մշակութային բախման մէջ էր իր շրջապատի հետ (հետեւապէս նաեւ աւելի համախմբուած ու զգօն), իսկ երկրորդի դէպքում` աւելի համադրութեան:
Խորհրդային տարիներին կոմունիստական գոյաձեւի ժամանակ Սփիւռք-հայրենիք շփումները հասկանալի պատճառներով խիստ սահմանափակ էին: Միշտ գերիշխող էր այն կարծիքը, որ Հայաստանի անկախացումով դրանք աւելի դիւրին պիտի դառնային, հետեւաբար նաեւ` հայութեան երկու հատուածների փոխադարձ ներազդեցութիւնը կ'աւելանար: Հայրենիքը կը հզօրացուէր Սփիւռքով, իսկ վերջինս կը կենսաւորուէր Հայաստանով: Սակայն այդ կանխատեսումները չիրականացան, քանի որ Սփիւռքը կազմակերպուած ու միատարր չէր, Հայրենիքում էլ շատ գործընթացներ գլխիվայր իրականացուեցին եւ խրտնեցրին Սփիւռքին: Հայաստանն ինքն էլ կազմաւորման կարիք ունէր եւ չկարողացաւ խելացի կերպով օգտուել Սփիւռքի հնարաւորութիւններից: Այդ ամէնի օրինաչափ հետեւանքն էլ եղաւ այն, որ Սփիւռքը յայտնուեց կթան կովի վիճակում, իսկ հայրենիքում բարեգործութիւնը անսպասելի կերպարանափոխութիւն էր ապրում եւ շատերի համար դարձել էր մասնագիտութիւն ու վաստակելու հնարաւորութիւն:
Չնայած խիստ անհրաժեշտութիւնը կար, որպէսզի աւելի իրապաշտ հիմքերի վրայ դրուէին Հայրենիք-սփիւռք յարաբերութիւնները, սակայն այդ ուղղութեամբ գիտական լուրջ ուսումնասիրութիւններ չկատարուեցին: Իսկ այսօր արդէն դաժան պատերազմի պատճառով Հայաստանում ստեղծուած աղէտալի կացութիւնը գրեթէ անհնարին է դարձնում որեւէ ողջունելի ծրագրի արժեւորումը:
Պակաս վնասակար չէր նաեւ այն, որ անկախութեան վերջին շրջանում իշխանութիւնները ձախաւեր որոշումներ ընդունեցին Սփիւռքի վերաբերեալ: Նախ` դրսում յարմար թեկնածուներ գտան ու փորձեցին նրանց շքանշաններով գայթակղել եւ համակիրներ դարձնել: Սակայն դա քննութիւն չբռնեց, քանի որ արւում էր առանց ստուգելու Սփիւռքում նրանց ունեցած հեղինակութիւնը: Հետեւանքը եղաւ այն, որ Հայաստանի ամբողջ դիւանագիտութիւնը պատերազմի շրջանում տապալուեց եւ Հայաստանը, որ այսօր ռազմապէս թոյլ է, դիւանագիտական դաշտում եւս, մեղմ ասած, փայլուն վիճակում չի:
Ի հարկէ, Սփիւռք-հայրենիք յարաբերութիւնների ներկայ տխուր կացութեան պատճառը միայն Սփիւռքը չճանաչելու պատճառով չի: Սփիւռքն էլ իր հերթին թերացումներ ունի, քանի որ նա էլ ինքն իրեն չարժեւորեց: Այսօր էլ յստակ չի, թէ ով է Սփիւռքի իսկական ներկայացուցիչը կամ ղեկավարը, որն իրաւասութիւն ունենայ յանձնառու դարձնել այն: Հրեաները ներազգային քիչ տարաձայնութիւններ ու կռիւներ չունեն, քան հայերը: Սակայն, նրանց համազգային կառոյցները բարեսիրական կազմակերպութիւններն աւելի կազմակերպուած են, հեղինակութիւն ունեն եւ կարող են իրենց պետութեան կամքից անկախ այլ երկրների հետ բանակցել: Հայ Սփիւռքը սակայն, այդպիսի կառոյցներ չունի, այնինչ այն իր տաղանդներով, նիւթական ու քաղաքական լծակներով կարող է տարողունակ քաղաքական հզօր ոյժի վերածուել:
Այս ամէնից ենթադրւում է, որ անկասկած հարկաւոր է յստակ պատկերացում ունենալ միմեանց մասին, որպէսզի հնարաւոր դառնայ ճիշդ եւ արդիւնաւէտ յարաբերուել իրար հետ, որպէսզի այդ յարաբերութիւնները փոխշահաւէտ ձեռնտու լինեն եւ խթանեն հետագայ զարգացումներն այդ ասպարէզում: Որպէսզի Սփիւռքի տարին բեղմնաւոր լինի եւ օգուտներ պարգեւի թէ՛ Հայրենիքին եւ թէ՛՛ Սփիւռքին: Ճանաչման համար կարծում եմ առնուազն հարկաւոր է իմանալ, որ այսօր գործում են համասփիւռքեան մի քանի կառոյցներ:
Եկեղեցի, որը սակայն տարափեղկուած է մի քանի ճիւղերի: Հայաստանեայց առաքելականի կողքին գործում են հայ կաթոլիկ, բողոքական, աւետարանակչական եւ այլ մեծ թուով մեծ ու փոքր հատուածներ: Ընդ որում, հայոց ամենաշատ հետեւորդներ ունեցող Լուսաւորչական եկեղեցին իրենց կաթողիկոսներով եւս երկու հատուած ունի` Էջմիածնական եւ Անթլիասի:
ՌԱԿ, ՀՅԴ եւ ՍԴՀԿ աւանդական կուսակցութիւններ, որոնք եւս շատ տխուր վիճակում են: 20րդ դարի 20-ական թուականներից հայապահպանութեան սրբազան գործին լծուած այդ կառոյցները հետագայում, երբ անհամեմատ աւելի լաւ ապրելու եւ գործելու պայմաններում էին, սկսեցին ճաքեր տալ եւ բացի ՀՅԴ-ից, միւսներն այսօր շատ տխուր վիճակում են: Արդէն երկար ժամանակ է ՍԴՀԿ-ն չի կարողանում սթափուել եւ յաղթահարել անդամաքիչ վիճակը, կուսակցութեան պառակտումը եւ տարբեր հատուածների միջեւ եղած անզիջում գզվռտոցը: Փոքր աւելի ուշ ներկուսակցական անզիջում պայքարի յորձանուտ մտած ՌԱԿ-ը եւս սթափուելու, միմեանց հանդուրժելու եւ ժամանակակից մարտահրաւէրներին համախմբուած դիմակայելու փոխարէն աւելի շատ զբաղուած է ժամանակի ընթացքում առաջացած տարբեր թեւերի միջեւ անհարթութիւնները յաղթահարելու փորձերով: Դրանք սակայն առայժմ որեւէ դրական արդիւնք չեն տալիս: ՀՅԴ-ն առաջին հայեացքից կարծես թէ միասնականութեան խնդիր չունի, սակայն դա միայն առերեւոյթ է այդպէս: Նրա ներսում էլ կան միասնականութիւնը խաթարող գործընթացներ, սակայն առայժմ յաջողւում է դրանք փակի տակ պահել:
Մամուլ. Լրագրութեան նպատակը հասարակութեան դաստիարակելն է, իսկ սփիւռքահայ մամուլը դրանից բացի կոչուած է ընթերցողին կողմնորոշել որոշակի նպատակների շուրջ: Հայ մամուլի սկզբնաւորման շրջանում` XVIII դարում, երբ տարբեր գաղթօջախներում ծնուել էր ազգային-ազատագրութեան եւ հայոց պետականութիւնը վերականգնելու գաղափար-ծրագիրը, եւս այդպէս եղաւ: Յարութիւն Շմաւոնեանի ՙԱզդարարից՚ սկսած հայ մամուլի մղիչ ոյժը դարձաւ ազգին օգտակար լինելու մղումը: Սակայն սփիւռքահայ մամուլն այսօր միատարր չէ եւ բաղկացած է` կուսակցական, հայրենակցական, այլընտրանքային, անկախ եւ այլ տեսակներից: ա) Ազգային ազատագրական պայքարի արշալոյսից սկսած այդ պայքարին նուիրուած կազմակերպութիւնները հանդէս եկան իրենց մամուլով, Արմենական Կուսակցութիւնը (որոշ վերապահումներով)` Մկրտիչ Փորթուգալեանի ՙԱրմէնիա՚-ով, ՍԴՀԿ-ն` ՙՀնչակ՚-ով եւ ՀՅԴ-ն` իր ՙԴրօշակ՚-ով:
Ցեղասպանութեան հետեւանքով հայերը սփռուեցին աշխարհի տարբեր երկիրներ` իրենց հետ տանելով նաեւ իրենց մամուլը: Այդ պարբերականները միմեանցից անկախ լինելով հանդերձ` փոխլրացնում էին իրար: Դրանց ընդհանուր նպատակն էր հետապնդել հայ դատը եւ հասնել Եղեռնի ճանաչմանը: Իսկ գաղափարական եւ այլ բնոյթի միւս բոլոր նկրտումները կուսակցական մամուլի համար դարձել են երկրորդական: Օրինակ` ՀՅԴ մամուլում հայկական դատն ու Եղեռնը աւելի գերակշիռ տեղ ունեն, քան սոցիալիստական թեզերի ոգեկոչումը: Նոյնն է նաեւ միւսների պարագայում: Կարեւոր է նաեւ իմանալ, որ կուսակցական մամուլին բնորոշ է երկարակեցութիւնը եւ գաղափարական պայքար: Եղեռնի թեման եւ դրա ճանաչման խնդիրը բոլորի մօտ նոյնն է: Սակայն, Հայկական Դատի հետապնդման սահմանումներն ունեցել են եւ ունեն տարըմբռնումներ եւ նոյնիսկ հակասութիւններ: Դրանք աւելի սուր եւ ընդգծուած բնոյթ ունէին յատկապէս ՀՅԴ-ի ԽՍՀՄ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքի եւ դրան որպէս ածանցեալ դրսեւորում դարձած հայ եկեղեցու բաժանման հարցերը: Իսկ ռամկավարները կարեւորելով հայութեան հոգեւոր կենտրոնի հետ գործնական կապերի էական անհրաժեշտութիւնը, ձգտում էին կապ պահպանել հայրենիքի հետ: Հնչակեան մամուլն էլ մշտապէս ու անսակարկ Խորհրդային Հայաստանի կողքին մնաց: Կուսակցական այդ հակամարտութիւնների պատճառով Սփիւռքը երբեմն բեւեռացումներ ունեցաւ, որը նպաստեց կուսակցութիւնների միջեւ իւրայատուկ մրցակցութեանը: Դա դրականի հետ նաեւ բացասական դրսեւորումների յանգեցրեց:
Հայրենակցական միութիւններ: Սփիւռքի ձեւաւորման առաջին տարիներին դրանք անհամեմատ շատ էին ու բազմանդամ, սակայն սերնդափոխութեան ընթացքում նոր միջավայրում ծնուած ու դաստիարակուած սերունդներն արդէն իրենց պապերի երբեմնի հայրենիքին վերաբերում են լոկ որպէս աստիճանաբար մարող կանթեղ-յիշողութիւնների եւ միայն բացառիկ դէպքերում են այդ ճրագներին իւղ աւելացնում: Աւելի յաճախ առօրեայ հոգսերով տարուած մոռանում են կամ արդէն չեն էլ ցանկանում դա անել եւ ձեռքերը իւղոտել: Արդիւնքում այսօր մատների վրայ կարելի հաշոել դրանք եւ այն էլ անհամեմատ սակաւաթիւ ու հիմնականում զառամեալ անդամներով:
Մեր օրերում ցաւոք Սփիւռքը քայքայման, տարալուծման գործընթացում է: Հին կառոյցները յաճախ խարխլւում են, որի նկատմամբ կարծես անտարբերութիւն է նկատւում: Ամենազարմանալին այն է, որ Հայաստանից արտագաղթող զանգուածն ազգային արժէքներ եւ մեծ թուով տաղանդաւոր անհատներ է արտահանում, որոնք սակայն չեն համալրւում սփիւռքեան հասարակութեանը: Դրան նպաստում են նաեւ ներեկեղեցական հակասութիւններն ու եկեղեցու նկատմամբ հաւատի սասանումը: Այս ամէնով հանդերձ հարկաւոր է վստահ արձանագրել, որ Հայաստանի այսօրուայ վիրաւոր վիճակը յոռետեսութեան պատճառ չպէտք է հանդիսանայ: Ընդհակառակը, պէտք է խթան դառնայ կազմակերպուելու, վերարժեւորելու Սփիւռքը, որպէսզի հնարաւոր դառնայ սատարել Հայաստանին` միշտ չմոռանալով, որ մենք Արցախի վտանգուած հարց ունենք: Հարկաւոր է յիշել, որ սովորաբար Հայաստանի անկումներին յաջորդել են հերթական վերելքներն ու բարգաւաճումը, իսկ դրանց յաջողութիւնը մեծապէս կախուած է խելացի եւ իրատեսական ծրագրեր մշակելուց, անսասան կամք, աշխատասիրութիւն եւ նպատակային յամառութիւն դրսեւորելուց: Կարծում եմ, որ բոլորիս համար հէնց դրանք էլ կը լինեն Սփիւռքի տարուայ հիմնական ուղղորդիչները:
ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ, Փրոֆէսոր