top of page
Baikar Blue logo.png

Կ’ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՒ ՅԱՋՈՐԴ ԱՍՈՒԼԻՍ

Չգիտեմ երբ է նախատեսուած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի յաջորդ առցանց ասուլիսը, սակայն դրան պէտք է պատրաստուել նեարդեր հանգստացնող հաբերով արդէն, քանզի` վտանգաւոր ենթատեքստեր պարունակող իր ձեռնածուական խօսքն ապագայի գուժկան է յիշեցնում: Ասուլիս առ ասուլիս Փաշինեանը հանրութեանն է հրամցնում թուրք -ատրպէյճանական շահեր սպասարկող օրակարգ, ասես նպատակ ունենալով շօշափել բազմաշերտ տրամադրութիւններ, փորձարկել ազգի ինքնութեան պաշտպանական իմունիտետը: Տպաւորութիւն է, որ Փաշինեանը կրեմլեան վերեւներից իջեցրած առաջադրանք է փորձում կեանքի կոչել ասուլիսների այս շարքով: Յիշում ենք, թերեւս, Պուտինի "տարօրինակ" շնորհաւորական պատգամը Նիկոլ Փաշինեանին արտահերթ ընտրութիւներից յետոյ, թէ` երկրորդ անգամ վստահութեան մանդատ ունենալով, պէտք է ժողովրդին պատրաստել  ցաւոտ փոխզիջումների:

 

"Արցախի հայկականութեան" անորոշացում, Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան սկզբունքի գերակայում, "Ալիեւն անում է նոյնը, ինչ ժամանակին հայերն են արել"...

Կարծես պատերազմի յանցագործ Ալիեւի վարձած փաստաբանն է խօսում, եւ ո'չ Հայաստանի վարչապետը: Ամէն ինչ բարդելով նախկինից ստացած ծանր դիւանագիտական ժառանգութեան վրայ Փաշինեանը, սակայն, ելքեր չի առաջարկում: Մինչեւ ե՞րբ է կարելի անցեալի լուացքը փռել ամէնքին ի տես, պարանին դնելով սեփական ամրակները: Բացառուած չէ, որ Ատրպէյճանի մշակոյթի նախարարութեան վերջին որոշումը` իր վերահսկողութեան տակ գտնուող շըրջաններում հայկական հետքը վերացնելու մասին, կարող է եւ յղում ունենալ Փաշինեանի ասուլիսում հնչեցրած ատրպէյճանամէտ մտքերին:

 

Փաշինեանն ու նրան խորհուրդ տուած անանուն փորձագէտը գուցէ բերեն փաստեր հայերի մեղքերի մասին, որին Ատրպէյճանը հայելային պատասխան է տուել Սումգայիթով, Պաքուի ջարդերով, Ռամիլ Սաֆարովով եւ հակահայ ցեղապաշտութեան մինչ օրս շարունակուող դրսեւորումներով: Գուցէ մեղաւորութիւ՞ն է պահպանել վանդալիզմից սեփական ինքնութիւնը, լեզուն, հաւատքն ու մշակոյթը, հայոց պատմութեան յարագնայ ընթացքը:

 

Փաշինեանն իր ասուլիսում փաստօրէն փարատեց թուրքական կողմի առայժմ ընդերքային նախապայմաններից` երկուսը, այն է` Հայաստանը հետամուտ չէ Հայ դատին, դա Սփիւռքի պայքարն է եւ Հայաստանը ճանաչել է Թուրքիայի եւ Ատրպէյճանի սահմանները: Այդ դէպքում, ի՞նչ է խորհրդանշում Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթող համալիրն իր թանգարան ինստիտուտով: Ին՞չ է այն, եթէ ոչ` մեր բոլորիս Դատն առ եղեռնագործ յանցանքը մի ժողովրդի դէմ: Եթէ Հայաստանի ղեկավարը յայտնում է, թէ Հայաստանը հետամուտ չէ Հայ դատին, Թուրքիան կարող է, չէ՞, Փաշինեանից պահանջել փակելու Ծիծեռնակաբերդի յուշակոթողը:

 

Այս ասուլիսով Փաշինեանը խորացրեց հայի ու հայի միջեւ բաժանարար գծերը: Եթէ այսպէս գնա, մի օր, մի չարագուշակ օր, հայութիւնը սեւ-սպիտակից զատ, պէտք է դաս-դասուի նաեւ` ցեղասպանութեան ենթակուած նախնիներ ունեցողների եւ չունեցողների միջեւ, ինչը փորձ է արւում ներարկել մարդկանց գիտակցութեան մէջ: Այսինքն, Սփիւռքում ապրողները Հայոց Ցեղասպանութեան սերունդներն են, իսկ Հայաստանի բնակչութիւնը` ո՞չ: Ասէք, Սոդոմն էլ ո՞նց է լինում:

 

Հայաստանը պէտք է առաջին հերթին բարելաւի յարաբերութիւները իր միակ, անդաւաճան ու բնական դաշնակից "երկիր" Սփիւռքի հետ: Եթէ աշխարհում ապրող քո ազգի մի հսկայական հատուածի հետ լեզու չես կարողանում գտնել, ինչպէ՞ս ես յաջողելու օտար երկրների հետ դիւանագիտական կապերը: Փաշինեանի նշանակած Քպ-ական դեսպանները պէտք է սերտացնեն իրենց յարաբերութիւները տեղի հայկական համայնքների հետ, փարատեն տարաձայնութիւնները ու միասնական բռունցք դառնան թշնամական կողմերի դէմ լոբբիստական պայքարում: Յոյժ անհրաժեշտ է Սփիւռքի ներուժի օգտագործման եւ սփիւռքահայերի հայրենադարձման գործում օրէնսդրական խութերի վերացումը, ինչին դեռ երկար ենք սպասելու Սահմանադրական փոփոխութիւնների հարցում առկայ տարաձայնութիւնների պատճառով:

Ցաւալին այն է, որ փորձագիտական շրջանում ոչ դրական, ոչ էլ` բացասական արձագանգ է տրւում Փաշինեանի առցանց ասուլիսներում հնչեցուած մտահոգիչ ուղերձներին: Այսինքն իշխում է անտարբերութիւն ՀՀ վարչապետի ասուլիսային մենախօսութիւնների նկատմամբ: Իշխանութիւնները գնալով մսխում են իրենց վարկանիշը վաղաժամ իշխանափոխութեան համար տրամադրութիւններ հասունացնելով: Ի վերջոյ, մեր հանրութիւնը, յայտնուած` "Ետեւը նախնիներ, առջեւը` Փաշինեան" իրավիճակում, պէտք է կողմնորոշուի մի երրորդ` ազգային, Հայաստանամէտ, առաջադէմ ուժերի շուրջ համախմբման հրամայականում:

 

Յ.Գ.  Ի դէպ, ասուլիսային այս բեմադրութիւններով Փաշինեանը խախտում է լրագրողի ազատ խօսքի դրսեւորման հնարաւորութիւնները: Նա խուսափում է լրագրողների հետ կենդանի ասուլիս վարելու ձեւաչափից, գիտակցելով, որ լրագրողի ճշտող հարցերն ու հակափաստարկներն իր թշնամահաճոյ խօսքի վերաբերեալ, կարող են բորբոքել հանրային դժգոհութիւններ:

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Նիւ Եորք

bottom of page